Մշակույթ

73 միլիոն դրամի հուշագիր. «Փյունիկ» հիմնադրամը՝ «Մշակութային կանգառ»-ին


Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը 73 միլիոն դրամ կհատկացնի նախարարության «Մշակութային կանգառ»-ին՝ դառնալով դրա գլխավոր հովանավորը։ Խոշորածավալ համագործակցության հուշագիրն այսօր ստորագրել են   ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը: Նախարարության նախաձեռնած ծրագրով՝ Հայաստանի պետական բոլոր երաժշտաթատերախմբերը հյուրախաղերով հանդես կգան Հայաստանի մարզերում և Արցախում:

Մեկ տարվա ընթացքում 426 մշակութային այց, մոտ 200 կինոցուցադրումներ, ընդհանուր առմամբ ավելի քան 600 մշակութային միջոցառում՝ չհաշված փառատոնային այցելությունները: Մշակույթի նախարարի ձևակերպմամբ սա իսկապես, աննախադեպ միջոցառում է, որին իր աջակցությունն է բերում Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը: Հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյան.«Մենք սիրով արձագանքեցինք, քանի որ «մեր սրտին խոսող բան մըն է: Նախարարը մեզ ուրախ լուր տվեց  2017-ի համար»:

Նախարար Ամիրյանն ասաց, որ ծրագիրը միաժամանակ մարզերում մեր ունեցած մշակութային հարթակները հաշվառելու, տեղերում մարդկային մշակութային ներուժը գնահատելու և հետագայում նախարարության օժանդակությունը ճիշտ կազմակերպելու հնարավորություն է:

Իսկ արդյունքը գնահատելիս կառաջնորդվեն վաճառված տոմսերի քանակով:

«Խնդիրը շատ կամ թանկ տոմս վաճառելը չէ: Դրանք կլինեն ընդամենը 300 դրամ, պայմանական միավոր ենք սահմանել տոմսի արժեքի համար: Մեր խնդիրն է նաև մարզերում, համայնքներում ստեղծել մշակութային միջոցառումների կազմակերպման ենթակառուցվածքներ: Հավատացե՛ք, որ նման ախտորոշումը նաև որակական փոփոխություն է բերելու, որովհետև մի բան է, երբ կոլեկտիվի ձրի համերգին աշակերտներին պարտադրելով բերում են դահլիճ, մեկ այլ բան է, երբ  գյուղում ապրող մարդը՝ տեսնելով պաստառը, սիրահոժար գնում է էժան տոմսն ու մասնակցում համերգին»:

Նախարար խոսքով՝ մշակույթի հետ շփվելն այսօր, կարծես, շքեղություն է դարձել մարզում ապրող մարդու համար՝ ի տարբերություն Երևանի, որտեղ մշակութային կյանքը շատ բարձր մակարդակի վրա է:

«Մենք պարզապես մեր բաժնից պետք է հասցնենք մեր համերկրացիներին»,-ասաց նախարարը՝ վստահություն հայտնելով, որ «Մշակութային կանգառ»  ծրագիրը լրջորեն փոխելու է մեզ շրջապատող մշակութային միջավայրը:

Ցուցադրել ավելի
Back to top button