Հասարակություն

Հայաստանն ու Վրաստանը փորձում են զբոսաշրջային միասնական փաթեթ մշակել


Հայաստանի ու Վրաստանի կառավարությունները  2014 թ.  հունիսին  համաձայնագիր են ստորագրել, որով երկու երկրների կառավարությունները խրախուսում են տուրիզմի զարգացումը: 2016թ  Վրաստան  այցելած զբոսաշրջիկների շուրջ 25 տոկոսը հայերն են` տվյալները փոխանցել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար  Թոռնիկե Զիրաքիշվիլին: Սակայն 2016-ին 2015-ի համեմատ մեր երկիր նվազել է վրացի զբոսաշրջիկների թիվը: Տվյալները «Ռադիոլուր»-ին փոխանցել է  Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի ամփոփ  վերլուծությունների բաժնի  գլխավոր մասնագետ Անուշ Բաբայանը:

 

 

Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը, ո՞ր երկիրը նախընտրել: Հայերիս, ու ոչ միայն, անհանգստացնող հարցերից մեկի պատասխանը ստանալը այնքան էլ հեշտ չէ: Մեր հայրենակիցներն օրինակ ավելի շատ նախընտրում են դրսում հանգստանալ։ Պատճառը,  ըստ նրանց, շատ պարզ է՝

«60-70 հազարով ես դրսում տասը օր կհանգստանա, այստեղ՝ երկու կամ երեք օր»:

Զբոսաշրջությունը Հայաստանում  գերակա ուղղություն է համարվում: Մինչ հայերը դրսում են հանգստանում, մեր երկրում զբոսաշրջության զարգացմանը մեծ ուշադրություն է դարձվում:  Ոլորտի ներկայացուցիչները ընդգծում են՝  հայերը Վրաստանում հանգստանում են նաև  ձմռանը:

«Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել»,- զբոսաշրջիկներին  այս տրամաբանությամբ են ծառայություններ  առաջարկում Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունում, որի տնօրեն Կարինե Դավոյանը թվարկում է զբոսաշրջության հայկական  առավելությունները, մինչ այդ չմոռանալով նշել՝ Հայաստանը զբոսաշրջության  ոլորտում  զարգացման մեծ ներուժ ունի

«Տարեցտարի ընդլայնվում է զբոսաշրջիկներին առաջարկվող   փաթեթների ուղղությունները:  Հայաստանն ունի  պատմական հուշարձաններ, որոնք  գրավում են զբոսաշրջիկներին:  Մեր երկրում է նաև  աշխարհի ամենաերկար՝  Տաթևի ճոպանուղին, որը  հետաքրքիր է զբոսաշրջիկների համար»:

Հայաստանը մեծ ներուժ ունի՝ լեռնային եւ ագրոտուրզիմը  զարգացնելու համար՝ ասում է Կարինե Դավոյանը։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նրան հակադարձում է  ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը, հիշեցնում հանքարդյունաբերության մասին, որը նույնպես գերակա  ուղղություն է մեր երկրում հռչակված.«Չի կարող մի տարածքում կայուն զարգանա զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը,  բնապահպանությունը, մենք ընդամենը 29 հազար կմ տարածք ունենք, ոչ թե Ռուսաստանի նման անծայրածիր ենք»:

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի ամփոփ  վերլուծությունների բաժնի  գլխավոր մասնագետ Անուշ Բաբայանը  «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  նշում է, որ  2016-ին  2015-ի համեմատ Վրաստանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է.«2015թ Վրաստանից Հայաստան ժամանումները կազմել են շուրջ 310 հազար, իսկ 2016-ին՝ 286 հազար: Մի փոքր նվազում է  նկատվել, սակայն ընդհանուր այցելությունների մեջ ավելացել է 28 տոկոսով:  Վերլուծություն, թե որն է նվազման պատճառը, տվյալ պահին չկա»:

Զրուցակցիս փոխանցմամբ, Հայաստանի ու Վրաստանի կառավարությունները  2014թ  հունիսին  համաձայնագիր են ստորագրել, որով երկու երկրների կառավարությունները խրախուսում են տուրիզմի զարգացումը:

Վրացի զբոսաշրջիկները նախընտրում են այցելություններ պատմամշակութային վայրեր, թանգարաններ, պարտադիր է  նաև հայկական խոհանոցից օգտվելը:

Երկու երկրների ոլորտային ներկայացուցիչները նաև մասնավոր հատվածում են համագործակցում:  Հայ և վրացի տուրօպերատորները  փաթեթներ են առաջարկում ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը; Նրանք միասին տարածաշրջանային փաթեթներ են առաջարկում զբոսաշրջիկներին: Հայաստանը Վրաստանին տուրիզմի ոլորտում ոչ թե մրցակից, այլ գործընկեր երկիր է տեսնում: Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար   Թոռնիկե Զիրաքիշվիլին նշում է, որ 2016թ  Վրաստան այցելած զբոսաշրջիկների շուրջ 25 տոկոսը հայերն են, ռուս զբոսաշրջիկները կազմում են 3 տոկոսը միայն:

«Վերջին հինգ տարիներին ավելի քան 7 մլն հայ է այցելել Վրաստան: Սա շատ  լավ ցուցանիշ է երկու երկրների համար:  Այժմ փորձում ենք  Հնդկաստանից ու Ճապոնիայից  այցելող զբոսաշրջիկներին համակցված  փաթեթներ առաջարկել դեպի Վրաստան, Հայաստան, Իրան: Այս փաթեթները շատ կարևոր են նրանց համար»:

Ի դեպ՝ Երեւանը որպես զբոսաշրջային գրավիչ և յուրօրինակ քաղաք, մշտապես հայտնվում է միջազգային տպագիր և էլեկտրոնային մամուլի ուշադրության կենտրոնում: Բրիտանական հայտնի www.momondo.co.uk  որոնողական համակարգը Երևանը ներառել է 2017թ. մատչելի զբոսաշրջային քաղաքների շարքում:

Հոդվածում առանձնացվել են տարվա 12 ամիսների համար այցելության նախընտրելի քաղաքները: Երևան այցելելու համար խորհուրդ է տրվում ընտրել հունիս ամիսը:

Back to top button