Հասարակություն

Ս. Սարգսի տոնը՝ փետրվարի 11-ին


Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Ուշի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի: Երիտասարդների և սիրո բարեխոս Ս. Սարգսի տոնը վերջին տարիներին բավականին մեծ ճանաչում է ձեռք բերել: Այն այս տարի կնշվի փետրվարի 11-ին: Արարատյան հայրապետական թեմն ավանդաբար տոնի շրջանակներում մի շարք միջոցառումներ է կազմակերպում: Միջոցառումներին այս տարի միացել է նաև մշակույթի նախարարությունը:

 

Սուրբ Սարգսի տոնը շարժական է: Այն այս տարի կնշենք փետրվարի 11-ին: Սիրո արագահաս բարեխոսի տոնը, ի դեպ, ոչ միայն իր առանձնահատուկ տեղն ունի Հայ առաքելական եկեղեցու օրացույցում, այլև շատ սպասված է հատկապես երիտասարդների կողմից: Տոնին մեծ ոգևորությամբ են սպասվում սիրահարվածները և ոչ միայն: Շատերը հավատում են, որ գուցե այդ օրն էլ հանդիպեն իրենց երկրորդ կեսին: Հատկանշական է, որ տոնը մեզանում նշվում է ոչ միայն եկեղեցական ծեսով, այլև ժողովրդական սովորույթներով, ինչն էլ ավելի ամբողջական է դարձնում տոնը՝ ասում է Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Քահանան հորդորում է հետևելով ավանդույթներին՝ չմոռանալ տոնի հոգևոր խորհուրդը: Դես իսկ ավանդույթները մի քանիսն են, որոնցից ամենատարածվածն իհարկե աղի բլիթի հետ է կապված: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա նրա երազանքը: Տեր Եսայի քահանա Արթենյանը, ի դեպ, նկատում է, որ տարեց տարի մեր երիտասարդներն ավելի շատ սկսել են տոնել մեր ազգայինը, իսկ Վալենտինի տոնը աստիճանաբար կորցնում է իր հմաքն ու կարևորությունը մեր հասարակության շրջանում:

Քահանայի կարծիքը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատեցին նաև պատահական անցորդները:

Մեր եկեղեցին իհարկե ողջունում է նման հետաքրքրությունը ազգային տոնի հանդեպ, թեև խոստովանում է, որ նպատակը բոլորովին էլ Վալենտինի տոնի դեմ պայքարելը չէ:

Իհարկե, պետք է խոստովանել, որ մեր հասարակության մեջ դեռևս շարունակում է նշվել նաև Վալենտինի տոնը: Պատճառն, իհարկե, ոչ այնքան հասարակության անտեղյակություն է, որքան տարբեր գովազդները, կոմերցիոն դրսևորումները, եւ իհարկե, սիրո տոնը երկարացնելու երիտասարդական անկեղծ ցանկությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button