Քաղաքական

ՌԱԿ-ում կռիվ է ընկել

Ռամկավար-ազատական կուսակցությունում կռիվ է ընկել։ Պատճառը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններն են։ ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանն ու կուսակցության կենտրոնական վարչության  անդամ, փոխատենապետ Լևոն Բլխյանը հրապարակավ էին փորձում պարզել, թե ով է իրական ռամկավարը։

Կռիվն սկսվեց այն պահից, երբ Հակոբ Ավետիքյանի ղեկավարած կուսակցությունը, որը հանդես է գալիս որպես ՌԱԿ կենտրոնական վարչություն, հայտարարեց Ծառուկյանի դաշինքին միանալու մասին։ Առաջին հայացքից  սա դիտարկվեց հերթական քաղաքական  հայտարություն, սակայն դա միայն  առաջին հայացքից։ Պարզվում է, որ Հակոբ Ավետիքյանի ղեկավարած Ռամկավար ազատական կուսակցությունն իրավունք  չունի հայտարարություններ հնչեցնել սփյուռքահայ կառույցի՝ ՌԱԿ կենտրոնական վարչության անունից:

Մենք Հայաստանի ներքին խնդիրներին չենք միջամտում և տեղական ՌԱԿ-ի որոշելիքն է՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ, ում հետ գործակցել՝ այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեցին փոխատենապետ Լևոն Բլխյանը և խորհրդական Ալեքսան Գարատանյանը: Լևոն Բլխյանն ասաց, որ ավանդական ՌԱԿ-ը Հայաստանում ներկայացվող քաղաքական կառույց չունի, իսկ դրա անվան տակ հանդես եկող ուժը, որը հայտարարել է, թե մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ուղեգծից շեղվել է:

Կուսակցության 19 շրջանակներից միայն 3-ն են, որ կողմ են արտահայտվել ՀՌԱԿ-ին աջակցելու հարցում՝ ասում  էին բանախոսները։ Հենց այստեղ էլ  ասուլիսը  ստացավ բոլորովին այլ  ընթացք:

Ներս մտավ ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը, ով հրավիրված չէր ասուլիսին, ասաց, որ  ինքն է ներկայացնում Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը և շուրջ 3 ամիս առաջ «Կուսակցությունների մասին» օրենքով գործունեություն ծավալելու պաշտոնական թույլտվություն է ստացել,  ու  գրանցվել է որպես կենտրոնական վարչություն: Հենց այստեղ սկսվեց հիմնական բանավեճը՝ ո՞վ է իսկական ՌԱԿ- ը թեմայով:

Հակոբ Ավետիքյանն այլևս  չցանկացավ խոսել կուսակցության ներսում տեղի ունեցող խմորումների մասին, այլ միայն նշեց, որ Ռամկավար ազատական կուսակցության Սփյուռքի կառույցներին ոտքի է  հանել Հայաստանի իշխանությունը, որպեսզի դրանք դուրս գան Հայաստանի ռամկավարների դեմ և թույլ չտան միանալ ընդդիմադիր որևէ ուժի, այս դեպքում` «Ծառուկյան դաշինքին»:

Հակոբ Ավետիքյանը հայտարարեց, որ խնդիրը Ծառուկյան դաշինքին միանալու իր հայտարարությունն է:  Բլխյանը հակադարձեց. «Հանուն Հայաստանի, վարչախմբի հետ գործակցենք, որ ժողովուրդը օգտվի»։

ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանն էլ  խոստացավ առաջիկա օրերին հանդես գալ մամուլի ասուլիսով և վերջնականապես պարզաբանել իրավիճակը: Ասաց ու հեռացավ ասուլիսի սրահից։ Սակայն ավանդական կուսակցության ներկայացուցիչները  շարունակեցին ասուլիսը՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ իրենք չեն ցանկանում խառնվել Հայաստանի ներքին քաղաքականությանը, պարզապես մեկ անգամ ևս շեշտում են, որ Հայաստանում  գործող ՌԱԿ- ը չի կարող հանդես գալ իրենց անունից:

Ցուցադրել ավելի
Back to top button