Քաղաքական

Գնում եմ ժողովրդին ծառայելու.Արարատի նորանշանակ մարզպետ


«Գնում եմ ժողովրդին ծառայելու»,- մարզպետի պաշտոնին վերադառնալն այսպես է այսօր մեկնաբանել Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Նա, հիշեցնենք, այս մարզից է, նախկինում նույնպես ղեկավարել է մարզում: Արամայիս Գրիգորյանն այս պաշտոնում փոխարինելու է Ռուբիկ Աբրահամյանին, ով նախկինում փոխարինեց հենց  Արամայիս Գրիգորյանին: Գրիգորյանն ու Աբրահամյանը  պաշտոնը կորցրել ու գտել են կառավարության այսօրվա  նիստում:

Մամուլում շրջանառվող խոսակցությունները հաստատվեցին այսօր՝ կառավարության նիստը սկսվելուց մի քանի րոպե առաջ միայն: Հիշեցնենք, օրեր շարունակ շրջանառվում էր Արարատի  արդեն նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հրաժարականի  մասին լուրը:  Օրակարգում ընդգրկված նախավերջին հարցը տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանն առաջինը զեկուցեց:

Արարատի մարզպետի պաշտոնը Ռուբիկ Աբրահամյանը զբաղեցնում էր 2014թ. մայիսի 8-ից:  Աբրահամյանը  ՀՀԿ անդամ է։ Հիշեցնեմ, երբ նա մարզպետ նշանակվեց՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նույն օրվա նիստում  հայտարարեց,

«Ինձ բարեկամ չի, ասեմ իմանաք»:

Այսօր արդեն  ընտրական այս փուլում պարզվեց, որ  Աբրահամյաններն իրականում ունեն ազգակցական կապ:

Հատկանշական է, որ  Ռուբիկ Աբրահամյանը մարզպետի պաշտոնում փոխարինեց  Արամայիս Գրիգորյանին։ Նա այն ժամանակ նշանակվել էր բնապահպանության նախարար: Այսօր՝ հակառակը տեղի ունեցավ՝ Արամայիս Գրիգորյանը մարզպետ նշանակվեց Ռուբիկ Աբրահամյանի փոխարեն: Կարեն Կարապետյանը նրան արդյունավետ աշխատանք մաղթեց:  Գրիգորյանը վստահեցրեց՝  այսօր առավոտյան է տեղեկացել, որ մարզպետ է  նշանակվելու:

Նշենք, որ Արամայիս Գրիգորյանը կառավարության կազմում  աշխատելու փորձ ունի:  Վերջինս,   2008-2009թթ ՀՅԴ քվոտայով զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Մինչ այդ, 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 25 ընտրատարածքից, իսկ  2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է վերընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով։ Գրիգորյանը կառավարություն  վերադարձավ 2014թ ապրիլին, երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց:  Արամայիս Գրիգորյանը  բնապահպանության նախարարի պաշտոնին հրաժեշտ տվեց, երբ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց:

Թե նախընտրական ինչ գործընթացներում կներգրավվի՝ Գրիգորյանը չի հստակեցնում, ասում է՝ դեռ ժամանակ կա:  Հստակեցումներ չկան նաև գյուղատնտեսության նախարար Իգնատի  Առաքելյանի համար։ Նա  նաև չգիտի՝ կընդգրկվի՞ արդյոք ՀՀԿ համամասնական  ցուցակում, թե՞ ոչ

«Ախր այնպիսի հարց եք տալիս, ե՞ս եմ որոշողը: Առաջարկ չի եղել, ես ոչ մի բան չեմ որոշել»:

Իգնատի Առաքելյանը, հիշեցնենք, բիզնեսի կառավարման ոլորտում երկարամյա փորձ ունի։ Նա , ինչպես նաև իր մյուս  կառավարիչ  գործընկեր նախարարների հիմնական մասը,  ՀՀԿ- ին անդամագրվեցին վարչապետ Կարեն Կարապետյանի անդամակցության հետ միաժամանակ կամ հետո։

Ցուցադրել ավելի
Back to top button