Մշակույթ

Մենք մեծ հաճույքով ոչնչացնում ենք Երեւանի մասնիկները․Մարկ Գրիգորյան


«Մեզ անհրաժեշտ են օրենքներ, որոնք կսահմանափակեն շենքի սեփականատիրոջ իրավունքները, երբ խոսքը վերաբերում է պատմաճարտարապետական արժեքին»: Լրագրող, դասախոս, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը՝ կրտսեր Մարկ Գրիգորյանն ահազանգում է ոչնչացման վտանգի տակ հայտնված երևանյան նոր հասցեի մասին. Պուշկինի 2: Այս տանն ապրել է Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին: Մարկ Գրիգորյանը համոզված է՝ պատմական այս փաստը բավարար է, որ հիշյալ հասցեում գտնվող շենքը պահպանվի և ուշադրության արժանանա:

Հունվարի 29-ին  Արամ Մանուկյան 9 հասցեում մշակույթի նախարարության նախաձեռնած ակցիան կոնկրետ նպատակ ուներ՝ հանրության ուշադրությունը սևեռել Արամ Մանուկյանի տան ու պատմամշակութային այլ հուշարձանների պահպանության խնդրին։ Նշենք, որ շենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում է: Ակցիայի կազմակերպիչների ցանկությունն է՝ ոչ միայն օրենքով պահպանել շենքը, այլև հասարակության շրջանում որոշակի տրամադրություններ ստեղծելով։

«Եթե Արամ Մանուկյանի տան մասին հանությունը քիչ թե շատ տեղեկացված է՝ շնորհիվ նաև կիսանաքանդ շենքին փակցված փոքրիկ հուշատախտակի, ապա Պուշկինի երկու հասցեում գտնվող Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու տան մասին մարդիկ գրեթե  ոչինչ չգիտեն»,-ասում է լրագրող Մարկ Գրիգորյանը, ում խորին համոզմամբ, եթե անգամ ոչ ճարտարապետական, ապա պատմական տեսանկյունից երկրորդն ավելի պակաս արժեք չի ներկայացնում:

Վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Հովհաննես Քաջազնունին զբաղվել է իր բուն մասնագիտությամբ՝ ճարտարապետությամբ: Մարկ Գրիգորյանի տեղեկություններով նա մասնակցել է անգամ Օպերային թատրոնի  շենքի մրցույթին և ստացել 3-րդ կամ 4-րդ մրցանակը, բայց հիշյալ մրցույթին ներկայացված նախագծերը, ցավոք,  չեն պահպանվել: «Երևանում այսօր չի պահպանվել ճարտարապետ Քաջազնունու նախագծով կառուցած որևէ շինություն: Այսինքն՝ մենք չենք կարող ասել, որ նա սա է կառուցել կամ այսպես է կառուցել, բայց փոխարենը կարող ենք ասել՝ Քաջազնունի քաղաքական գործիչը հսկայական դեր է խաղացել Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման և կայացման մեջ»,-ասում է Գրիգորյանը:

«Եկեք քանդենք ու կառուցենք ավելի վատ շենք»։

«Քանդելով հինը փոխարենը մենք այսօր կառուցում ենք ավելի վատ շենքեր», Մարկ Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանում ճարտարապետությունն այսօր ապրում է ծանր ճգնաժամ, որից չի կարողանում դուրս գալ, ուստի այն պետք է ժամանակավորապես մի կողմ թողնել ու մտածել պատմաճարտարապետական արժեքների պահպանման մասին։ Պետք է սթափ նայել պատմությանը. Գրիգորյանի հորդորն է:

Նկատենք, որ շենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում չէ, այն օտարվել է և ունի սեփականատեր: Ըստ Մարկ Գրիգորյանի՝ մեզ անհրաժեշտ են օրենքներ, որոնք կսահմանափակեն սեփականատիրոջ իրավունքները, երբ խոսքը վերաբերում է պատմաճարտարապետական արժեքին: Նման օրենք ընդունելու համար, ըստ Գրիգորյանի, այսօր առնվազն մեկ խիստ հիմնավոր պատճառ կա. Երևանի կենտրոնում քանդելու բան այլևս չի մնացել։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button