Քաղաքական

Թույլ կտա՞ն նախընտրական կրքերը աշխատել ԱԺ վերջին նստաշրջանում

Երկուշաբթի օրը՝ փետրվարի 6-ին, մեկնարկում է Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանը: Սա այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանն է, որն ըստ էության ընթանալու է նախընտրական շրջանում: Նախընտրական կրքերը սովորաբար խանգարել են օրենսդիր մարմնին ընտրություններից առաջ լիարժեք աշխատել: Կկարողանա խորհրդարանն   այս անգամ հաղթահարել այդ խոչընդոտը կամ որքանով նախընմտրական շրջանում քաղաքական ուժերը կկարևորեն օրենսդրական աշխատանքը:

 

Նախընտրական շրջանները սովորաբար  խանգարել են օրենսդիր մարմնին մինչև լիազորությունների ավարտը լիարժեք աշխատել: Օրինակ նախորդ՝ 4-րդ  գումարման խորհրդարանը վերջին նստաշրջանում ըստ էության չաշխատեց. քաղաքական ուժերը նախապատվությունը տվեցին նախընտրական անելիքներին:

Թե ինչպես կլինի այս անգամ, ցույց կտա ժամանակը, բայց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը համոզված է, որ գոնե առաջին քառօրյաները  հնարավոր կլինի լիարժեք կազմակերպել: «Զրուցել եմ պատգամավորների հետ: Կարծում եմ՝ բոլորը տրամադրված են աշխատել, գոնե առաջին քառօրյայի ընթացքում»:

Վահրամ Բաղդասարյանը չի բացառում նաև արտահերթ նիստի հրավիրումը, ենթադրելով, որ որքան մոտենան ընտրությունները , այնքան  քաղաքական ուժերն ավելի երկրորդական կհամարեն օրենսդրական աշխատանքը: «Մյուս քառօրյաներին կարող են առաջանալ, ցուցակներն արդեն հայտնի կլինեն: Մտածում եմ՝ մեր պատգամավորները բարեխիղճ են ու հիշում են, որ իրենց մանդատն ուժի մեջ է մինչև մայիսի 31-ը»:

Օրենսդրին պետք է դրդի աշխատել ոչ միայն ողջամտությունը, այլև  նաև այն, որ մի շարք օրենքների ընդունման համար Սահմանադրությամբ վերջնաժամկետներ են սահմանվել: Խոսքն այն 12 մայր  օրենքների մասին է, որոնք պետք է համապատասխանեցվեն նոր Սահմանադրությանը: Դրանցից 4-ը ՝ ԱԺ նոր կանոնակարգը, Կուսակցությունների  ու Մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքները և Ընտրական նոր օրենսգիրքը խորհրդարանն ընդունել է նախորդ նստաշրջանի ընթացքում: 8-ը դեռ պետք է ընդունի.  Մի մասի հարցում  օրենսդիրը կարող է հանգիստ լինել, քանի որ վերջնաժամկետները մինչև տարեվերջ են ու դրանց ընդունման բեռն ըստ ամենայնի կմնա հաջորդ խորհրդարանի ուսերին: Բայց օրենքներից մի քանիսի ընդունումը  այս գումարման խորհրդարանի խնդիրն  է: Օրինակ   Սահմանադրությանը համապատասխանեցված Դատական նոր օրենսգրքի  ԱԺ ներկայացնելու վերջնաժամկետը  մարտի  1-ն է, Դատախազության մասին օրենքինը՝ ապրիլի 1-ը, Կենտրոնական բանկի մասին օրենքինը՝ մայիսի 1-ը:

Օրենքներից մեկի վերջնաժամկետն էլ կարծես թե արդեն խախտվել է: Ըստ հանրապետության նախագահի հրամանագրի՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքը պետք է ԱԺ ներկայացվեր մինչև փետրվարի 1-ը, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը այն օրակարգ ընդգրկելու հարց իր վերջին նիստում չի քննարկել: Պարզաբանում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: «Եթե չեմ սխալվում կառավարությունն արդեն ընթացք տվել է, բայց մեր հանձնաժողով այդ օրինագիծը դեռ չի հասել: Ամեն ինչ անում ենք, որ ժամկետները պահպանենք»:

Ազգային ժողովում փետրվարի 3-ին տեղի ունեցած  խորհրդակցության ժամանակ հաստատվել են նստաշրջանի և քառօրյա նիստերի  օրակարգերը: Փետրվարի 6-ից 9-ի  քառօրյայի օրակարգում   136 հարց, 32 միջազգային պայմանագիր:

Ցուցադրել ավելի
Back to top button