Քաղաքական

Վերահրատարակվել է Լևոն Մելիք-Շահնազարյանի «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ» գիրքը

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի ծննդյան օրվա առիթով նրա որդին՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հանրությանն է ներկայացրել իր հոր «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ» գրքի վերահրատարակությունը։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել էր 20 տարի առաջ: Այնտեղ փաստեր են, ստույգ տեղեկություններ արցախյան գոյապայքարի տարիներին ադրբեջանցիների իրագործած ոճրագործությունների մասին:

Հրանտ Մելիք- Շահնազարյանը խոստացավ տանն ունեցած փաստաթղթերը հանձնել պետական արխիվին իրենց ընտանիքի կողմից որպես նվեր:

Քաղաքագետի մարտական ընկեր, Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ հայտնի Կոմանդոսը, դրվագներ պատմեց մարտի դաշտում Լևոն Մելիք Շահնազարյանի վճռական առաջարկների մասին, որոնք ճակատագրական են եղել ու հաղթանակներ ապահովել։ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման պատիվը հենց Լևոն Մելիք-Շահնազազրյանին է պատկանում ՝ ասաց՝ հուզված պատմելով գյուղի ազատագրման մասին:

«Տողի բնակչությանը  պաշտպանելու համար ինձ և իմ  ջոկատը Սերժ Սարգսյանն ուղարկեց Հադրութ: Երբ  տեղ հասանք՝ տեսա, որ մեր կողմից գյուղը պաշտպանում է մեկ հոգի՝ մեկ ատրճանակով։ Սակայն ադրբեջանական կողմում խորհրդային զորքն էր 200 մարդ, նաեւ ադրբեջանցի 50 ՕՄՕՆ- ականներ։ Այդ ժամանակ Լևոն Մելիք-Շահնազարյանն արեց մի առաջարկ, որը  զինվորական երկու բարձրագույն կրթություն ունեցողիս համար տարօրինակ էր: Ես չհասկացա նրան, նա ասում էր ոչ թե պետք է պաշտպանել գյուղը, այլ՝ ազատագրել: Չէի հասկանում, թե ինչպես կարող էինք ազատագրել, երբ հակառակորդ կողմում 200 զինվորներ էին: Նա սկսեց երկխոսություն հակառակ կողմում գտնվող զինվորների հետ, ուզբեկերեն  մի քանի նախադասություն ասաց, հետո այդ ուզբեկները վազեցին իրենց կողմն ու սկսեցին գոռալ, թե հայկական կողմում է գտնվում իրենց հայրենակիցը: Ու այդպիսով՝ հարցը լուծվեց: Մի քանի գյուղեր ազատագրեց հայկական կողմը»:

Կոմանդոսն այս մոտեցումը կիրառելի է համարում նաև այսօր: Պաշտպանվել պետք չէ, ազատագրել է հարկավոր՝ ասաց՝ չբացելով փակագծերը: Չպետք է ցույց տալ թուլությունը, քաջությունն է հաղթում, նշեց:

Կոմանդոսի այս պատմությունը եւս մեկ անգամ գալիս է հաստատելու հայկական ասածվածքը՝ թշնամու լեզուն պետք է լավ իմանալ։ Եվ ահա այս նպատակին է նվիրված այսօր ընթերցողի սեղանին դրված «Ռազմական և  հարակից տերմինների ադրբեջաներեն- հայերեն և  հայերեն- ադրբեջաներեն բառարանը»։ Նախորդ տարի սկսված բառարանակազմման աշխատանքներն արդեն ավարտված են ու նվիրված են սահմանները պաշտպանած զինծառայողներին ու աշխարհազորայիններին:

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ղարաբաղյան հակամարտություն ունեցող երկրի համար այս բառարանը խիստ կարևոր է համարում: Նա նշեց, որ, որ բաց աղբյուրներից տեղեկություն չունեն՝ արդյոք Ադրբեջանն ունի նմանատիպ բառարան, բայց չբացառեց, որ իրենց ՊՆ-ն կամ անվտանգության մարմինները կարող են ունենալ ներքին ծառայողական օգտագործման համար նման բառարան։

Առաջիկայում նախատեսվում է կազմել նաև հայերեն-ադրբեջաներեն-թուրքերեն եռալեզու բառարան:

Ցուցադրել ավելի
Back to top button