Տնտեսական

Ռեէքսպորտ կամ վիճակագրության եւ իրականության անհամապատասխանությունը


Հայաստանյան վիճակագրության եւ իրականության մեջ առկա անհամապատասխանության հետքերով է այսօր գնացել «Ռադիոլուր»-ը: Վերջերս հրապարակված թվերը գոհացուցիչ են՝ արձանագրվել է արտահանման 20 տոկոսի աճ: Բայց Հայաստանում առկա արտադրական ծավալներն ուսումնասիրելիս հասկանալի է դառնում, որ ինչ- որ բան այն չէ: Տնտեսագետները խնդրի հիմքում տեսնում են մի երեւույթ, որը մեկ բառով ձեւակերպում են «ռեէքսպորտ»:

Հրապարակված պաշտոնական տվյալներին տնտեսագետները չեն վստահում, կասկածում են՝ խեղաթյուրում կա կամ վիճակագրական ծառայության, կամ մաքսային մարմինների կողմից: Ինչպես է ստացվում, որ գոյություն ունեցող արտադրական ծավալների պայմաններում՝ արտահանումը կտրուկ աճել է:  Խնդիրը բացառապես մասնագիտական վերլուծության ենթարկելուց հետո գալիս են եզրահանգման՝ գործ ունենք «ռեէքսպորտ» հասկացության հետ: Տնտեսագիտության տեսանկյունից երեւույթը տնտեսության համար վտանգավոր չէ, կարող են լինել նույնիսկ օգուտներ՝ ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Ի՞նչ նկատի ունի տնտեսագետը. առաջին հերթին այն, որ ռեէքսպորտը պետք է համապատասխան ձեւակերպված լինի՝ իբրեւ ներմուծում՝ դրանից բխող մաքսային բոլոր վճարներով: Բայց այն, ինչ կատարվում է իրականում, վկայում է անօրինական գործողությունների մասին: Գյուղատնտեսական ակտիվ բերքահավաքի ժամանակ դեռեւս ահազանգեր հնչեցրեց «Ջերմատնային ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանը:

Խնդիրը տասնամյակի պատմություն ունի եւ հանդիպում է ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում: Տնտեսագետները՝ թե Թաթուլ Մանասերյանը, թե Վահագն Խաչատրյանը բերում են այլ օրինակներ եւս:

«Ներկրում են Թուրքիայից ոսկերչական իրեր եւ արտահանում են Ռուսաստան, դա այն ժամանակ, երբ պատժամիջոցներ էին գործում թուրքական արտադրանքի համար: Սա արդեն քաղաքական խնդիր է»:

Խնդիրը հասկանալու համար փորձենք այն դիտարկել նաեւ այլ տեսանկյունից: «Տնտեսական աճը առաջին հերթին պայմանավորված է արտահանման աճով»,- տնտեսության աքսիոմատիկ ձեւակերպումը «Ռադիոլուր»-ին փոխանցում է տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը՝ նշելով՝ խնդիրը անհրաժեշտ է դիտարկել արտահանում- ՀՆԱ հարաբերակցության տեսանկյունից: Հենց այնպես արտահանումը, մեր տնտեսությանը օգուտ չի բերի եւ պարզապես թվերից ոգեւորվել պետք չէ:  Արտահանումը դրական կազդի տնտեսության վրա, եթե համապատասխանի անհրաժեշտ պայմաններին:

Հայաստանը ԱՊՀ տարածքում արտահանման աճ գրանցած միակ երկիրն է: Պաշտոնական վիճակագրության այս թվերը հրապարակվեցին երեկ, բայց կոնկրետ ԵԱՏՄ-ում մեր գործունեությունից առայժմ գոհ չէ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ասում է՝ «էական շրջանառություններ չենք զարգացրել»:

Այսպիսով ակնհայտ է՝ տնտեսության մեջ կա հստակ խնդիր, որի մասին ահազանգում են մասնագետները, բայց կառավարությունում երբեւէ չեն բարձրաձայնել ոչ ռեէքսպորտում առկա խնդիրների, ոչ էլ՝ առավել եւս դրա անօրինական դրսեւորումների մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button