Հասարակություն

Ահազանգի հետքերով.հացի խնդիր՝ նարկոլոգիական կենտրոնում


«Ռադիոլուր»-ը ահազանգ ստացավ, որ Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում այսօր կեսօրին տեղի է ունենալու բողոքի ակցիա: Կլինիկայի հիվանդները և նրանց ընտանիքի անդամները պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեին պետության կողմից հիվանդներին սննդի տրամադրման դադարեցման  առիթով: Ահազանգի հետքերով գնաց նաև «Ռադիոլուր»-ը :

 

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում կարծես ամեն ինչ հանգիստ էր: Նախապես ազդարարված բողոքի ակցիայի ականատես չդարձանք, պարզվեց, որ աղմուկը բարձրացրել էր հիվանդանոցում արդեն 12 օր բուժում ստացող 60- ամյա տիկին Ազնիվը։

Եվ իսկապես, ինչպես հայտնեց կլինիկայի տնօրեն Պետրոս Սեմերջյանը, հիվանդներին այսօր առավոտյան սնունդ չի տրվել, բայց պատճառը ոչ թե ահազանգի իսկությունն է, այլ պարզապես օրերս հիվանդանոցին սնունդ մատակարարող ընկերությունների նոր մրցույթ է տեղի ունեցել և դեռևս հայտնի չէ հաղթողի անունը: Մինչ ընկերության ընտրվելը՝ հիվանդանոցը կօգտվի սննդի այլընտրանքային կետից՝ պատվերի սկզբունքով: Առավոտվա նախաճաշի պատվերը չեն հասցրել բերել զուտ տեխնիկական պատճառներով: Բայց նման բան առաջին անգամ է տեղի ունենում՝ մեզ հետ զրույցում հայտնեց կլինիկայի տնօրենը: Ինչ վերաբերում է նախօրեի ահազանգին, խոստովանում է, որ լրագրողների պես ինքն էլ անտեղյակ է և նույնպես ցանկանում է հասկանալ, թե ինչն է նման քայլի հիմք հանդիսացել:

Տիկին Ազնիվի ահազանգը գուցե վախի դրսևորում էր, նկատեց բժիշկ-նարկոլոգ Կարինե Ամյանը: Հիվանդներից շատերը հարազատներից սնունդ չեն ստանում, հետևաբար հնարավոր է սոված մնալու որոշակի խուճապ լինի:

Հիվանդներից մեկի հետ էլ զրուցեցինք՝ համոզվելու համար, որ իսկապես ահազանգը չափազանցված էր և տեղի ունեցածը պարզապես թյուրիմացություն:

Ահազանգի մասին՝ այսքանը, բայց որ  հիվանդանոցներում իսկապես սննդի հետ կապված խնդիրներ կան, թերևս բոլորս էլ գիտենք: Այս խնդրին արդեն «Ռադիոլուր»-ը կանդրադառնա ավելի ուշ։

Ցուցադրել ավելի
Back to top button