Մշակույթ

Մշակույթի կապիտալիզացիայի տրամաբանությամբ. նախարար Ամիրյանի բացառիկ հարցազրույցը

Ներդրումային 14 ծրագիր՝ մշակույթի կապիտալիզացիայի  տրամաբանությամբ: <<Ռադիոլուրին>> տված բացառիկ հարցազրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հստակ թվերով, ժամկետներով ներկայացրել է  մշակույթի ոլորտում սպասվող նորույթներն ու  բարեփոխումները 2017- ին:  

Շուրջ չորս ամիս մշակույթի նախարարությունում քննարկվում էր ոլորտում տնտեսական բաղադրիչի ավելացման կամ, նախարար Ամիրյանի բնորոշմամբ, մշակույթի կապիտալիզացիայի խնդիրը, ինչը  ենթադրում է ներդրումների ակտիվ հոսք ինչպես պետության, այնպես էլ մասնավորի կողմից: <<Այս պահի դրությամբ արդեն սեղանին է 14 ներդրումային ծրագիր՝ մեծ մասը հստակեցված գումարային արտահայտությամբ, ժամկետներով ու ներդրողների ցանկով>>,- ասում է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ ներկայացնելով մշակույթի ոլորտում 2017-ին իրականացվելիք կարևորագույն նախաձեռնությունների ցանկը:

<<Առաջին և ամենակարևոր քայլը՝ պետական ենթակայության մշակութային կառույցների, այսինքն՝ թատերահամերգային սրահների  տոմսերի վաճառքի միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծում: Խոսքը վերաբերում է տարեկան շուրջ մեկ միլիարդ դրամ տոմսաշրջանառությանը: Վստահ ենք, որ համակարգի ներդրումը  հնարավորություն կտա առավել  արդյունավետ դարձնել կառավարումը  և բացառել ստվերի մասին խոսակցությունները: Ծրագիրն իրականացնելու համար հայտարարվել է մրցույթ: Ներդրումների ծավալը շուրջ 150 միլիոն  դրամ է: Մասնավոր ներդրողն իր եկամուտը կարող է ակնկալել արդեն տոկոսների տեսքով >>:

Ներդրումներ պահանջող հետաքրքիր ու կարևոր նախաձեռնություններից է Գյումրիի մշակույթի կենտրոնի ստեղծումը:  Քաղաքի Աճեմյան 25 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող երկհարկանի շենքում առաջիկայում կգործեն   երկրագիտական թանգարանն ու Գյումրիի ազգային  պատկերասրահը: Սա <<Մեր մանկության տանգոն>> ֆիլմի <<վառեմ մարեմի>> պատշգամբով հայտնի շենքի շուրջ մեկ միլիոն դոլար ներդրում պահանջող վերանորոգման նախագիծն է, որն արդեն պատրաստ  է: Այս ծրագրի մրցույթը ևս կհայտարարվի առաջիկայում: Տարվա առանցքային նախաձեռնություններից է գրահրատարակչության ոլորտի աշխուժացումը: Գրախանութ-սրճարաններ ստեղծելու գաղափարը  տեսականից գործնականի վերածելու նպատակով Ազգային գրադարանի բակի տարածքում իրականացվում է պիլոտային ծրագիր: 3 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի մրցույթը ևս կհայտարարվի առաջիկայում։

<<Չափազանց կարևորում ենք  լուսանկարչական թանգարանի ստեղծումը՝ Արա Գյուլերի Հայաստանին նվիրաբերած շուրջ 150 լուսանկարների բազայի հիման վրա: Ակնկալում ենք նաև լուսանկարների նոր խմբաքանակ: Մասնավոր հատվածից արդեն կան առաջարկներ: Խոսքը վերաբերում է շուրջ 50 միլիոն դրամ ներդրմանը: Ծրագրված է տարվա ընթացքում ավարտին հասցնել Գորգարվեստի թանգարանի ստեղծման գաղափարը: Բանակցությունները Մերգերյան և գորգագործությամբ զբաղվող այլ ընկերությունների հետ արդեն սկսվել են>>:

Երևանի պատկերասրահի 9-րդ հարկում կստեղծվի վիրտուալ թանգարան,  որտեղ հայ դասական երաժշտության ուղեկցությամբ կցուցադրվեն կերպարվեստի բացառիկ նմուշներ: 100 հազար դոլարի ներդրումը հնարավորություն կտա ծրագիրն իրականացնել մինչև գարուն: Երևանում տիկնիկների թանգարան ստեղծելու գաղափարն անմիջապես արձագանք գտավ ԱՄՆ- ում։ Ամերիկաբնակ Ալիս  Նավասարգյանի 200-ից ավելի տիկնիկներից կազմված հավաքածուն արդեն Հայաստանում է:  Ընդամենը 1-2 ամսից թանգարանն իր դռները կբացի այցելուների առջև: Սևանում ստորջրյա թանգարան ստեղծելու գաղափարը ևս լուրջ առաջընթաց է ապրում: Հայտնվել է մասնավոր ներդրող, որը 15 տարով պարզապես նվիրաբերել է տարածքը  թանգարանին:  Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ արդեն մեկնարկել է <<Մշակութային կանգառ>> ծրագիրը: 426 մշակութային միջոցառում՝ հանրապետության բոլոր մարզորում և Արցախում, ևս 200 կինոցուցադրում՝ նույն աշխարհագրությամբ: Առջևում է նաև Գինու պատմության թանգարանի ստեղծումը՝ <<Արմենիա Վայն>>  ընկերության հետ համատեղ: Ներդրումների ծավալը՝ 300 հազար ԱՄՆ դոլար:

<<Պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակ «Սինեմա» կինոդերասանի կենտրոն-ստուդիայի հետ։ Կինոոլորտին անհրաժեշտ մասնագետների վերապատրաստման ծրագիրն իրականացվում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության օժանդակությամբ: 2017-ին ընկերությունը շուրջ 100 հազար դոլարի ներդրում կկատարի, մշակույթի նախարարությունը՝ 6 360 000 դրամ կհատկացնի: Պատմության և մշակույթի հուշարձանների  զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման ծրագրի շրջանակում Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կստեղծվեն ենթակառուցվածքներ: Նախագիծն իրականություն կդառնա ամերիկահայ բարերար Աշոտ Տիգրանյանի նվիրաբերած 8 միլիոն դրամով>>:

Օպերային թատրոնում առաջիկա օրերին շահագործման կհանձնվի վազող տող թարգմանիչը՝ բեմի վերնամասում: 17 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրն իրականացվել է <<Արմսվիս>>  բանկի աջակցությամբ:  Հայաստանում Չինաստանի դեսպանատան  աջակցությամբ թանգարանների ոլորտում արդեն մեկնարկել է աուդիո վիզուալ համակարգերի ներդրման ծրագիրը, որը բջջային հեռախոսի հավելվածի միջոցով հնարավորություն կտա ծանոթանալու ցուցանմուշներին՝ տասը լեզուներով: Ծրագրի արժեքը՝ 25 հազար դոլար:  Զբոսաշրջության տեսանկյունից հուշարձանն առավել  գրավիչ դարձնելու ծրագրեր են մշակվում Գառնի և Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարաններում:

<<Ներկայացված ծրագրերի  մեծ մասը իրականություն կդառնան տարվա առաջին կեսին>>,- ընդգծում է մշակույթի նախարարը:

 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button