ՄշակույթՑեղասպանություն 100

Թուրքիայում ցեղասպանությունից փրկված դերսիմցի հայերի կյանքի մասին ֆիլմ է նկարահանվել

Թուրքիայում վավերագրական ֆիլմ է նկարահանվել Հայոց ցեղասպանությունից փրկված դերսիմցի հայերի մասին, որոնց զգալի մասը կոտորվեց 1937-1938 թթ. Դերսիմի կոտորածների ժամանակ, ողջ մնացածներն էլ թուրքացվեցին ու մահմեդականացվեցին:

«ermenihaber»-ի փոխանցմամբ, «Վանքի երեխաները» (Vank’ın Çocukları) անվանումով ֆիլմի ռեժիսորը ծնունդով դերսիմցի Նեզահաթ Գյունդողանն է:

Ֆիլմի անոնսի տեքստում ասվում է, որ ստեղծագործական անձնակազմը նկարահանումներց առաջ Դերսիմի կոտորածներից հետո պետության կողմից բռնի թուրքացման ու մուսուլմանացման հետևանքով իրենց արմատից կտրված հայերին գտնելու ու նրանց պատմությունները վեր հանելու համար բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Դերսիմում, Քոնիայում, Ստամբուլում, Իզմիրում և Բոլուում:

Նշվում է, որ այդ աշխատանքների շնորհիվ բազմաթիվ փաստեր են հավաքվել կոտորածներից հետո ողջ մնացած դերսիմցի հայ երեխաների վերաբերյալ, որոնց նախ թուրքական անուններ են տրվել, այնուհետև նրանց ստիպել են մահմեդականություն ընդունել:

Իրենց արմատներից կտրված դերսիմցիներից բացի ֆիլմում անդրադարձ կա նաև 1915-ից հետո այդտեղ գործած միակ հայկական Հալվորի Սբ. Կարապետ վանքի մասին, որի վանահայրը 1937-ին ձերբակալվում է և գյուղի մյուս հայերի ու ալևիների հետ սպանվում: Իսկ եկեղեցին պետության կողմից ամբողջությամբ ավերվում է 1938 թ.-ին:

«Վանքի երեխաները» ֆիլմի պրեմիերան կկայանա փետրվարի 9-ին Ստամբուլի Բեյօղլու կինոթատրոնում:

Ցուցադրել ավելի
Back to top button