Հասարակություն

11 անձի թունավորման պատճառ դարձած սննդի կետի գործունեությունը կասեցվել է

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները Սպիտակում 11 անձի թունավորման պատճառ դարձած «Թեժ կրակ» հանրային սննդի օբյեկտում առկա սննդամթերքից (հումքից, քանի որ պատրաստված սննդից մնացորդ չի եղել) նմուշառումներ են կատարել և ուղարկել լաբորատոր փորձաքննության: ՍԱՊԾ-ից տեղեկացրին, որ տրվել է նշված ընկերության արտադրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագիր. տնտեսավորող սուբյեկտի գործունեությունը դադարեցված է:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին կեսօրին սննդային տոքսիկոինֆեկցիա ախտորոշմամբ Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել երկու մարդ, երկու ժամ անց նույն ախտորոշմամբ հոսպիտալացվել է միաժամանակ 6 մարդ:

Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել էր, որ նրանք կերել են հավի մսով պատրաստված շաուրմա Սպիտակում գործող «Թեժ կրակ» սննդի արագ պատրաստման կետում:

Եվս մի քանի ժամ անց՝ ժամը 21:00-ի սահմաններում բժշկական կենտրոն է դիմել եւս երեք քաղաքացի, որոնք նույնպես գնել էին շաուրմա նույն սննդի կետից: Եվս մեկ հիվանդ նույն ախտորոշմամբ հոսպիտալացվել է հունվարի 29-ին, ով նշել է, որ երկու օր առաջ հավի մսով շաուրմա էր գնել նույն կետից, որից հետո վիճակը վատանալուն զուգահեռ փորձել է ինքնաբուժմամբ զբաղվել տանը: Տեսնելով, որ այն արդյունք չի տալիս, ստիպված դիմել է բժշկական կենտրոն:

Հիվանդների մեջ եղել են նաեւ երեխաներ: Տուժածները շարունակում են համապատասխան բուժում ստանալ բժշկական կենտրոնում: Ներկայումս նրանց վիճակը կայունացել է ու գնահատվում է բավարար:

Ցուցադրել ավելի
Back to top button