Հասարակություն

Մեկ պատուհանը՝ նաեւ Տավուշում ԵՄ աջակցությամբ

Բոլոր հարցերի պատասխանները մեկ պատուհանից ստանալու հնարավորություն են ստացել հաղարծինիցիները: Գյուղում, ինչպես նաև Իջևանում, պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ են բացվել: Արդարադատության նախարար Արփինե  Հովհաննիսյանը Եվրոպական միության գործընկերների հետ մասնակցել է Եվրամիության օժանդակությամբ կառուցված Տավուշի առաջին ատյանի դատարանի շենքի բացմանը:

 

Ընդամենը մի քանի րոպե  ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը հաղարծինցի Կարենի ձեռքում է: Նախկինում  այդ տեղեկանքը ձեռք բերելու համար Կարենը նախ պետք է գար Երևան՝  արդարադատության նախարարություն, հերթ կանգներ, հետո մի քանի օր անց նորից գար ու տեղեկանքը ստանալ։ Այլևս դրա անհրաժեշտությունը չկա։ Կարենը հաշված րոպեների  ընթացքում ստանում  է համապատասխան տեղեկանքը՝ անձամբ  արդարադատության նախարար Արփինե  Հովհաննիսյանից  Հաղարծինի «Հայփոստի» բաժանմունքում:

Այսուհետ Տավուշի մարզի բնակիչները պետական մարմնից համապատասխան տեղեկանքը ստանալու համար մայրաքաղաք հասնելու փոխարեն կարող են այցելել Իջևանի «Արդշինբանկի» մասնաճյուղ կամ Հաղարծինի «Հայփոստ»-ի գրասենյակ և ստանալ այդ փաստաթուղթը՝ խնայելով և՛ ժամանակ, և՛ ճանապարհածախսի համար հատկացվող ֆինանսներ:  Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ արդարադատության նախարարությունը նախաձեռնեց և կարճ ժամանակում կյանքի կոչեց պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գաղափարը։

Լիազորված օպերատորները կարող են իրականացնել Կադաստրի պետական կոմիտեի, Պետական ռեգիստրի, Քաղաքացիական կացության ակտերի և մի շարք այլ գերատեսչությունների գործառույթները: Ընտանեկան  կարգավիճակի  ու շարժական գույքի հետ կապված տեղեկանքներն էլ կարելի է ստանալ ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ միասնական գրասենյակների օպերատորներից: Այստեղ գործում  է մեկ պատուհանի սկզբունքը, աշխատակիցը ընդունում է  դիմումը  ու վերադարձնում անհրաժեշտ  բոլոր տեղեկանքները:

Նշենք, որ արդարադատության նախարար Արփինե  Հովհաննիսյանը Տավուշ էր այցելել   Եվրոպական միության գործընկերների  հետ,  քանի որ  այս և այլ ծրագրեր  արդարադատություն ոլորտում իրականացվում են ԵՄ-ի հետ համատեղ: Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը նկատեց, որ այս  գրասենյակների բացումը  էական նշանակություն ունեցող նախաձեռնություն է, և Հայաստանը առաջին երկրներից մեկն է, որ կարողացել է նման ձեռքբերում արձանագրել: «Սա շատ լավ օրինակ է, թե ինչպես պետական ծառայությունները կարող են ավելի հասանելի դառնալ քաղաքացիներին»,- ասում է։

Տավուշի մարզում արդարադատություն նախարար  Արփինե  Հովհաննիսյանը  Եվրոպական գործընկերների հետ այցելեց նաև  ԵՄ ֆինանսական օժանդակությամբ հիմնանորոգված Տավուշի մարզի առաջի դատարանի շենք։ Նշենք, որ դատարանը ամբողջությամբ կառուցվել ու կահավորվել է ամբողջությամբ ԵՄ աջակցությամբ։ ԵՄ ներկայացուցիչ  Քրիստիան Դանիելսոնը հավաստիացնում է, որ գործակցությունը Հայաստանի հետ շարունակվելու է հատկապես արդարադատության  և դատական իշխանության ոլորտում։

Ցուցադրել ավելի
Back to top button