Տնտեսական

USAID-ին պատրաստակամ է շարունակել համագործակցությունը էներգետիկ ոլորտում

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը փետրվարի 2-ին ընդունել է USAID առաքելության հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը՝ Դեբորա Գրիզերի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ կառավարությունը բարձր է գնահատում USAID-ի հետ իրականացվող համատեղ ծրագրերը, որոնք ընդգրկում են տնտեսության ու հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտներ։

Խոսելով կոնկրետ ծրագրերի մասին՝ Աշոտ Մանուկյանն առանձնացրել է  երկրաբանական ֆոնդի արխիվի թվայնացման աշխատանքներին ցուցաբերված աջակցության կարևորությունը.

-Դա շատ կարևոր և առաջին քայլն է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումների ճանապարհին։ Երկրորդ քայլը կլինի Հայաստանի անդամակցումը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI)։ Այն ներառված է կառավարության ծրագրում և հուսով ենք մինչև տարեվերջ կներկայացնենք անդամակցության հայտ։ Այս քայլերը կհանգեցնեն հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության բարձրացմանը և ներդրումների ներգրավմանը,-ընդգծել է նախարարը։

Աշոտ Մանուկյանը բարձր է գնահատել USAID-ի դերը Հայաստանի էներգետիկ շուկայի ազատականացման, մասնագետների ուսուցման և բազմաթիվ այլ ոլորտներում ցուցաբերած աջակցության գործում՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական նաև առաջիկա տարիներին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Գրիզերն իր  հերթին վստահեցրել է, որ նախարարությունն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն էներգետիկ բարեփոխումների և տարածաշրջանային ինտեգրման բնագավառում երկար ու արդյունավետ համագործակցության պատմություն ունեն։ Անդրադառնալով էներգետիկ շուկայի ազատականացմանն ուղղված գործողությունների ծրագրի ընդունմանը՝ առաքելության հայաստանյան գրասենյակի տնօրենը նշել է, որ շուկայի ազատականացումը կխթանի էներգետիկ ոլորտի մրցունակությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունն ու արդյունավետությունը:

-Մենք պատրաստակամ ենք շարունակել մեր համագործակցությունը նախարարության հետ` ի նպաստ Հայաստանի էներգետիկ ոլորտի բարեփոխումների և էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացմանը,-ասել է Դեբորա Գրիզերը:​

Ցուցադրել ավելի
Back to top button