Մշակույթ

Միշել Օբամայի հավաքածուն համալրելու փոխարեն, նրանք կդառնան երևանյան թանգարանի զարդը


Միշել Օբամայի հավաքածուն համալրելու փոխարեն, նրանք կդառնան երևանյան թանգարանի զարդը: Լոսանջելեսաբնակ Ալիս Նավասարգյանի շուրջ 400 տիկնիկներից կազմված հավաքածուն  ԱՄՆ-ից Հայաստան է ուղևորվել ու սիրով նվիրաբերվել Երևանում կառուցվելիք Տիկնիկների թանգարանին՝ շնորհիվ թատերական գործիչ Երվանդ Ղազանչյանի:

 

Ճանաչված ու սիրված ֆիլմերի հերոսներ, քաղաքական գործիչներ, պարզապես՝ գեղեցկուհիներ: Շուրջ 400 տիկնիկներ. լոսանջելեսաբնակ Ալիս Նավասարգյանը քառասուն տարիների ընթացքում ձևավորած իր հավաքածուն սիրով նվիրաբերել է Տիկնիկների երևանյան թանգարանին, որը մշակույթի նախարարության մոտ ապագայի տեսլականում է: Այս ամենում, այսպես ասած «մեղքի»  իր բաժինն ունի թատերական գործիչ Երվանդ Ղազանչյանը, ով  տիկնիկների հավաքածուն անձամբ էր բերել հանձնելու մշակույթի նախարարին.

«Ալիս Նավասարգյանը Իսպահանի համալսարանն ավարտած, բավական կիրթ ու ազնիվ մի անձնավորություն է, մի քանի գրքերի հեղինակ: Իր «Բեմին նվիրված հայուհիներ» գրքում նա անդրադարձել է նաև Գալյա Նովենցին՝ կնոջս, որին պարզապես սիրահարված էին՝ ոչ միայն Ալիսը, այլև նրա ողջ ընտանիքը: Գալյայի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ուներ, ու այդպես մենք բարեկամացանք: Ես գիտեի, որ նա տիկնիկների հրաշալի հավաքածու ունի: Իսկ վերջերս, երբ հեռուստատեսությամբ լսեցի, որ Արմեն Ամիրյանն ուզում է տիկնիկների թանգարան բացել, Ալիսի հավաքածուն անմիջապես միտս ընկավ: Նախարարի հետ զրուցելուց հետո զանգահարեցի նրան: Ալիսը շատ ուրախացավ, երբ ասացի, որ իր հավաքածուն կարող է զարդարել այն թանգարանը, որ ցանկանում է բացել նախարարը: Շատ ոգևորվեց. «Մի՞թե Հայաստանում»: Այո՛, ասացի, հենց Երևանի կենտրոնում»:

Երվանդ Ղազանչյանը պատմեց, որ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի մտերիմներից մեկը փորձել է համոզել Ալիսին, որ  հավաքածուն նվիրի առաջին տիկնոջը, որը տիկնիկների սիրահար է և մեծ հավաքածու ունի:  «Ես ամեն ինչ արեցի , որ դա տեղի չունենա, և հավաքածուն այսօր Երևանում է: Հավաքածուի գեղարվեստական ու թանգարանային արժեքի մասին արդեն մասնագետի՝ Երևանի պատմության թանգարանի էքսկուրսիայի բաժնի վարիչ Մարինե Խաչմանուկյանի հետ ենք զրուցում:

Մարինեի խոսքով՝  Ալիս Նավասարգյանի  նվերը կարող է դառնալ հրաշալի հիմք տիկնիկների թանգարանի հետագա հավաքածուն ձևավորելու համար: Իսկ թանգարանը, ըստ մասնագետի պատկերացումների, կազմված կլինի հինգ բաժիններից՝ եվրոպական, թատերական, խորհրդային շրջանի տիկնիկների բաժիններ , նաև՝ հեղինակային, գեղարվեստական տիկնիկների բաժին: Մարինեի համոզմամբ՝ վաղուց ժամանակն է, որպեսզի վերջինը դուրս գա վերնիսաժային կարգավիճակից ու մուտք գործի թանգարան: Եվ, թերևս  ամենակարևորը՝ հայկական ազգային, ծիսական տիկնիկների բաժին: Այս ոլորտում հայերս հնագույն ավանդույթների կրողն ենք:

Հայոց մեջ ընդունված էին նաև հարսանեկան տիկնիկները, որոնց մասին  Ռադիլուրի հետ զրույցում վերջերս պատմել էր  գեղանկարիչ, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին: Ըստ նրա՝ հնում հայ կանայք լուռ էին, խոնարհ, որովհետև կուտակված դժգոհություններից ձերբազատվելու համար նրանք յուրահատուկ լուծում էին գտել: Ամուսնացող յուրաքանչյուր աղջիկ հայրական տնից իր պատրաստած տիկնիկն էր տանում, որի հետ զրուցում էր, կիսվում, հավանաբար փոխանցում նաև իր դժգոհություններն ու բացասական զգացմունքները:

Վերադառնալով տիկնիկների թանգարանին՝ Մարինե Խաչմանուկյանի տեղեկացմամբ հետաքրքիր ցուցադրությունից զատ  այնտեղ կիրականացնեն  նաև կրթական ծրագրեր՝ տարիքային տարբեր խմբերի համար, մի շարք հետաքրքիր նորույթներ, որոնք գաղափարի հեղինակներն առայժմ չեն գաղտնազերծում:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button