Քաղաքական

Ադրբեջանը հրաժարվում է իր զինվորից, գերեվարվածը եղել է զինվորականի համազգեստով, սպառազինված և դիվերսիոն խմբի կազմում. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը` ի պատասխան Ադրբեջանի ռազմական գերատեսչության այն պնդմանը, թե հայկական ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հյուսեին Զադենը հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում, հաստատել է, որ գերեվարվածը եղել է զինվորականի համազգեստով, սպառազինված և դիվերսիոն խմբի կազմում:

Նա իր Facebook-ի էջում մասնավորապես գրել է. «Երեկ՝ ժամը 23:30-ի սահմաններում, ի պատասխան ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից տարածված դիվերսիոն-հետախուզական գործողության մասին հաղորդագրության, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հանդես է եկել հերքումով, որում մասնավորապես ասվում է, թե իբր հայկական ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հյուսեինզադեն, որպես կարգազանց զինծառայող, զորացրված է եղել զինված ուժերի շարքերից և ներկա ժամանակ տվյալ անձը հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում:

Որ ադրբեջանական կողմը յուրաքանչյուր անելանելի վիճակում հայտնվելու դեպքում պատրաստ է հրաժարվել սեփական զինվորից և նրան ներկայացնել նախ՝ դասալիք, իսկ ապա նաև՝ իր զինված ուժերի հետ որևէ կապ չունեցող անձ, հասկանալի է և լրիվությամբ տեղավորվում է ադրբեջանական տրամաբանության մեջ: Սակայն անտրամաբանական ու նաև անհասկանալի է, թե ինչպես կարող է բանակից զորացրված զինծառայողը՝ զինվորականի համազգեստով, սպառազինված ու առավել ևս դիվերսիոն խմբի կազմում ներթափանցել հակամարտ զորքերի միջդիրքային տարածք, փորձել կատարել հատուկ նշանակության գործողություն և արդյունքում հայտնվել հայերի ձեռքում… Ահա և ձեզ ադրբեջանական մտածելակերպ»,-գրել է Հասրաթյանը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button