Քաղաքական

Ուզում եմ դառնալ պատգամավոր՝ ասում է նախկին պատգամավոր Անահիտ Բախշյան


Ժառանգություն կուսակցությունից հեռացած Անահիտ Բախշյանն այս փուլում համակրում է Ազատ դեմոկրատներին եւ առաջիկա ընտրություններին կմասնակցի այդ կուսակցության ցուցակով: Ժառանգությունից հեռանալու պատճառների մասին նա այսօր չի ցանկացել խոսել՝ շեշտելով միայն, որ այդ մասին արդեն բավականին խոսել է եւ կուսակցությունում այսօր տեղի ունեցող ալեբախումներն իր համար հասկանալի չեն: Անահիտ Բախշյանը նկատել է, որ ընտրություններին ընդհառաջ այսօրվա միավորումներում որոշակի արհեստական բաներ էլ կան, որոնք, սակայն, անխուսափելի են, քանի դեռ, Բախշյանի ձեւակերպմամբ, երկրում չունենք ավելի գրագետ ու քաղաքակիրթ ընտրական մշակույթ: Քաղաքակիրթ մրցապայքարի կողմնակից է նաեւ Հայկական վերածնունդը: Կուսակցության մամուլի պատասխանատու Էդգար Առաքելյանն այսօր վստահեցրել է, թե իրենք ընդդիմադիր են ու գործելու են ընդդիմադիր դաշտում: Ընտրություններին էլ, ամենայն հավանականությամբ, միայնակ կմասնակցեն:

 

Ինչու՞ Ազատ դեմոկրատներ: Ժառանգությունից հեռացած Անահիտ Բախշյանի խոսքով՝ այդ կուսակցության սկզբունքային գիծն իրեն հարազատ է: Հայաստանի ինքնիշխանության պահպանելը, իրավական պետության տեսլականը, ժողովրդական արժեքներ, եվրոպամետ պետությունների մոդել եւ մարդու իրավունքներ – սրանք են այդ կուսակցության դավանած արժեքները, որոնք Անահիտ Բախշյանը համարում է իր սեփականը, հետեւաբար՝ համոզված է, որ ինքն այդ առումով մնում է տեղում: Մինչդեռ՝ ինչ կատարվեց Ժառանգության հետ, մեկ օրում չեղավ.

«Այսօրվա ալեբախումները, որ տեղի են ունենում Ժառանգությունում ինձ հասկանալի չեն լրիվ: Ես մնացել եմ, փաստորեն, իմ տեղում: ԱԴ-ն ինձ համախոհ կուսակցություն է, դրա համար ես ընդունել եմ հրավերը եւ, չեմ թաքցնում, ուզում եմ դառնալ պատգամավոր»:

Անահիտ Բախշյանի համար հասկանալի չէ  ընտրություններին անպայման դաշինքով գնալու Ժառանգության վարչության որոշումը, առավել եւս, որ բանակցություններ տարվում են «Ելք»-ի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Մյուսներից տարբերվելն այսօր հեշտ չէ, բայց այն ոլորտը, որտեղ քաղաքական գիծ է սպասարկելու՝ կրթությունն է, որտեղ գիտե ամեն ինչ եւ գործել է մինչ օրս՝ ասաց Անահիտ Բախշյանը: Մնացածի մասին ավելին կխոսի՝ երբ գա դրա օրը՝ հավելեց նա:

Թեեւ այսօրվանից մեկնարկեց ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը, այդուհանդերձ, դաշինքաստեղծման գործընթացն առայժմ ավարտված չէ: Շատ կուսակցություններ դեռ չեն հստակեցրել ընտրություններին մասնակցության ձեւաչափը, ոմանք էլ շարունակում են բանակցել: Երեկ լուր տարածվեց, որ ՌԱԿ-ը  միանալու է Ծառուկյան դաշինքին: ՌԱԿ փոխատնեպետ Արմեն Մանվելյանը մեզ հետ զրույցում փոխանցեց հետեւյալը.

«Մենք գտնվում ենք քննարկումների եւ բանակցությունների փուլում: Դեռ հստակեցված չէ եւ վերջնական որոշում չկա: Կհստակեցվի, հավանաբար, առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում»:

Սկզբունքների հստակեցման եւ փոխադարձ համաձայնություններից հետո՝ որոշում կկայացվի՝ ասաց ՌԱԿ փոխատենապետը:

Հստակեցումները հիմնականում ավարտել է Հայկական վերածնունդ կուսակցությունը: Կուսակցության մամուլի պատասխանատու Էդգար Առաքելյանի փոխանցմամբ՝ իրենք ընտրություններում ներկայանալու են իրենց թիմով: Նրա բնութագրմամբ՝ կուռ եւ կազմակերպված: Ամենայն հավանականությամբ ընտրություններին Հայկական վերածնունդը միայնակ, սեփական ցուցակով կմասնակցի, բայց՝ չի բացառում որոշակի համագործակցություն քաղաքական ուժերի հետ: Այս պահին Ծրագիրն է կազմվում: Խոստանում են ներկայացնել հետաքրքիր ծրագիր, որտեղ կլինեն նոր գաղափարներ տարբեր ոլորտների խնդիրների լուծման վերաբերյալ:

«Մեր կուսակցության պլատֆորմը միշտ եղել է սոցիալական ուղղվածության հատկապես եւ այս անգամ էլ այդպես կլինի. Խնդիրներ, ծրագրեր, որոնք մենք դնելու ենք մեր առջեւ եւ, մեր հաջողության դեպքում, այդ ծրագրերը կյանքի ենք կոչելու»:

Այսօրվա նախընտրական գործընթացները՝ ցուցակների ճշտում, թեկնածուների վերջնական հաստատում, բնականոն գործընթացներ են, իսկ փետրվարի 11-ի համագումարում Հայկական վերածնունդը շատ հարցերի պատասխանները կտա՝ ասաց կուսակցության մամուլի պատասխանատուն: Նա շեշտեց, թե ընդդիմություն են եւ այդ դաշտում են գործելու: Նման վստահցումներին Անահիտ Բախշյանը չի հավատում: Միայն ինձ եմ հավատում՝ ասաց: Հակադարձելով տեսակետին, թե Հայկական վերածնունդն ընտրությունների է գնում, որ հետընտրական կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ՝ կայուն մեծամասնություն չունենալու դեպքում՝ կուսակցության մամուլի պատասխանատուն Էդգար Առաքելյանը շեշտեց, թե քաղաքական ուժերի հետ կոալիցիա կկազմեն, եթե դա լինի իրական կոալիցիա, եւ Հայկական վերածնունդն էլ  իրական ազդեցություն ունենա որոշումների վրա:

«Եվ առանց Հայկական վերածնունդ կուսակցության կարծիքը կամ քվեն հաշվի առնելու՝ իրենք չեն կարող որոշում կայացնել մեր երկրում կարեւոր հարցեր լուծելու համար»:

Ընտրությունները մրցակցություն են եւ բանախոսների միակ ցանկությունն է, որ այդ մրցապայքարն անցնի քաղաքականապես առողջ եւ գրագետ, այլ ոչ թե՝ մեկը մյուսի վրա ցեխ շպրտելու կամ փնովելու մրցակցություն: Անահիտ Բախշյանը փնովելը բնական է համարում, սակայն, կարեւորում է, թե ինչ բառապաշարով, քանի որ հենց այդ բառապաշարն է տեղափոխվելու ապագա խորհրդարան: Նա կոչ արեց ընտրողներին՝ հատկապես այդ հարցին ուշադրություն դարձնել:

Ցուցադրել ավելի
Back to top button