ԿարևորՀասարակություն

Մարտական գործողությունների մասնակցության կարգը հնացած է


Զինծառայողների զինգրքույկների շուրջ խմորումները դեռեւս շարունակվում են: Թեեւ որոշակի պարզաբանումներ արդեն հնչել են ԼՂՀ ՊԲ կողմից՝ վկայակոչելով թույլ տրված անփութությունը, նաեւ հորդոր է հնչել՝ չշահարկել խնդիրը, բայց դեռեւս կան զինծառայողներ, ովքեր փորձում են ստանալ «ապրիլյան պատերազմի մասնակից» ձեւակերպումը: Բողոքի հետքերով գնացած «Ռադիոլուրը» պարզել է, թե ինչպես է ԿԳՆ բարի կամքի դրսեւորումը խառնաշփոթ առաջացրել ողջ հասարակության մեջ: Ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողների համար նաեւ պարզվել է ուշագրավ փաստ:

 

 

Ապրիլյան պատերազմի զինծառայողների զինգրքույկների շուրջ խմորումները դեռ շարունակվում են: Չնայած վերջին օրերի պարզաբանումներին եւ բացատրություններին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր առավոտյան կրկին ստացել է դիմումներ ապրիլյան պատերազմի մասնակից այն զինծառայողներից, որոնց զինգրքույկներում զորացրումից հետո բացակայում է ապրիլյան քառօրյա պատերազմի մարտական գործողություններին մասնակցության մասին գրառումը կամ այն «անվավեր» է ճանաչված:

«Պաշտպանի գրասենյակն առայժմ զերծ է մնում գնահատականներից»,- «Ռադիոլուրին» փոխանցեց պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը՝ նշելով, որ դեռ սպասում են պաշտպանության նախարարության համապատասխան արձագանքին:

 

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մեր սահմանները «պահած» երիտասարդներից մեկի մայրը՝ Մարինեն, «Ռադիոլուրի» հետ զրույցից առաջ նույնպես խնդրեց չբացահայտել տղայի ինքնությունը: ՄԻՊ դիմողների շարքում չէ, կարողացել են խնդիրը սեփական ուժերով լուծել:

Զորացրումից հետո երիտասարդը պետք է շարունակեր ուսումը Պոլիտեխնիկական համալսարանում եւ հենց այդ ժամանակ էլ պարզել են կրթության նախարարի որոշման մասին, ինչը կարելի է դիտարկել իբրեւ բարի կամքի դրսեւորում: Նախարարության ԲՈՒՀ-երի համակարգման եւ կազմակերպման բաժնի պետ Սասուն Մելիքյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ըստ էության հաստատեց՝ սա գոյություն ունեցող իրավական ակտի կատարում չէ:

 

ԼՂ Ջաբրաիլի հատվածից վերադարձած երիտասարդի ընտանիքին այս անփութությունը հաջողվել էր  վերացնել 1.5 ամիս հետո: Այժմ երիտասարդը շարունակում է ուսումը պոլիտեխնիկում՝ ուսման վարձի 50 տոկոս զեղչով: Բայց արդարացի լինելու համար երիտասարդի մայրը հստակեցնում է՝ Երեւանի զինկոմիսարիատը իր հերթին նույնպես արձագանքել էր խնդրին:

 

Կրթության նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ 2016-ի նոյեմբերի դրությամբ ապրիլյան պատերազմի շուրջ 500 երիտասարդ տարբեր ԲՈՒՀ-երում արդեն օգտվում է 50 եւ ավելի տոկոսով ուսման վարձի զեղչից: Սպասում են, որ երկրորդ կիսամյակում թիվը կավելանա, քանի որ նոր զորացրվածներ կան: Սասուն Մելիքյանը մեզ հետ զրույցում հաստատեց՝ զինգրքույկներում գրությունների բացակայության դեպքերը սկզբում ավելի շատ էին, հիմա պակասել են եւ կարծում՝ խնդիրը շտկվում է: Խնդրի իրավական կողմը հասկանալու համար «Ռադիոլուրը» դիմեց նաեւ փաստաբան Նորայր Նորիկյանին: Հենց նա մեզ բացահայտեց այն նրբությունը, որի մասին դեռ բարձրաձայն չեն խոսել գերատեսչություններից եւ որեւէ մեկը: Խնդիրն իրականում որեւէ կապ չունի ուսման վարձերի զեղչերի հետ:

«Ապրիլյան պատերազմի մասնակցի կարգավիճակ տալը ենթադրում է իրավական հետեւանքներ՝ որոշակի արտոնություններ, որոնք ամրագրված չեն իրավական որեւէ ակտով»:

 

Գրեթե նույն մոտեցումը կա ՊՆ-ում: Այնտեղ նշում են, թե զինվորական գրքույկներում մարտական գործողությունների կարգ սահմանված չէ, եւ աշխատանքներ են տարվում համապատասխան կարգի մշակման ուղղությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button