ԿարևորՏնտեսական

Վրաստանը չի ցանկանում խնդիրներ առաջացնել Հայաստանի համար գազի տարանցման հարցում

Թբիլիսիում կառավարության շենքի առջև «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության և նրա աջակիցների մասնակցությամբ ակցիա է ընթանում, որի մասնակիցները պահանջում են հրապարակել Վրաստանի կառավարության և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև կնքված նոր պայմանագրի պայմանները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վրաստանում Հայաստան առաքվող ռուսական գազի թեման շարունակվում է թեժ քննարակումների առարկա մնալ:«Ռադիոլուր»-ը ի մի է բերել  ռուսական  «Գազպրոմ»-ի հետ ստորագրված  համաձայնագրի շուրջ  հարևան երկրում տիրող իրարամերժ  կարծիքները։

 

 

Վրաստանի իշխանությունները, տեղի տալով ընդդիմության պահանջներին, որոշ տեղեկություններ են հաղորդում  «Գազպրոմ»-ի հետ ձեռք բերված հույժ գաղտնի համարվող պայմանագրից: Էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիաշվիլին տեղեկացրել է, որ Թբիլիսին եթե չհամաձայներ Մոսկվայի առաջ քաշած բանաձևին, ապա Վրաստանով  գազի մատակարարումը  կդադարեցվեր, իսկ Հայաստանը կստանար իրանական գազ:

«Իրան-Հայաստան գազատարի առկայությունը գաղտնիք չէ: Այս խողովակաշարի տարողունակությունը 2,3 մլրդ խորանարդ մետր է, ինչն ավելին է, քան Հայաստանի գազի պահանջարկը: Ապագայում պահանջարկի ավելացման դեպքում հնարավոր է բավականին արագ ձևափոխել ենթակառուցվածքը, այնպես, ինչպես Ռուսաստանը վարվեց Ուկրաինայի դեպքում, որտեղ նման ենթակառուցվածք ընդհանրապես  գոյություն չուներ»:

Այս հայտարարությունն ընդդիմության կողմից ավելի սուր քննադատությունների պատճառ է դարձել:  Ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլին նշում է, որ Վրաստանը առաջին հերթին պետք է մտածի  սեփական և ոչ թե հարևան երկրի շահերի մասին։

«Այս համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթացել են կուլիսների ետևում, հասարակությունը բավարար տեղեկատվություն չունի նրա բովանդակության մասին։ Ռուսաստանի հետ, սակայն, նման կարևոր հարցի շուրջ մենք զգուշորեն պետք է համաձայնության գանք. այն կապված է մեր  ազգային անվտանգության հետ»:

Բացի այդ, ընդդիմությունը պնդում է, որ «Գազպրոմ»-ը գազը Հայաստան հասցնելու այլընտրանքային ճանապարհ չուներ, այլապես անցած տասը տարիներին այդ ճանապարհը կգործարկվեր:

Իշխանությունները համաձայնում են` թեև  «Գազպրոմ» ընկերության հետ Հայաստանին գազի մատակարման պայմանների շուրջ ձեռք բերված համաձայնագիրը, ըստ որի Հայաստան գազի տարանցման համար Վրաստանն անցնում է  ֆինանսական ուղղակի վճարումների մեխանիզմի (մինչ այդ Վրաստանը ստանում էր տարանցման ընդհանուր ծավալի 10 տոկոսը), այնքան էլ ընդունելի չէ, այդուհանդերձ մի շարք կարևոր հարցեր է լուծում:

«Հրաժարվել «Գազպրոմ»-ի այս նախապայմաններից,  ինչպես ընդդիմությունն է առաջարկում, նշանակում է էներգետիկ  խնդիրներ ստեղծել բարեկամ երկրի (Հայաստանի) համար,  հրաժարվել տարանցիկ պետություն լինելու ֆունկցիայից, ընդհանրապես վերջ դնել  «Գազպրոմ»-ի հետ բոլոր հարաբերություններին»,-ասում է «Վրացական երազանք»-ի առանցքային անդամներից, պատգամավոր Գիա Վոլսկին:

«Ռադիոլուրի» հետ զրույցում նա ասաց, որ Վրաստանի իշխանությունները չեն ուզում  հարևան երկրի համար  լրացուցիչ խնդիրներ ստեղծել. «Ընդունելով ռուսական կողմի նախապայմանները`Վրաստանը շարունակում է իր տարածքով Հայաստանին գազի մատակարարումը` այդպիսով ընդգծելով  իր բարեկամ ու հարևան երկրի հետ տնտեսական ու քաղաքական մերձեցման կարևորությունը»։

Էներգետիկայի հարցերով անկախ փորձագետ Լիանա Ջարվելիձեն կարծում է, որ «Գազպրոմ»-ի առջև վրացական կողմի զիջումներն արդարացնում են տարանցիկ երկրի համբավը պահպանելու ընդհանուր  դիրքորոշումը. «Բոլոր հնարավորություններն իրանական գազի Հայաստան մատակարարման համար կան. խողովակաշարը կա, եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի  «Գազպրոմ»-ը կարող էր դա անել:  Հայաստանը միգուցե Իրանից ստանար ավելի մեծ ծավալի գազ, որից կարող էր օգտվել նաև Վրաստանը։ Սակայն Վրաստանը չի ցանկանում ընդդիմանալով ռուսական կողմին` վտանգի  տակ դնել տարանցիկ պետության համբավը»:

Ցուցադրել ավելի
Back to top button