Հասարակություն

Հիփոթեկային խնդիրները՝ օրենսդիրների քննարկման առանցքում


Խորհրդարանն այսօր քվեարկել է երեկ քննարկված հարցերը: Առանց դեմ ու ձեռնպահ ձայների,  միայն կողմ քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել են Քրեական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող երկու նախագծերը: Իսկ այսօրվա քննարկումների առանցքում եղել են հիփոթեքային վարկավորման խնդիրները: Որքանով են մատչելի հիփոթեքային վարկերը , ովքեր են կարողանում օգտվել դրանցից , ինչու են դանդաղ նվազում տոկոսադրույքները. այս ու այլ հարցեր այսօր ուղղվել են օրենսդրական փաթեթը խորհրդարանում ներկայացնող ԿԲ փոխնախագահին: Սուր հարցեր, ի դեպ, հնչել են ոչ միայն ընդդիմության, այլ նաև մեծամասնության շարքերից:

Կառավարությունը որոշել է կարգավորել հիփոթեքային վարկավորման  ոլորտում գործող կանոնները, հստակեցնել այն իրավահարաբերությունները, որոնցով քաղաքացին ու բանկը հիփոթեքային վարկավորման պայմանագիր են կնքում: Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն ասում է՝  նպատակը հիփոթեքային վարկեր ստացող անձանց իրավունքներն ու շահերը պաշտպանելն է:

Օրենքով կարգավորվում են վարկերի վաղաժամկետ մարման պայմանները, ամրագրվում է, որ քաղաքացին գրավը տեղաշարժելու,  իր վարկը մի բանկից մեկ այլ բանկ տեղափոխելու իրավունք ունի: Հեղինակներն ասում են, որ այս կարգավորումներից  հետո բանկերն այլևս  հնարավորություն չեն ունենա հեռացողների վարկատերերի նկատմամաբ  տույժեր կիրառել: Ժամանականյին սահմանափակում, սակայն,  կա:

«Երեք տարվա ժամանակահատված է դրված, երեք տարուց հետո որևէ տույժ տուգանք չի կարող կիրառվել»:

Այն դրույթին, որ քաղաքացին իր հիփոթեքն  այլ բանկ տեղափոխելու ազատություն կունենա,  պատգամավորները չեն առարկում, բայց նաև զարմանում են՝ այդ մեխամիզմը դաշտում  վաղուց արդեն կիրառվում է շատ բանկերի կողմից:  Այսինքն, ԿԲ-ն ոչ թե նոր բան է առաջարկում, այլ պարզապես օրենքով սահմանում է արդեն գործող կանոնը: Ու բացի դրանից՝ մարդկանց հիփոթեքի մասին ոչ թե այս կանոնները, այլ տոկոսներն են միայն հետաքրքում, իսկ դրանք առայժմ մատչելի չեն՝ ասում է ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը:

«Երիտասարդ ընտանիքների մեծ մասը չի կարողանում այդ հիփոթեքներից օգտվել, որոնք դրանք մատչելի չեն»:

ԿԲ ներկայացուցչի խոսքով՝  ընդհանուր հիփոթեքային պորտֆելը 400 մլն դոլար է, ծավալն աճում է տարեցտարի,  վարկերը ոչ միայն  աճում   են, այլ նաև  կայունանում: Ինչ վերաբերում է հիմնական հարցին՝ տոկոսադրույքներին, ապա ԿԲ ներկայացուցիչը դրանց նվազում այս օրենքով չի խոստանում, բայց և նկատում է, որ տնտեսական իրավիճակին համահունչ տոկոսներ են գործում:

Հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները տարբեր են, բայց գործող 10-12 տոկոս միջին տոկոսադրույքն, ըստ Երիցյանի,  համադրելի է ԱՊՀ երկրների ցուցանիշների հետ: Իսկ համեմատությունը զարգացած երկրների հետ, նրա կարծիքով, տեղին չէ: Ի դեպ, այդ տոկոսադրույքները ԿԲ փոխնախագահին հիշեցրեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Վահրամ Բաղդարասրայնը կոնկրետ առաջարկով դիմեց ԿԲ փոխնախագահին:

«Փորձի համար ես վաղը ձեզ երիտասարդ, նորաստեղծ ընտանիքներից 10 հոգու ցուցակ պետք է ուղարկեմ, որոնք ունեն սոցիալական լուրջ խնդիրներ, և պետք է հետևողական լինեմ, որ այդ ընտանիքներին 6-7 տոկոսով տրամադրվի հիպոթեքային վարկ, դուք պատրա՞ստ եք այդ հարցը լուծելու»։

Ի պատասխան Ն. Երիցյանն ասաց. «Ես պատրաստ եմ ձեզ հետ  աշխատել»:

«Ներողություն, ես չեմ ավարտել։ Դուք բանկերի հետ աշխատեք, իմ հետ մի աշխատեք։ Եթե համաձայն եք, ապա վաղը փորձնական ուղարկեմ այդ 10 հոգու ցանկը»։

Թե ինչ ընթացք է հնարավոր տալ  ՀՀԿ խմբակցության ղեկավարի առաջարկին, ԿԲ փոխնախագահն ամբիոնից չասաց, բայց   մեկ անգամ ևս կրկնեց՝ ԿԲ-ն ընդհանուր քաղաքականություն է իրականացնում, ադմինիստրատիվ լծակներ՝ տոկոսներ իջեցնելու կամ բանկերին պարտադրելու դա անել,  չունի։

Ցուցադրել ավելի
Back to top button