Հասարակություն

Սեւանա լիճն ու Ջերմուկը նաեւ մերն է


Հերթական քննարկումը, մտահոգություններն ու առաջարկներն Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված: Մեկ տասնյակից ավելի բնապահպանական կազմակերպություններ կրկին բարձրաձայնում են՝ հանքավայրի շահագործման ծրագրում առկա են բազմաթիվ ռիսկեր, որոնք անթույլատրելի են դարձնում հանքի շահագործման մեկնարկը։ Ներդրող կազմակերպությունը սակայն շարունակում է վստահեցնել՝ հետազոտությունները կատարվել են, դրանք նաև շարունակական բնույթ են կրելու:  «Լիդիան Արմենիա»- ից «Ռադիոլուր»-ին վստահեցրել են՝ վտանգված չեն  ոչ Սևանա լիճը, ոչ էլ Ջերմուկի հանքային ջրերը: Ասվածի ապացույցը ներդրող ընկերության աշխատակիցների՝ ապագայում Ջերմուկում հանգստանալու խոստումն է:

 

Շահագործե՞լ, թե՞ ոչ Ամուլսարի հանքավայրը։ Չնայած ծրագրի մեկնարկը տրված է, այդուհանդերձ հանքավայրի շահագործման շուրջ կրքերը չեն հանդարտվում: Գիտնականների,  բնապահպանների մի ստվար հատված  շարունակում է պնդել՝ այս հանքավայրի շահագործումը լուրջ բնապահպանական ռիսկեր է պարունակում: CIVIL VOICE Հ/Կ անդամ,  փորձագետ Սեյրան Մինասյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  հերթական անգամ ներկայացնում  է ծրագրի հետ կապված բոլոր մտահոգությունները:

Բնապահպան Սիլվա Ադամյանը  տարածքում գտնվող  բուսական աշխարհին  զուգահեռ նաև կենդանական աշխարհի ճակատագրով է մտահոգ, նրան է  միանում ագրոէկոլոկոգ Գալուստ Նանյանը, նշում, որ չնայած հետազոտությունները բավականին լավ են արված, այդուհանդերձ այնտեղ ճիշտ  ու օրենսդրությանը համապատասխան հիմնավորումներ չկան:

«Վտանգված են  Սևանա լիճը, Կեչուտի, Սպանդարյանի  ջրամբարները: Հանքավայրը շատ մոտ է նաև  Ջերմուկի հանքային ջրերին»՝ բարձրաձայնում է գիտնական փորձագետ Սեյրան Մինասյանն ու մատնանշում՝ «հանքը շահագործող ընկերությունն իհարկե իզոտոպային հետազոտություն է կատարել Անգլիայում, բայց դա, ըստ զրուցակցիս, շատ քիչ է:

Բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը մեջբերում է ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Սաղաթելյանի հոդվածը, որտեղ գիտնականը, հիշեցնեմ, վերլուծության արդյունքում է եզրակացության՝  հանքերի շահագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասներն ահռելի են։

Ըստ նրա՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն անմիջապես վտանգ է ներկայացնում Սևանա լճի համար։ Այն բերելու է Որոտան-Արփա-Սևան թունելի քայքայմանը, իսկ հետո նաև այդ շատ վտանգավոր և ռեակտիվ ջրերն հոսքը դեպի Սևանա լիճ։

Ամփոփելով, Կարինե Դանիելյանն ասում է.«Այդպիսի բան ես որևէ գիտնականից չէի սպասում, տալիս է ամբողջ ուսումնասիրությունների բացասական  արդյունքները, վերջում այսպիսի եզրակացություն՝ շատ փորձեր են արվել հայ ժողովրդին վերացնել, բայց սա ամենադիպուկ նպատակն ունի հայկական էթնոսը վերացնելու»:

Հնչեցված մեղադրանքների ու բարձրացված հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով այցելեցինք Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերություն:  Զրուցակիցս ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր, տեխնիկական գիտությունների թեկնածու Արմեն Ստեփանյանն է: Նրան փոխանցեցինք գիտնականների ու բնապահպանների  բոլոր մտահոգությունները: Ընկերությունում դրանց մեծ մասից տեղյակ են, ավելին՝ զրուցակիցս վստահեցրեց՝ բացի իրենց հետազոտություններից նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի ու ԵՎԶԲ չափանիշերին համապատասխան հաշվետվություններ են ներկայացրել, այնտեղ բոլոր մտահոգությունները փարատված են:

Մոնիտորինգ են իրականցնում էկոհամակարգերի վրա ազդեցությունը պարզելու նպատակով:

Տարածքում մեկ բուսատեսակ կա, որը գրանցված է Կարմիր գրքում՝ Մատնունի ծիրանավորն է՝ ասում է զրուցակիցս ու նշում, որ  տեղափոխման աշխատանքներ են իրականցվում, դա բաց հանքի տարածքում է։ Միայն այդ կետից խուսափել չեղավ:

«Սևանը մերն է, Ջերմուկը նույնպես»,- հայտարարում են բնապահպանները։

«Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր, տեխնիկական գիտությունների թեկնածու Արմեն Ստեփանյան.«Ջերմուկը նաեւ մերն է: Մենք ՀՀ քաղաքացի ենք, մեր երեխաները ծնվել եւ մեծանում են մեր երկրում, եւ մենք ավելի քիչ չենք մտահոգված այդ խնդիրներով: Վստահեցնում ենք, որ ընկերությունը իրականացրել է բոլոր տեսակի հետազոտությունները, նախագծվել են ամենախիստ կառավարման համակարգերը, մանավանդ Ջերմուկի, Սեւանա լճի հետ, բոլոր ռիսկերը զրո են»:

Սա էլ, թերևս, «Լիդիան Արմենիա» ընկերության  հակադարձումն ու վստահեցումն է իրենց հասցեին հնչող մեղադրանքներին:

Ցուցադրել ավելի
Back to top button