Քաղաքական

Վիգեն Սարգսյան.«Կա փոխըմբռնում կարեւորագույն բոլոր խնդիրների շուրջ»


Այսօր եզրագծին է մոտենում
պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եռօրյա պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Շուրջ 7 տարի պաշտպանության նախարարի մակարդակով մեր հարավային հարեւան երկիր այց տեղի չէր ունեցել: Իրանական ԶԼՄ-ները ուշադիր հետեւում են Վիգեն Սարգսյանի պաշտոնական հանդիպումներին՝ հատուկ շեշտելով ՀՀ ռազմավարական կարեւորությունը Իսլամական Հանրապետության համար: Երկկողմանի կարեւորություն ներկայացնող այցից, հանդիպումներից եւ ձեռքբերվելիք պայմանավորվածություններից փաստացի նեղսրտել է Բաքուն: Այդուամենայնիվ, Վիգեն Սարգսյանը Թեհրանում է, ունեցել է մի շարք ուշագրավ հանդիպումներ: «Ռադիոլուրը» է հետեւում է պաշտպանության նախարարի աշխատանքային օրակարգին եւ տարածաշրջանային  հնարավոր արձագանքներին:

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը մեկ շաբաթ է ինչ Թեհրանից վերադարձել է Հայաստան: Հայ-իրանական հարաբերություններին հետեւում է շուրջ 13 տարի, դարավոր բարեկամության ֆոնին նայելով՝ երիտասարդի աչքերով ու ժամանակի թելադրանքով՝ երկկողմանի հարաբերությունները զարգացնելու մի շարք ուղղություններ է տեսնում: «Իրանը տարածաշրջանային ազդեցիկ երկիր է, ՀՀ դիտարկում է որպես բարեկամ երկիր եւ իր շահերի տեսանկյունից կարեւորում մեր աշխարհագրական դիրքը՝ ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ոլորտում»,-«Ռադիոլուր»-ին փոխանցեց Արտյոմ Տոնոյանը:

Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած Հայաստանի պաշտպանության եւ ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարների՝ Վիգեն Սարգսյանի եւ Հոսեյն Դեհղանի հանդիպմանը՝  ընդգծեց, որ կրկին վերահաստատվել է՝ ԼՂ-ի խնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու հնարավորությունը:

Հայաստանի եւ Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների բանակցություններն ընթացել են տարածաշրջանային եւ երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցերի շուրջ: Ըստ Վիգեն Սարգսյանի, կա փոխըմբռնում կարեւորագույն բոլոր խնդիրների շուրջ: Ամբողջացնելով, կարելի է ասել, որ կողմերը համակարծիք են կայունության պահպանման եւ տարածաշրջանում լարվածության նոր օջախների անթույլատրելիության հարցում:

«Տարածաշրջանային խնդիրների լուծումն ուժի կիրառմամբ անընդունելի է: Դրանց լուծումը բացառապես պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, և Իրանը այդ գործընթացին աջակցելու գործում ոչ մի ջանք չի խնայի՝ հայտարարել է իրանցի նախարարը»։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը հետեւելով ադրբեջանական ԶԼՄ-ներին՝ նշեց, որ շահարկումների առիթ է դարձել Իրանի պաշտպանության նախարարի այս հայտարարությունը:

«Ադրբեջանում վստահ են, որ Իրանը ցանկանում է  կործանել իրենց երկիրը, իսկ Իրանում էլ չունեն որեւէ երաշխիք, որ Ադրբեջանը Իրանի դեմ մի օր չի օգտագործի այն ռազմատեխնիկան, որ ձեռք է բերել Իսրայելից՝  Լեռնային Ղարաբաղի դեմ օգտագործելու համար»,-տեղեկացրեց իրանագետը:

Իսկ ինչո՞ւ մինչ օրս հայ-իրանական հարաբերություններում ակտիվ չի եղել ռազմական գործակցությունը։

«Ադրբեջանական մամուլում նշվում է, որ հայ-իրանական ռազմական համագործակցությունն ուղղված է Ադրբեջանի դեմ: Կա նաեւ տեսակետ, ըստ որի՝ Ռուսաստանն ինքն է Հայասատանին դրդում նման համագործակցության»։

Տեղեկացնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահը մարտին պատրաստվում է մեկնել Թեհրան: Այդուամենայնիվ, իրանագետ Արտյոմ Տոնոյանը, վերլուծելով Հայաստանի եւ Իրանի ռազմական ոլորտում նախանշվող համագործակցության հնարավորությունը եւ համադրելի շահերը, մատնանշում է. իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի դեմ հայ-իրանական համատեղ պայքարի ծրագիրը:

«Ինչպես հայտնի է, այդ սարքերը վերջին 5 տարիների ընթացքում հենց Ադրբեջանական Հանրապետության տարածքից օգտագործվել են թե Հայաստանի,  թե Իրանի դեմ»:

Վերադառնալով պաշտպանության նախարարի աշխատանքային պաշտոնական օրակարգին՝ տեղեկացնենք, որ այսօր Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Վիգեն Սարգսյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ նեղ կազմով։ Իրանի Մեջլիսի  պատգամավոր Կարեն Խանլարյանը «Ռադիոլուրին» ներկայացրեց հանդիպման որոշ մանրամասներ:

Տեղեկացնենք, որ նախարարը հասցրել է այսօր ծանոթանալ նաեւ Իրանի ռազմաարդյունաբերական համալիրին և ուսումնասիրել ռազմական արդյունաբերության իրանական փորձը:

Ցուցադրել ավելի
Back to top button