Մշակույթ

Ֆլեշբոմ՝ Արամ Մանուկյանի տան մոտ


Արամ Մանուկյան 9 հասցեում մշակույթի նախարարության նախաձեռնած և Մնջախաղի թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանի գեղարվեստական մտահղացմամբ իրականացված ակցիայի նպատակը մեկն  էր՝ հանրության ուշադրությունը սևեռել Արամ Մանուկյանի տան ու պատմամշակութային այլ հուշարձանների պահպանության խնդրին: Նշենք, որ շենքը ներառված է պատմամշակութային հուշարձանների ցանկում: Այն ոչ միայն ճարտարապետական, այլև պատմական մեծ արժեք է ներկայացնում, 1917-1919 թվականներին այս տանն է ապրել Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը:

Կենսագիրները մինչ օրս վիճում են՝ նա ծնվել է Սյունիքի մարզի Դավիթ Բե՞կ գյուղում, թե՞ Արցախի Շուշի քաղաքում: Ստույգ է ծննդյան տարեթիվը՝ 1879: Դավիթ Բեկ գյուղում, թե Շուշի քաղաքում ծնվելու հանգամանքը որևէ կերպ չէր փոխելու այն կյանքը, որն ապրեց հայոց նորագույն պետականության հիմնադիր, պետական ու հասարակական գործիչ, ՀՅԴ անդամ Արամ Մանուկյանը, նույն ինքը՝ Արամ փաշան:

Երևանում նրա ապրած տան առջև՝ Արամ Մանուկյան 9 հասցեում մշակույթի նախարարության նախաձեռնած ակցիայի նպատակն էր՝ հանրության ուշադրությունը սևեռել Արամ Մանուկյանի տան ու պատմամշակութային այլ հուշարձանների պահպանության խնդրին։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյան. «Փաստաթղթերով, օրենքով սահմանված կարգով՝ այս շենքը պատմամշակութային հուշարձանների ցանկում է, բայց մենք ուզում ենք նաև հանրության ուշադրությունը սևեռել մեր քաղաքի հարստության վրա։ Ուզում ենք ոչ միայն օրենքով պահպանել շենքը, այլև հասարակության շրջանում որոշակի տրամադրություններ ստեղծելով։ Արամ Մանուկյանի տունը ներառված է «Հին Երևան» նախագծում և, կարծում եմ, որ հետագայում այն կլինի այնպիսին, ինչպիսին եղել է նախկինում։ Կարևորն այն է, որ շենքը վերակառուցվի ու նրան ներարկվի այն մթնոլորտը, որն ունեցել է Առաջին հանրապետության տարիներին»:

Հնագետ Հակոբ Սիմոնյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր քաղաք  պետք է ունենա իր պատմության հաջորդական փուլերը ներկայացնող բոլոր շերտերը: Իսկ Արամի 9 հասցեում գտնվող շինությունն այդ առումով պատմական ու ճարտարապետական բացառիկ արժեք է ներկայացնում:

1917 թվականի դեկտեմբերին, երբ Արամը եկավ Երևան, նրան՝ 1915-ի Վանի ինքնավար հայկական նահանգի փառապանծ նահանգապետին, իսկ այդ ժամանակ արդեն Արևելյան Հայաստանի փաստացի ղեկավարին, դիմավորեցին մեծ ցնծությամբ: Երևանի պատվարժան քաղաքացիներից մեկը՝ Ֆադեյ Քալանթարյանը, նրան նվիրեց ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով այն ժամանակ՝ Ցարսկոյե փողոցում 1910 թվականին կառուցված երկհարկանի տունը: Փոքրիկ շինությունն այդ պահից դարձավ Հայոց պատմության մաս: ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր  Աղվան Վարդանյանի ձևակերպմամբ՝ մեր մեծերից ավելի քան որևէ մեկը Արամ Մանուկյանն է խորհրդանշում անկախ պետականությունը, որովհետև նա է Առաջին հանրապետության ստեղծողը: «Յուրաքանչյուր ժողովրդի այսօրն ու ապագան որոշվում է նաև իր մեծերի հանդեպ վերաբերմունքով»,-ասում է դաշնակցական գործիչը:

«Տարիներ շարունակ հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Դիմել ենք կառավարությանը, որը երաշխավորել է՝ այս մասնավոր տարածքում գտնվող Արամ Մանուկյանի տունը «Հին Երեւան» նախագծի շրջանակում պետք է վերականգնվի, պահպանվի»:

1917 թվականի դեկտեմբերից մինչև մահը Արամ Մանուկյանն ապրել է երևանյան այս տանը: Նրա մահից չորս ամիս առաջ այդ տանն է ծնվել դուստրը՝ Սեդան: Արամ Մանուկյանի մահից հետո նույն հասցեում է ապրել նրա այրին՝ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Եկատերինա Զալյան-Մանուկյանը: Հայաստանի կառավարության որոշմամբ Ցարսկոյե փողոցն անվանափոխվել է՝ դառնալով Արամի փողոց: 1921-1991թթ. այն կրել է Սպանդարյան անունը, 1991-ին փողոցը վերանվանվեց Արամի անունով:

2005-ին Երևանի քաղաքապետարանն օտարեց Արամի, Բուզանդի ու Կողբացի փողոցներով եզրափակված տարածքը, և Արամ Մանուկյան 9 հասցեում գտնվող պատմական շինությունը հայտնվեց օտարված հողում: Այսօր ավերակի վերածված շենքի պահպանված դիմապատի փոքրիկ ցուցանակն է միայն հուշում, որ այդտեղ ապրել է Հայաստանի նորօրյա պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը, որի մասին ժամանակի մեկ այլ նշանավոր գործիչ՝ Նիկոլ Աղբալյանը, գրել է.«…Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…»:

Ցուցադրել ավելի
Back to top button