Քաղաքական

Այսօր էլ առաջադրումներ չեղան


8 օր է մնացել՝  խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի եւ դաշինքների կողմից ԿԸՀ-ին համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու համար: Այսօրվա դրությամբ, սակայն, դեռ որեւէ քաղաքական ուժ կամ դաշինք ԿԸՀ փաստաթուղթ չի ներկայացրել: Նախընտրական գործընթացների խմորումները շարունակվում են, իսկ հիմնական ինտրիգը դաշինքների ձեւավորման ու թեկնածուների ցուցակների հետ է կապված: Քաղաքական ուժերն ու հնարավոր դաշինքները չեն շտապում հստակեցումներ մտցնել այդ հարցերում: Որոշ դեպքերում էլ՝ նախապես արված հայտարարություններն են, այսպես ասած, անվավեր ճանաչվում ու բանակցություններն առկախվում:

 

Խորհրդարանական ընտրություններին մասնակցության առումով Հանրապետական կուսակցությունը վաղն իր Գործադիր մարմնի նիստում որոշակի հստակեցումներ կանի: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման  ժամանակ ասաց հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ նշելով, որ ցուցակների ամբողջական հստակեցումների սպասել, սակայն, առայժ պետք չէ:

«Մենք ժամկետի մեջ, Ընտրական օրենսգիրքն այդ ժամկետը սահմանել է փետրվարի 6-16-ը, բոլոր քայլերը՝ մեր քննակումները, գործընթացները կկազմակերպենք, եւ հանրությունը դրա մասին, իսկապես, կտեղեկանա: Այս պահին դեռ որեւէ բան չկա»:

Յուրաքանչյուրն, իհարկե, իր տարածքում, որտեղ ունի ուժեր չափելու հնարավորություն, որոշակի աշխատանքներ տանում է՝ հասկանալու համար հնարավորության սահմանը՝ հավելեց հանրապետական պատգամավորը: Դա, բնականաբար, պաշտոնական բնույթ չի կրում: Մենք ԸՕ-ի բոլոր նորմերն ու կանոնները պահպանում ենք՝ շեշտեց  Հովհաննես Սահակյանը: Քարոզարշավի մեկնարկն էլ կտան, երբ պաշտոնապես հայտարարվի դրա սկիզբը:

Ո՞վ կգլխավորի Հանրապետականի ցուցակը, կա՞ արդյոք նախնական տարբերակ՝ հետաքրքրվեցին լրագրողները: Հանրապետական պատգամավորի խոսքով՝ նախնական ցուցակ կա, թե՝ ոչ էական չէ, իսկ հանրությանը հետաքրքրող բոլոր այդ հարցերի պատասխանները, այդ թվում՝ թե ո՞վ կգլխավորի կուսակցության նախընտրական շտաբը, ինչպիսի՞ մարտավարություն ու ռազմավարություն է որդեգրվել՝ կհրապարակվի համապատասխան ժամկետների մեջ: Մինչ այդ.«Քննարկումներն էս պահին շարունակվում են: Մոտեցումները դեռեւս վերջնական չեն եւ հստակ չեն: Դրա համար էլ՝ այդ մասին իմ կողմից հայտարարություն անելը ճիշտ չէ»:

Մի բան հստակ է՝ ՀՀԿ-ն ընտրություների գնալու է միայնակ եւ կուսակցությունն այս պահին դաշինք կազմելու տրամադրություն եւ մտադրություն չունի ու ճիշտ էլ չի համարում՝ եզրափակեց Հովհաննես Սահակյանը:

Դաշինքաստեղծ տրամադրություն ունեցող ուժերի մոտ էլ, կարծես թե, ամեն ինչ չէ, որ հարթ ու հստակ է ընթանում: Խմորումները շարունակվում են վայրիվերիումներով: Օրինակ՝ Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան-Արամ Սարգսյան դաշինքին միանալու ցանկություն հայտնած ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ դժգոհեց, որ անգամ դաշինքի անվանակոչությունն է ուշանում,  շատ դանդաղ է ամեն ինչ ընթանում, ինչը վկայում է բավարար պատասխանատվության բացակայության մասին:

Ովքեր դաշինքին միանալու ցանկություն են հայտնում՝ ընդունվում է ի գիտություն: Ի պատասխան՝ դաշինքի հայտարարության մասին հիշեցրեց հիշյալ դաշինքի ուժերից մեկի՝ «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:

Ձգձգվում է նաեւ Գագիկ Ծառուկյանի շուրջ նախընտրական դաշինքի ձեւավորումը: Որոշ քաղաքական ուժեր, օրինակ՝ ՌԱԿ-ը, ՍԴՀԿ-ն, Վերակազմյալ ՍԴՀԿ-ն, ՀՀՇ-ն հայտարարել էին, որ միանալու են այս դաշինքին, մինչդեռ, ավելի ուշ պարզվեց, որ  ոմանց դեպքում՝ համագործակցությունն առկախվում է, ոմանց դեպքում էլ՝ այդ հարցում խնդիրներ կան: Այսինքն, չի բացառվում, որ Ծառուկյանի շուրջ դաշինքը նախապես սպասվածից ավելի փոքրաթիվ կլինի: Այս դաշինքի հետ կապված հարցերի պատասխանը կստանանք փետրվարի 10-ին: Արդեն հայտարարվել է, որ հենց այդ օրը կստորագրվի դաշինքի մասին պայմանագիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button