Հասարակություն

Բնակարան, աշխատանք, առողջապահություն, հագուստ. Սիրիահայերի խնդիրները Հայաստանում

Սիրիան շարունակում է մնալ կռվախնձոր գերտերությունների վարած շահադիտական քաղաքականության մեջ՝ լուսանցքում թողնելով մարդկային ճակատագրերը:

Գոհար և Ժան Գալստյաններն իրենց երկու զավակների՝ 4- ամյա Գեւորգի եւ 3- ամյա Ռիտայի հետ Հայաստան են ժամանել հոկտեմբերի 12-ին: Գոհարը մասնագիտությամբ բուժքույր է, Ժանը՝ սովորական աշխատող՝ պահակ: Պատերազմող Սիրիայում ծնված երեխաներն այսօր արդեն Հայաստանում են՝ իրենց խոսքով <<լույս ունեցող Երևանում>>: Լույսից, գազից, ջրից զրկված հալեպցին չունի ամենակարևորը՝ անվտանգության երաշխիք: Իսկ ինչո՞ւ չէին վերադառնում կամ ի՞նչը հիմք դարձավ, որ Գալաստյանները տեղափոխվեն հայրենիք:

Վերադարձի որոշումը կայացվել է սեպտեմբերի 30-ից հետո, երբ սրվեց իրավիճակը Հալեպի հյուսիսային շրջաններում և հրթիռակոծվեց քաղաքը: Արկերն ընկել են Գոհար եւ Ժան Գալստյանների բնակարանի հարեւանությամբ։ Բարեբախտաբար նրանք փրկվել են՝ պատսպարվելով նկուղում: «Հրթիռակոծության ժամանակ մեկ հրթիռ ընկավ շենքի հարեւանությամբ, ամեն ինչ փուլ եկավ միանգամից: Երեխաներս ու ամուսինս մնացին փլատակների տակ: Գոռում էի եւ օգնության խնդրում, երեխաների լացի ձայնից գնացի նրանց ուղղությամբ ու կարողացա դուրս բերել քարերի տակից, իսկ ամուսնուս գտնել չէի կարողանում: Նա ուշագնաց էր եղել, իսկ քարերն այնքան ծանր էին, որ չէի կարողանում բարձրացնել եւ նրանց այնտեղից դուրս հանել»:

Կառավարական ուժերի եւ բուժծառայությունների օգնությամբ նրանք տեղափոխվել են անվտանգ վայր, մեկ շաբաթ էլ անցկացրել Հալեպում և <<Հալեպ>> բարեսիրական հայրենակցական միության աջակցությամբ եկել Հայաստան: Ինչո՞ւ այդքան երկար տարիներ մնացին Հալեպում եւ չտեղափոխվեցին ավելի անվտանգ երկիր. հարցին Գոհարը պատասխանում է. <<Վտանգված էր մեր երեխաների անվտանգությունը>>: Այսօր հայրենիքում Գոհարի եւ իր նման ճակատագիր ունեցողների թիվը 22 հազար է:

Բոլորի խնդիրներն էլ նույնն են՝ բնակարան, աշխատանք, առողջապահական հարցեր, հագուստ: Խնդիրների լուծումը պետական եւ բարեսիրական ընկերություններից բացի իրենց ուսերին վերցրեցին նաեւ անհատ կամավորներ, որոնք առցանց ակտիվ շփումների միջոցով տեղեկանում են այն խնդիրների եւ կարիքների մասին, որոնք ունեն մեր հայրենակիցները, ու  համագործակցելով համապատասխան մարմինների ու անհատների հետ, փորձում են լուծում գտնել: Նարինե Դավթյանը նրանցից մեկն է, ով շուրջ 12 ընտանիքի այսպես ասած <<խնամակալն է>>: Համեստորեն լուռ տիկին Նարինեն կոչ է անում աջակցել սիրիահայերին՝ նրանք ամեն ինչի  կարիք ունեն:

Հայաստան տեղափոխված սիրիահայերի աջակցության պետական ծրագրերը տիկին Նարինեն ողջունում է, սակայն շարունակում է բարձրաձայնել, որ չլուծված են մնում  բնակարանի ու աշխատանքի տեղավորման խնդիրները: Բարձրացված հարցերը խնդիր են տեսնում նաեւ Սփյուռքի նախարարությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button