Հասարակություն

«Էրազմուս+»-ը՝ միմյանցից սովորելու հնարավորություն


Հայաստանի ֆրանսիական համալսարանում այսօր տեղի է ունեցել «Էրազմուս +» ծրագրի նոր նախագծի շնորհանդեսը: Նախագծի նպատակն է մշակել և փորձարկել բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի եվրոպական ինտեգրացիային համահունչ որակի ապահովման համակարգ՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը: «Ռադիոլուրը» ներկա է գտնվել նախագծի շնորհանդեսին և մասնակիցների հետ զրուցել ընդհանրապես միջպետական համաձայնագրերի շրջանակում ձեռքբերումների և  ակնկալիքների մասին: «Ռադիոլուրը» հետաքրքրվել է, թե ինչ են տալիս նման կրթաթոշակային ծրագրերը ուսանողներին:

Լիլիթ Մեշչյանը սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում: Հակառակ այն կարծիքի, թե դրսում կրթություն ստանալուց հետո մեր հայրենակիցները մնում են արտերկրում, Լիլիթը վերադարձել է հայրենիք և այժմ աշխատում է բանկային համակարգում: Մասնագիտությամբ ինստիտուցիոնալ տնտեսագետ է:

«Ռադիոլուրի» հետ զրույցում Լիլիթը հայտնեց, որ ուսումն Արևմուտքում շարունակելու համար իրեն մեծապես աջակցել է «Լույս» հիմնադրամը: Ի դեպ՝ հիմնադրամից էլ մեզ հայտնեցին, որ իրենց աջակցությամբ աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն է ստացել 457 հայ երիտասարդ, որոնցից 104-ն այժմ շարունակում են կրթություննը։ Լավագույն համալսարաններում ուսումնառությունից հետո «Լույսի» շահառուների շուրջ 60 տոկոսը վերադառնում է Հայաստան, աշխատանքի անցնում պետական կամ մասնավոր հատվածում, ինչպես նաև սեփական ձեռնարկությունը հիմնում հայրենիքում։

Թե ընդհանրապես արտերկրում սովորելուց հետո մեր երիտասարդների քանի տոկոսն է վերադառնում հայրենիք, «Ռադիոլուրը» հետաքրքրվեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից.«Ես անձամբ զգում եմ որոկակական տարբերություն եւ մնում են ոլորտում»:

Նախարարին, ի դեպ, հանդիպեցինք Հայաստանի ֆրանսիական համալսարանում, որտեղ տեղի էր ունենում «Էրազմուս +» ծրագրի նոր նախագծի շնորհանդեսը: Կարևորելով այս նոր ծրագիրը  նախարարը նշեց, որ այն «Տեմպուս/Տասիս» ծրագիրն է, որը շարունակական լինելով՝ ԵՄ-ի կողմից շատ լուրջ աջակցություն է հայ հասարակությանը:

Վերադառնալով «Էրազմուս+» ծրագրին, նշենք, որ դրանում ներառված են 20 հաստատություն ՀՀ-ից, Բելգիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Մոնղոլիայից, Լեհաստանից, և Ուկրաինայից:

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան նկատում է, որ ծրագրի մասնակիցների համար նոր նախագիծը մեծ հնարավորություն է միմյանցից սովորելու, համագործակցելու և փորձ փոխանակելու, մանավանդ, որ անդամներից յուրաքանչյուրն ունի իր փորձը: Իհարկե՝ որակի ապահովման գործում կան սկսնակներ, մասնավորապես՝ Մոնղոլիայի ներկայացուցիչներն առաջին անգամ են ներառված նման ծրագրերում: Թե ինչ ակնկալիք ունեն այս ծրագրից՝ հետաքրքրվեցինք Մոնղոլիայի ազգային համալսարանի ներկայացուցիչ Նարանտույա Թյուլումբատից: Հատկապես հետաքրքիր էր, թե ինչ ունեն սովորելու Հայաստանից այս ծրագրի շրջանակներում:

«Քանի որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով ավելի մոտ է գտնվում Եվրոպական չափանիշներին, հատկապես հաշվի առնելով Բոլոնիայի գործընթացը, մենք ակնկալում ենք Հայաստանից վերցնել այդ չափորոշիչները»:

Եվ վերջում նշենք, որ այս նոր նախագծի նպատակն է մշակել և փորձարկել բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի, կամ ինչպես մենք ենք ասում, ասպիրանտուրայի եվրոպական ինտեգրացիային համահունչ որակի ապահովման համակարգ։

Ցուցադրել ավելի
Back to top button