Տնտեսական

Ինչպիսին կլինի ընտրությունների ազդեցությունը տնտեսության վրա


Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է 2016-ի ցուցանիշները, որտեղ տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնիսկ ավելի ցածր է երեկ տնտեսագետների կողմից կանխատեսված 1 տոկոսից էլ: Թեեւ տարին նոր է սկսվել, բայց բոլորին արդեն հետաքրքրում է, թե ինչ սպասելիքներ կարող ենք ունենալ այս տարվանից: Մեզ համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է առնվազն 7 տոկոսի տնտեսական աճ, իրողություններից ելնելով կանխատեսվել է 3.2 տոկոսի աճ, բայց սա էլ որոշ տնտեսագետների համար հարցական է՝ առջեւում ընտրություններ են, որոնք կարող են տհաճ հետեւանքներ ունենալ: Ճիշտ է՝ այս տեսակետի կողմնակիցները հանդիպում են հակադարձման՝ գործարարները խելքի են եկել եւ ճակատագրական հույսեր չեն կապում քաղաքական դաշտի հետ:

 

 

2016-ի համար նախատեսված 2.2 տոկոսի տնտեսական աճի սպասումները լրջորեն տապալվեցին՝ արձանագրվել է ընդամենը 0.5 տոկոսի տնտեսական աճ: Այս տարվա համար կանխատեսվում է 3.2 տոկոսի տնտեսական աճ, սակայն չի հաշվարկվել, որ տարին ընտրական է: «Մեր պես երկրներում ցանկացած ընտրություն դա շոկ է»,- ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ կանխատեսելով, որ հետընտրական ցնցումները կրկին կազդեն տնտեսության վրա: Ասում է՝  եթե այս տարին մեկ տոկոս տնտեսական աճի սահմաններում էլ կարողանանք փակել, դա եւս հաջողություն կհամարի:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը չի գերագնահատում ընտրությունների ազդեցությունը տնտեսության վրա: Ազդեցություն իհարկե կա, չի ժխտում, բայց ճշտում է՝ գործարարները խելքի են եկել:

Չմտնելով քաղաքական դաշտ, զուտ տնտեսական ցուցիչներն ուսումնասիրելով՝ տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը իրատեսական է համարում այս տարվա համար կանխատեսված 3.2 տոկոսի տնտեսական աճը: Իհարկե, Հայաստանի համար անհրաժեշտ է համարում առնվազն 7 տոկոսի տնտեսական աճ:

Ի դեպ, անհրաժեշտ տնտեսական աճին հասնելու համար հարկավոր է մեծացնել նաեւ արտահանումների ծավալը: Այս գործում նպաստավոր ուղղություն իբրեւ Գործատուների միության նախագահը կրկին մատնանշում է ԵԱՏՄ-ն: Ասում է՝ դեռեւս չի հաջողվել ճիշտ հաշվարկել եւ օգտվել բոլոր հնարավորություններից: Օրինակ է բերում կոնյակի շուկան: Ռուսական կոնյակի 400 միլիոն դոլարի շուկայի 30-32 տոկոսն է կարողանում ապահովել Հայաստանը՝ 160 միլիոն դոլարի շրջանառությամբ: Պետք է քայլեր ձեռնարկել, որ գինի- կոնյակի շուկայի էժան հատվածն էլ գրավենք՝ ասում է Մակարյանը՝ հուշելով հեռանկարային զարգացման մի քանի ուղղություն եւս:

Կոնկրետ 300 միլիոն դոլարի ներդրումների խոստման հետ տնտեսական զարգացումը չի պայմանավորում Վահագն Խաչատրյանը: Հիշեցնում է՝ նմանատիպ խոստում ռուսաստանաբնակ հայ գործարարները տվել էին նաեւ 2008-ին:

Մի կողմ դնելով թվերը եւ խոստումները՝ Վահագն Խաչատրյանը տնտեսության լավագույն ցուցիչ է համարում արտագաղթը: Կարծում է՝ եթե մարդիկ կարողանան լավ ապրել՝ չեն արտագաղթի: Իսկ այսօր հրապարակված պաշտոնական տվյալները փաստում են՝ 2016-ին երկրից մեկնողների թիվը ժամանողներից 48 170-ով շատ է։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button