Քաղաքական

Արցախյան հիմնախնդրի դերը՝ նախընտրական զարգացումներում


Ի՞նչ տեղ եւ դեր կունենա Արցախյան հիմնախնդիրը նախընտրական զարգացումներում: Այս հարցերին այսօր անդրադարձել են Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն ու ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նրանք համակարծություն են արտահայտել առ այն, որ Արցախի հիմնախնդիրը համահայկական հարց է եւ, այդ առումով, պետք է ունենանք կուռ ու համերաշխ հասարակություն, որպեսզի ոչ ոք հավակնություն չունենա Արցախի նկատմամբ: Առնվազն սկզբունքային հարցերում միասնական մոտեցումների համար էլ քննարկումներն անհրաժեշտ են՝ կարծիք են հայտնել բանախոսները:

 

Արցախյան հարց չկա առանձին եւ այն հայության հիմնահարց է, հետեւաբար՝ այն պիտի դառնա նախընտրական քննարկումների թեմա: Այս կարծիքին է Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա՝ մոտեցումները պետք է համապատասխանեն հեռահար նպատակի: Միաժամանակ, նա նկատում է, որ հաճախ քաղաքական ուժերը հարցը քննարկում են ոչ թե խնդիրն իսկապես  լուծելու համար, այլ՝ զուտ նախընտրական քարոզչության:

«Այսօր քաղաքական դաշտում Ազգային ժողովում լինելու հավակնություն ունեցող քաղաքական ուժերի մեջ այս կամ այն առումով արտահայտված բանաձեւերը, առայժմ, հեռու են Արցախի հարց լուծելու հավակնությունից»:

Աժ պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքով՝ նախընտրական քարոզարշավում Արցախի հիմնախնդրի քննարկում, բնականաբար, պետք է լինի: մանավանդ՝ Սահմանադրական բարեփոխումից հետո, երբ անցնում ենք խորհրդարանական կառավարման եւ ընտրելու ենք իշխանության օրենսդրական թեւ, որը եւ պետք է պատասխան տա, թե 5 տարին ինչ ծրագրով են եկել եւ ինչ քայլեր են ձեռնարկելու:

«Ո՞նց են նպաստելու Արցախյան հիմնախնդրի լուծմանը: Առնվազն՝ մենք այս քայլերն ենք անելու՝ այս բաների համար: Դա բնական պրոցես պետք է լինի եւ ինչ գործողություններ են առաջարկում: Ինձ համար ծրագիրը, դա միայն սիրուն ձեւակերպված մեկ նախադասությունը չի լինելու: Պիտի կարողանանք վստահությունը ձեւավորել, որ իրենց առաջարկած ծրագրերը եւ իրենց առաջարկած թիմերը, իսկապես, վստահելի են»:

Լարիսա Ալավերդյան.«Ես դեմ եմ բոլոր վերին աստիճանի հասարականացված, պրիմիտիվացված կարգախոսներին: հստակեցնենք՝ ես կողմ եմ բոլոր այն կոչերին, որոնք ասում են՝ եկեք քննարկումներ անցկացնենք: Ես կխնդրեի բոլոր քաղաքական ուժերին, սա խորհուրդ չէ, սա ամենահամեստ դիրքերից խնդրանք է՝ պետք չէ շրջանառության մեջ դնել այնպիսի գաղափարներ, որոնք դեռ արգասիքը չեն լայն քաղաքական, նախեւառաջ, քննարկումների»:

Հայաստանի Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը կարծում է, որ եթե յուրաքանչյուր քաղաքական ուժ պիտի հիմնախնդրի հետ կապված տարբեր ուղղություն վերցնի, ապա նախընտրական շրջանում հիմնախնդրի քննարկումը շատ ավելի վտանգավոր կլինի:

«Որովհետեւ Արցախի հիմնախնդիրը այն խնդիրը չէ, որ հայությունն ունենա բեւեռացված մոտեցումներ: մենք այսօրվա դրությամբ դեռ չենք կողմնորոշվել, անգամ, այն գլխավոր հարցերի հետ կապված, որ մի հատ ընդհանուր կոնցեպտուալ մոտեցում ունենանք: Բայց էդպես հարց չի լուծվում»:

Ի դեպ, Դեմկուսն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքի հետ: Արդյո՞ք դաշինքում Արցախյան հիմնախնդրի հետ կապված մոտեցումների հստակություն-միասնություն կա: Արձագանքելով մեր այս հարցին՝ Արամ Գասպարի Սարգսյանը նախ շեշտեց, թե իրենց առաջին հայտարարության մեջ այդ խնդիրը նույնպես արծարծված է, նշեց, որ Սեյրան Օհանյանը նույնպես գործընթացի վերաբերյալ առանձին հայտարարություն արեց, ապա հավելեց.

«Հիմա, երբ վերջնականորեն կձեւավորենք եւ դաշինքը, եւ՛ նրա նախընտրական ծրագիրը, դուք այդ բոլոր սկզբունքները այնտեղ կտեսնեք եւ մենք դուրս կբերենք արդեն մեր ժողովրդի դատին եւ կքննարկենք հանրության հետ. Ինչքան հնարավոր է, լայն կքննարկենք այդ բոլոր սկզբունքները»:

Սկզբունքները ՀՀԿ-ի մոտեցումներից տարբերվում են՝ ի պատասխան մեկ այլ հարցի՝ շեշտեց Դեմկուսի ղեկավարը: Նա հստակեցրեց, թե այսօրվա Մադրիդյան սկզբունքներն իրենց համար անընդունելի են եւ այդ հարցն առաջնային են դնելու: Կարգավիճակ՝ տարածքների դիմաց մոտեցումն էլ Արամ Սարգսյանն անհեթեթություն է համարում: Դիտարկմանը, որ նախկինում Դեմկուսի ղեկավարը քննադատել է ԼՂ հարցում վարվող արտաքին քաղաքականությունը, երբ արտգործնախարարը Վարդան Օսկանյանն էր՝ Արամ Գասպարի Սարգսյանն այսպես արձագանքեց.

«Մենք քննարկում ենք ԼՂ հիմնահարցի խնդիրը: Կարող եմ ասել, որ եթե Սեյրան Օհանյանի հետ ես ունենայի մոտեցումների տարբերություն, դժվար թե, մեր այդ միասնությունը կայանար: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի դիրքորոշմանը. այո մենք քննարկել ենք որոշակիորեն, հիմա էլ կշարունակենք այդ քննարկումները, դա մանր-մունր մոտեցումներ են կփոխվեն»:

Գլխավոր հարցի շուրջ համաձայնությունները կան եւ դա՝ իրենց մոտեցումը, կարտահայտվի համապատասխան փաստաթղթում՝ իր խոսքը եզրափակեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքով մասնակցող Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button