Քաղաքական

Հայ-ամերիկյան հարաբերություններում որևէ լուրջ փոփոխություն չի լինի. փորձագետները՝ Թրամփի նախագահության մասին


Ինչ սպասել ԱՄՆ-ից Թրամփի ղեկավարության շրջանում, Հարցը թերևս հետաքրքրում է բոլոր երկրներին: Փոքրիկ Հայաստանի մեծ խնդիրների լուծումները ևս կարիք ունեն ԱՄՆ դիրքորոշման: Արդյոք որևէ փոփոխություն կարելի է ակնկալել Թրամփից : Հարցի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է  ամերիկագետ Արեգ Գալստյանի, Սորբոնի համալսարանի շրջանավարտ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

 

Հունվարի 20-ից՝ Թրամփի պաշտոնամուտից հետո ԱՄՆ շատ հարցերում փոխում է քաղաքականությունը: Այն, ինչ ընդունելի էր համարվում նահանգներում, այլևս անընդունելի է, այն, ինչ խորթ էր, ներմուծվում է: Շրջադարձային այդ փոփոխությունների շարքը մինչև ուր կարող է հասնել: Մեզ՝ հայերիս, բնականաբար հետաքրքիր է ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխությունը Հայաստանի նկատմամբ:   Աերիկագետ Արեգ Գալստյանի կարծիքով՝ Թրամփի քաղաքականությունը կոնկրետ Հայաստանի նկատմամբ լուրջ փոփոխության չի ենթարկվի: ԱՄՆ 45-րդ նախագահն այժմ  Հարավային Կովկասը դիտարկում է մեծ Մերձավոր Արևելքի նկատմամբ վարվող քաղաքականության շրջանակներում.

«Հայ-ամերիկյան հարաբերություններում որևէ լուրջ փոփոխություն չի  լինի, քանի որ Թրամփի վարչակազմը լուրջ ուշադրություն չի դարձնի Հարավային Կովկասին որպես առանձին միավորի, այն կդիտարկվի մեծ Մերձավոր Արևելքի նկատմամբ վարվող քաղաքականության շրջանակներում:  Որևէ բեկում՝ դրական կամ բացասական, չի սպասվում: Թրամփը  Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական է նշանակվել ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնին, ով գիտի հարավկովկասյան տարածաշրջանը ու այս տարածաշրջանից տեղեկություններ Թրամփին կհասնեն հենց Հեֆերնի միջոցով, ինչը դրական է»:

Այստեղ իհարկե շատ բան պայմանավորված է հայ համայնքի ու պաշտոնական Երևանի բարձրացրած խնդիրներով՝ ասաց ամերիկագետը:

«ԵԹԵ ԱՄՆ և ՌԴ ընդհանուր հայտարարի գան որոշ քաղաքական հարցերում, ապա դա բնականաբար լավ կլինի նաև ՀՀ համար՝  ղարաբաղյան խնդրում, քանի որ երկու երկրներն էլ ՄԽ համանախագահողներ են: Դա դրական դինամիկա կարող է հաղորդել բանակցություններին ու զսպել Բաքվին: Սակայն պետք է սպասել առաջին հայտարարությանը, ինչից հետո կարելի կլինի արդեն դատողություններ անել»:

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում էլ անելիք ունի Ամերիկայի հայկական համայնքը: Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչված չէ՝ նկատեց  Արեգ Գալստյանը: Երևանը և ամերիկահայերը  դեռ պետք է կողմնորոշվեն, թե ինչ են ուզում՝ իրավական ճանաչո՞ւմ թե՞ ընդհամենը բառի արտաբերում.

«Պետք է  ինքներս կողմնորոշվենք, թե ինչ ենք ուզում Ամերիկայից այդ հարցում: Կոնգրեսում ընդունված բանաձևերը բավակա՞ն են, թե՞   իրավական ճանաչում է պետք»:

Եթե ՀՀ-ն հաստատակամ լինի ամերիկահայ համայնքի հետ իր պահանջներում՝  հնարավոր է,  որ առաջընթաց լինի, սակայն ամերիկահայերի մի մասը մի բան է ասում, դաշնակցականները մի այլ բան, Երևանը՝ մի ուրիշ՝ ասաց ամերիկագետը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն սակայն հստակեցնում է.«Պետք է ճանաչել ու դատապարտել»:

Ի դեպ, ԱՄՆ- ում բնակվող քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում ևս մտահոգություն հայտնեց՝ ցեղասպանության ճանաչման հարցում որևէ սպասելիք չպետք է ունենալ: Ըստ նրա Ցեղասպանությունն աշխարհում ճանաչված է և հաստատման կարիք չկա ու այսօր պետք է անցնել արցախյան խնդրին հայանպաստ լուծում գտնելու ուղղությամբ աշխատանքին:

Back to top button