Քաղաքական

ԱԺ ընտրություններ.ծրագրեր դեռ չկան


Ներքաղաքական դաշտում, ըստ էության, կարելի է ասել այս պահին դեռ  շարունակվում է քաղաքական ուժերի ու գործիչների դիրքավորումների գործընթացը: Շատերը, սակայն, կարեւորում են այն ծրագրերն ու մոտեցումները, որոնք պիտի առաջարկեն ընտրություններին մասնակցող ուժերը՝ երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելու նպատակադրմամբ: Այս տեսանկյունից որոշ փորձագետներ կարծում են, որ քաղաքական ուժերն ուշացնում են, մինչդեռ, շատերն են սպասում հենց ծրագրային եւ բովանդակային քննարկումներին:  

Փորձագիտական շրջանակներում շատերը կարծում են, որ խորհրդարանական ընտրությունների բովանդակային քննարկումներն արդեն պետք է սկսված լինեին, այնինչ, դեռեւս առկա են բավականին շատ անորոշություններ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւերի առումով: Քաղաքագետ Արմեն Բադալյանի գնահատմամբ, օրինակ, նորմալ չէ, երբ մինչ օրս բովանդակային քննարկումներ չկան եւ քննարկումները դեռ շարունակվում են ընտրություններին մասնակցելու ձեւի հետ կապված:

Բովանդակային քննարկումների, այսինքն՝ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի կողմից առաջարկվող ծրագրերին օր առաջ սպասողներ էլ կան:

«Շատերը չեն խոսում, բայց ինձ համար հետաքրքիր է՝ արդյոք մենք կտեսնենք իրական թվերի վրա հիմնված մոտեցում»:

ԱԺ-ի գործող պատգամավոր Թեւան Պողոսյանն էր: Նա հաջորդ խորհրդարանում լինելու ցանկություն չունի: Ասաց, որ որեւէ ուժի կամ դաշինքի միանալու առաջարկ չի ստացել, սակայն, եթե ստանա նման առաջարկ, ապա՝ նախ պետք է ծանոթանա առաջարկողի ծրագրերին, կիսի դրանք, բացի այդ՝ պետք է հասկանա, թե որքանո՞վ են դրանք իրատեսական, եւ որքանո՞վ է ունակ դրանք կյանքի կոչող թիմը: Իսկ, որ հիմնախնդիրները շատ են եւ տարաբնույթ՝ միանշանակ է:

«2017-ից Հայաստանը ծերացող երկրների շարքը մտավ: Այս տարվանից մեզ մոտ մահացությունն ավելի շատ է լինելու, քան ծնելիությունը՝ բնական ձեւով: Նույնիսկ, եթե մեկը չարտագաղթի մենք այլեւս փոքրանալու ենք: Ո՞նց ենք նպաստելու, որ մեր ծնելիությունը եւ ժողովրդագրությունը բարձրանա, ի՞նչ քաղաքականություն ենք վարելու: Ինձ հետաքրքրելու է նաեւ այս տեսանկոյւնից նայել, թե՝ իրենք ինչ գործողություններ են առաջարկելու ինչպես ծրագիր: Խնդրում եմ, մի նախադասությունով չանեք: Եթե դա չի լինելու, ուրեմն, իսկապես, մնացածն ավելի շատ հիմնվում է, միգուցե, սիրուն խոսքերի, գեղեցիկ բառակապակցությունների վրա, բայց ոչ թե իրական քայլերի»:

Յուրաքանչյուրը կարող է նպատակներին հասնելու տարբեր ճանապարհներ առաջարկի: Բայց դա պիտի լինի հաշվարկների վրա ու թող դրանց մեջ լինի մրցակցությունը:

Ծրագրեր առաջարկելը կարեւորում է նաեւ «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հովհաննիսյանը: Նա նկատում է, որ սովորաբար, նախընտրական քարոզարշավների ընթացքում հիմնականում գերիշխում են զուտ քննադատությունները:

«Քննադատում են… Այո, երբեմն շատ իրավացիորեն քննադատում են, բան չունեմ ասելու, բայց իրենք ի՞նչ են առաջարկում: Այ, սա ամենակարեւորն է: Պետք է ոչ միայն առաջարկել, այլ նաեւ ինչ-որ գործեր անել»:

Վերլուծաբանը հիշեցնում է, օրինակ, ԱՄՆ-ի փորձը: Հաղթեց Հանրապետականը, սակայն, նույն Դեմոկրատական կուսակցությունը բազմաթիվ գործընթացների մեջ է գտնվում նույն Հանրապետականի ղեկավարությամբ:

«Որոնք ուժեղացնում եւ զարգացնում են իրենց երկիրը: Այ, սա ամենակարեւորն է, որպեսզի մենք հասկանանք, որ խոսքը առանձին մարդկանց մասին չէ, խոսքը համակարգի մասին է: Պետք է ստեղծվի կրթված, գիտական, ճիշտ աշխատող համակարգ»:

Հայաստանում այս խորհրդարանական ընտրություններում որոշակի փոփոխություններ կարող են լինել՝ կարծում է «Նորավանք» գիտակրթական-վերլուծական կենտրոնի տնօրենը: Ըստ նրա, սակայն, սկզբունքորեն շատ բան չի փոխվելու եւ մենք պետք է ելնենք հենց այդ իրողությունից: Նա կարծում է, որ դա պայմանավորված է նաեւ կուսակցությունների ոչ կայացած լինելուց: Նորաստեղծ կուսակցություները, գուցե եւ լավն են, գուցե եւ շատ լավ բաներ են ուզում, ես ոչինչ չունեմ ասելու՝ ասաց վերլուծաբանը՝ հավելելով.

«Բայց կուսակցության, քաղաքական ուժի կայացման համար անհրաժեշտ ատրիբուտիկային դեռ չեն տիրապետում»:

Վերլուծաբանը նաեւ կարծիք հայտնեց, որ նոր Սահմանադրությամբ խորհրդարանական կառավարման համակարգին անցումը գուցե եւ նպաստի կայացած կուսակցությունների ձեւավորմանը: Նա ասաց, որ այդ առումով տեսնում է, կան մեխանիզմներ նման խնդիրները համակարգված լուծելու: Թվում է, թե այդ նպատակով է ամեն ինչ արվել. տարբեր մոտեցումներ կան, սակայն, փաստն այն է, որ որոշողը ընդհանուր ընտրազանգվածի գիտական, կրթական, աշխարհաքաղաքական ցենզն է՝ եզրափակեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button