Քաղաքական

Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման համար լուրջ ներուժ կա.իրանագետ


Հունվարի 27-ին, երբ պաշտպանության նախարարն ամփոփում էր իր գործունեության 100-րդ օրը, անդրադարձավ ՌԴ, Վրաստան, Հունաստան իր պաշտոնական այցելություններին ու հատկապես արդյունավետ գնահատեց Վրաստան այցը։ Վիգեն Սարգսյանն այսօր արդեն մեր մեր հարավային հարեւան երկրում է հյուրընկալվել՝ Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով: Ավելի վաղ նախարարը նշել էր, որ «մենք ունենք բազմաթիվ անվտանգային խնդիրներ այս տարածաշրջանում»: 

Վերջին անգամ Հայաստանի պաշտպանության նախարարն Իրան է այցելել 2010 թ-ին: 7 տարի անց Թեհրան է մեկնում արդեն  նախարար Վիգեն Սարգսյանը Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով: Իրանական ԶԼՄ-ները ուշադիր հետեւում են Վիգեն Սարգսյանի պաշտոնական հանդիպումներին՝ հատուկ շեշտելով ՀՀ ռազմավարական կարեւորությունը Իսլամական Հանրապետության համար՝ «Ռադիոլուր»-ի հետ բացառիկ հարցազրույցում փոխանցեց Իրան Մեջլիսի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը՝ նշելով, որ դեռ մամուլում վերլուծություններ չկան, բայց դրական կարծիք եւ «սպասելի այց» որակումը՝ հստակ է:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը երկու օր է հետեւում է իրանական ԶԼՄ-ների հրապարակումներին՝ հավելելով նշում է, որ մամուլը հիշեցնում է՝ ՀՀ-ն 1991 թվականից անկախության հռչակումից հետո մշտապես պահպանել է բարեկամական հարաբերություններ, որոնք զարգացել են վերընթաց կորագծով:

Այժմ Վիգեն Սարգսյանի աշխատանքային օրակարգին անդրադառնանք: Մեր պաշտպանական  գերատեսչության ղեկավարն արդեն հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հետ։ Նա գոհունակություն հայտնելով հայ-իրանական դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ, ասել է, որ Իրանը, ունենալով 15 հարևան, մշտապես ձգտել է հարևանների հետ բարիդրացիական և բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել: Ի պատասխան, Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կարևորելով տարածաշրջանում Իրանի ունեցած դերակատարությունը, վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստակամ է Իրանի հետ ընդլայնել իր համագործակցությունը և բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը:

«Հայաստանը ցանկանում է Իրանի հետ պաշտպանական ոլորտում ընդլայնել համագործակցությունը, համոզված ենք, որ այցը կնպաստի հետագա համագործակցությանը»,-ասել է Վիգեն Սարգսյանը:
Այնուհետեւ Հոսեյն Դեհղանը խոսել է  տարածաշրջանային հակամարտությունների մասին, մասնավորապես ասելով՝ մեջբերում եմ,  «Տարածաշրջանային խնդիրների լուծումն ուժի կիրառմամբ անընդունելի է: Դրանց լուծումը բացառապես պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, և Իրանը այդ գործընթացին աջակցելու գործում ոչ մի ջանք չի խնայի»:

Ի պատասխան,  Վիգեն Սարգսյանը, ողջունելով Իրանի դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում, համոզմունք է հայտնել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, վերլուծելով ռազմական  ոլորտում հնարավոր համագործակցության տեսանելի  ուղղությունները, փոխանցեց հետեւյալը՝ քաղաքական ոլորտում ընթացող զարգացումների ֆոնին հետ էր մնում ռազմական փոխգործակցությունը, որը չափազանց կարեւոր է, եւ ՊՆ նախարարի այցելությամբ փորձ է արվում դրանք հավասարազոր դարձնել:

«Այցն ունի երկու բաղադրիչ: Պաշտպանական- ռազմական ու քաղաքական: Պաշտպանական ոլորտի մասով ՀՀ եւ Իրանը լուրջ ներուժ ունեն զարգացնելու հարաբերությունները մի քանի ուղղությամբ՝ բարձր տեխնոլոգիական ռազմական արտադրության, թիկունքի ապահովման, ռազմաուսումնական ծրագրերի կազմակերպմանը»:

Չհրապարակելով կուլիսներից այն կողմ ձեռք բերվելիք պայմանավորվածությունները՝ քաղաքագետը նշեց, որ պաշտպանության նախարարի նման բարձրաստիճան պաշտոնյայի այցելությունը չի կարող իր հետեւանքը չունենալ հայ-իրանական հետագա հարաբերություններում, ինչը անհանգստացնում է Ադրբեջանին:

Իրանը տարածաշրջանային ազդեցիկ երկիր է, ՀՀ դիտարկում է որպես բարեկամ երկիր եւ իր շահերի տեսանկյունից կարեւորում մեր աշխարհագրական դիրքը՝ ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ոլորտում։

Համատեղ դրական փոխգործակցություն է նկատվում նաեւ երկու ժողովուրդների անմիջական շփումներում, որը, ըստ Ոսկանյանի, միայն դրական կանդրադառնա պաշտոնական ֆոնի ներքո: Տեղեկացնենք, որ վաղը նախատեսված է Վիգեն Սարգսյանի հանդիպումը Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նկարները՝ Արմեն Իսրայելյանի ֆեյսբուքյան էջից

Ցուցադրել ավելի
Back to top button