Հասարակություն

Ճանապարհի սառցաշերտը՝ վթարի պատճառ


Մինչ պատկան մարմիններն ու համապատասխան ընկերությունները հավաստիացնում են, թե ճանապարհները մաքրում են ձնից, գրեթե  ամեն օր վթարներ են տեղի ունենում հենց նույն մերկասառույցի պատճառով: Հերթականը տեղի է ունեցել այսօր : Նույն ավտոճանապարհին վթարի է ենթարկվել ոչ միայն Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի մեքենան, այլև մարդատար ավտոբուսը, որը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

 
Գործընկերս՝ Հասմիկ Դիլանյանը, մեկն է այն ավտոբուսի ուղևորներից, որն այսօր առավոտյան Երևան-Արարատ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հատկանշական է, որ Հասմիկի համար այդ վթարը այնքան էլ անսպասելի չէր:

Մերկասառույցը լուրջ գլխացավանք է հատկապես վարորդների համար, և այս դեպքում էական չէ անվադողերը ձմեռային են, թե՝ ոչ՝  «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Ի դեպ՝ այս առումով ոչ միայն միջքաղաքային ավտոճանապարհներն են վտանգավոր, այլև Երևանում է երթևեկությունը բավականին լուրջ խնդիր դարձել: Մերկասառույցի պատճառով անգամ մայթեզրին մոտենալն է մեծ դժվարություն առաջացնում:

Համաձայնեք, որ նման պայմաններում ոչ բոլորը կհամաձայնեն ամեն օր երթուղի դուրս գալ: Սակայն պարզվում է՝ մերկասառույցի և երթևեկության էքստրեմալ պայմաններից բացի հասարակական տրանսպորտի վարորդները նաև ֆինանսապես են տուժողի դերում: Ոչ միայն նախկինում եղած ծախսերը չեն պակասել, այլև օր օրի դրանք ավելի են մեծանում: Այժմ էլ դեզվառելիքն է թանկացել՝ դժգոհությամբ նկատում է «ԻՍԱՎ» ՍՊԸ տնօրեն Պատվական Միհրանյանը:

Եթե պատկան մարմինները խնդրին հրատապ լուծում չտան, փակվող երթուղիների թիվը կշարունակի աճել՝ ասում են ուղեւորափոխադրողները։

Ցուցադրել ավելի
Back to top button