Հասարակություն

Դեռահաս աղջիկների համար՝ նոր պատվաստման ծրագիր

Դեկտեմբերի 4-ին եւ դրան նախորդող օրերին սովորաբար հիշում եւ խոսում այն չարիքի մասին, որին անունն է քաղցկեղ: Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Բայց միայն մեկ կամ մի քանի օրով հասարակության ուշադրությունը հրավիրելով խնդրին հնարավոր չէ հասնել անհրաժեշտ լուծումների: Հասարակության հետ աշխատանքը անհրաժեշտ է իրականացնել ամեն օր` մարդկանց մոտ գիտակցությունը փոխելու համար: Հիվանդությունը կարելի է կանխարգելել, եթե այն ախտորոշվի վաղ շրջաններում: Բայց <<Ռադիոլուրի>> հարցախույզը փաստել է՝ հայերը չեն սիրում դիմել բժիշկի: Իհարկե, դրա համար կան տարբեր պատճառներ՝ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ:

 

Նոր պատվաստման ծրագիր՝ այն էլ միայն աղջիկների համար: Ծրագիրն այս տարի նախատեսում է իրականացնել եւ խիստ կարեւորում է առողջապահության նախարարությունը, փոխանցում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: «Առաջին հերթին 2017 թվականին պապիլոմավիրուսի հետ կապված դեռահաս աղջիկների պատվաստումներն են, որոնք կանխարգելում են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը պապիլովիրուսի պատճառով եւ սա որպես հանրային առողջապահական կանխարգելիչ միջոցառում շատ կարեւոր է»:

Այս կանխարգելիչ նոր միջոցներին դիմելու պատճառ է հանդիսացել անվճար սքրինինգային ծրագիրը, որի շրջանակներում կատարված ուսումնասիրությունները մտահոգիչ փաստեր են արձանագրել: «ՊԱԲ թեստ, որը արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված թեստ է, անցել է 101 հազար կին։ Նրանցից մոտ 6 500-ի մոտ բջջային կառուցվածքի որոշ շեղումներ են արձանագրվել: Սա դեռ չի նշանակում, որ կան քաղցկեղային հիվանդություններ, բայց այս 6500 կնոջ մոտ 0.5 տոկոսի դեպքերում արդեն իսկ հայտնաբերվել են քաղցկեղային նորագոյացություններ։ Այդ մարդիկ չեն իմացել դրա մասին։ Բնականաբար, բուժումն սկսվել է։ Պետք է ասեմ, որ նրանք տարեկան հետազոտություն անցկացնելու, իրենց առողջությանն ավելի լուրջ վերաբերվելու խնդիր ունեն»,- ասում է փոխնախարարը։

Առողջությանը լուրջ վերաբերվելու խնդիր կա ընդհանրապես հայ հասարակության մոտ եւ դա կապ չունի որեւէ կոնկրետ հիվանդության հետ: Խնդիրն առավելապես կապ ունի ֆինանսների, ժամանակի, երբեմն ոչ մատչելի բժշկական ծառայության եւ առհասարակ՝ ազգային հատկանիշի հետ: Համենայնդեպս՝ <<Ռադիոլուրի>> հարցախույզը դա է բացահայտել: Հաճա՞խ եք դիմում բժիշկի հարցին՝ ամենատարածված պատասխանը <<դանակը ոսկորին հասնելու>> մասին էր:

Հարցվածներից յուրաքանչյուրն իր բացատրությունն ունի, թե ինչու է նախընտրում բժիշկների հետ շփումը նվազագույնի հասցնել: Բայց ահա չոր թվերը գալիս են ապացուցելու, որ այդպես չի կարելի: Միջազգային փորձը փաստում է՝ քաղցկեղների ավելի քան 30 տոկոսը կարելի է կանխարգելել` վերացնելով այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնները: Վերջին տասը տարում մեր երկրում չարորակ նորագոյացությունների հիվանդացությունն աճել է 80 տոկոսով կամ 2749 դեպքով, մահացության ցուցանիշը նույնպես աճել է 2105 դեպքով: Քաղցկեղի դեպքում, ի դեպ, կարելի է խոսել որոշ օրինաչափությունների մասին: Օրինակ՝ կանանց մոտ տարածված են կրծքագեղձի, արգանդի մարմնի, պարանոցի եւ հաստ աղիքի, իսկ տղամարդկանց մոտ` շնչափողի, բրոնխների, թոքի, միզապարկի, շագանակագեղձի, ստամոքսի եւ նաեւ հաստ աղիքի չարորակ նորագոյացությունները:

Երբ նախկինում հիվանդի մոտ ախտորոշումը լեյկոզ կամ արյան այլ չարորակ հիվանդություն էր՝ մեր բժիշկների մոտ կար պայքարի երեք գործիքակազմ՝ քիմիաթերապիա, դեղորայք կամ դոնորական արյուն: Սա էր մեր բուժման մեթոդը: Ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստումը վերջին տարբերակն է, ինչը Հայաստանում երբեք չի իրականացվել: Սա է պատճառը, որ շատերը բուժման վերջին հույսը կապում են արտասահմանյան կլինիկաների հետ՝ տարբեր դրամահավաքներ կազմակերպելով։ Այս խնդրի առնչությամբ Հայաստանի առողջապահության նախարարությունն ունի նորություն՝ ասում է առողջապահության փոխնախարարը:  «Մի շարք կենտրոնների հետ համատեղ մեզ մոտ առաջին փոխպատվաստումները իրականացնելու պլանավորում է իրականացվում եւ կարծում եմ, որ 2017-ին մենք առաջին իսկ երկու հաջող կատարված փոխպատվաստման դեպքից հետո անպայման պետք է սրա մասին հայտարարենք: Հավակնություններ ունենք տարածաշրջանային լավագույն կենտրոն դառնալու՝ իհարկե, մրցունակ գին առաջարկելով այլ երկրների հետ համեմատ, որպեսզի գրավիչ դարձնենք այլ երկրներից եկող հիվանդների համար։ Մեր հիվանդների համար դա անվճար պետք է լինի»:

Այս աշխատանքները տարվում են Արյունաբանության ազգային կենտրոնում, որը բացվեց 2016-ի վերջին: Մատուցվելիք նոր ծառայությունների շարքում գործելու է նաեւ ցողունային բջիջների լաբորատորիան։ Նախատեսվում է այն գործարկել երկու տարուց։ Փոխնախարարը վստահեցնում է՝ կենտրոնում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, իսկ բժշկական անձնակազմը պարբերաբար վերապատրաստվել եւ վերապատրաստվում է արտասահմանում: Վերադառնալով վճարումների խնդրին` փոխնախարարը պարզաբանում է՝ Հայաստանի քաղաքացիների անվճար վիրահատությունների ծախսերը հնարավոր կլինի փոխհատուցել տարբեր հիմնադրամների, ինչպես նաեւ օտարազգի հիվանդների վճարումների հաշվին: <<Քաղցկեղը դատավճիռ չէ, այն կառավարելի է` առավել ևս վաղ հայտնաբերման փուլում>>,- վստահեցնում են մասնագետները:

Ցուցադրել ավելի
Back to top button