Հասարակություն

Պաշտպանվա՞ծ է արդյոք Հայաստանը կիբեռհարձակումներից


Հաքերների գլխավոր զենքը եղել, կա և մնում է սոցիալական ինժեներիան, որը թույլ է տալիս մարդու վրա ներգործել առանց մեխանիկական միջոցների։ Կիբեռտարածությունը զարգանում  եւ վերելք է ապրում` զուգահեռ անպաշտպան թողնելով անհատին, դարձնելով խոցելի: Ըստ IT մասնագետների`  կիբեռանվտանգության տեսանկյունից այսօր միջին վիճակագրական ժամանակակից օգտագործողն ավելի խոցելի է, քան՝ տասը տարի առաջվա օգտատերը: Հիմնավորումը հետեւյալն է՝ «համակարգիչների ներդրման նախնական փուլում տեխնոլոգիական հնարքներից օգտվում էին պրոֆեսիոնալ մասնագետները, իսկ այսօր՝ գրեթե բոլորը»։ Պաշտպանվա՞ծ է արդյոք Հայաստանը կիբեռհարձակումներից, եւ արդյո՞ք մարդու գործոնով պայմանվորված «չի մերկանում օգտատերը» կիբեռտարածությունում:

Համացանցը մեր անբաժան ընկերն է։ Եթե տարիներ առաջ առօրյայի մի մասն էր, այսօր արդեն առօրյայի գլխամասը: Կիբեռտարածություն կոչվածը, որը անվանում ենք «վիրտուալ իրականություն», կրճատում է տարածությունը, տնտեսում ժամանակը, նոր կապերի ստեղծման եւ ամրապնդման հարթակ հանդիսանում: Այս համատեքստում հանգիստ ենք, որ կիբեռտարածությունը, ինչ էլ որ լինի, ընդամենը «վիրտուալ» աշխարհ է, այնտեղ եթե ենթակա ես հաքերների հարձակումներին, սակայն անվտանգ ես, ասենք, վթարներից: Միայն ոլորտի մասնագետները գիտեն ու խոհեմ աչքերով կհայտարարեն, որ կիբեռտարածությունն այնքան է միահյուսվել մեր իրական աշխարհին, որ արդեն չի կարելի այն երևակայության արդյունք համարել։ Այնինչպես մեզ շրջապատող աշխարհն ամենեւին անվտանգ չէ: Ի՞նչ վտանգներ են թաքնված կիբեռտարածությունում, արդյո՞ք դրանք տարբերվում են մինչև հիմա մարդկությանը հանդիպած վտանգներից։

Ըստ ՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանի, վտանգը Հայաստանի համար այն այդքան էլ լուրջ չէ, իսկ Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար շատ կարևոր խնդիր է: Ինտերնետն այսօր օգտագործվում է տարբեր հանցագործությունների համար. ահաբեկիչների կողմից իրենց գաղափարների եւ գործողությունների քարոզում, խաղերի միջոցով երեխաների վերահսկում, բանկային զեղծարարություններ եւ այլն: Հայաստանը կիբեռտարածությունում բաց է: Ինչ վերաբերում է պաշտպանվածությանը եւ վտանգներին՝ Սաղյանը կես կատակ կես լուրջ խորհուրդ է տալիս՝ ապահով լինելու համար կա մեկ տարբերակ հրաժարվել բջջային հեռախոսից, համացանցում զգույշ լինել:

«Մեկ ամսվա ընթացքում հնարավոր է բացահայտել մեզանից յուրաքանչյուրի բնակության հասցեն միայն բջջային հեռախոսից օգտվելու միջոցով:  Գուցե այդ տվյալներն ամբողջությամբ վերահսկելի չեն, սակայն ինչ- որ մի տեղ հաստատ պահպանվում են»:

Տվյալները հավաքագրվում են, եւ չի բացառվում, որ դառնան հաքերների համար հասանելի բազա, վերջինս ենթադրում է անհատական տվյալների ուժեղ պաշտպանության համակարգի ստեղծում։ Ի դեպ, այս տարի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ քաղաքացիների 61 տոկոսն ընդհանրապես տեղյակ չէ, որ ինքն իրավունք ունի դիմելու պետական կամ մասնավոր կազմակերպությանը և ստանալու իր մասին պահվող տվյալները: Քաղաքացիների 46 տոկոսին էլ ընդհանրապես չի մտահոգում, որ պետական կամ մասնավոր կազմակերպությունները մշակում, պահում են իրենց մասին անձնական տվյալներ: Հարցումները ցույց են տվել, որ խնդիր կա նաև սոցիալական ցանցերի հետ կապված: Մասնավորապես, հարցման մասնակիցների 21 տոկոսը նշել է, որ սոցիալական ցանցերում իր նկարները բաց է էջի յուրաքանչյուր այցելուի համար: Կարելի է ասել, որ նեղ անձնական լուսանկարները մատչելի են բոլորին, ու յուրաքանչյուր անձ կարող է դրանք օգտագործել ցանկացած այլ նպատակով։

«Հարկավոր է բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը»,- նշում է արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գեւրոգ Հայրապետյանը՝ շարունակելով, որ մեկ տարի գործող գործակալությունը երեք հիմնական ոլորտ է առայժմ  առաջնահերթ համարում ՝ տեսանկարահանում, կոմերցիոն հաղորդագրություններ, երեխաների անձնական տվյալների պաշտպանություն:

Այժմ կոմերցիոն հաղորդագրությունների տարածման մասին, որն օգտագործում են առեւտրային կազմակերպությունները: Մարդ իր բջջային հեռախոսին չպետք է ստանա առևտրային բնույթի հաղորդագրություն, եթե չի տվել իր համաձայնությունը: Իսկ եթե անգամ տվել է՝  պետք է հնարավորություն ունենա չեղարկել՝ նշում է Գեւորգ Հայրապետյանը: Իսկ այն որ, ինտերնետում գրեթե անվերահսկելի վիճակ է, բայց պետությունն առհասարակ պետք է հոգ տանի անձնական տվյալների գաղտնիությունը, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը պաշտպանելու համար՝ հետեւյալ կարծիքն է.

«Պետական կայքերը հիմանկանում լավ են պաշտպանված»՝ ասում է տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, իսկ անհատներին հորդորում՝ տարբեր ծառայությունների համար նույն գաղտնաբառը չօգտագործել։ Տեղեկացնենք, որ Ադրբեջանական Anti-Armenia հաքերային խումբը հայտարարել ու մամուլով տարածել էր, որ իրենց վերջին օրերին Ֆեյսբուքում հաջողվել է կոտրել հայերի ավելի քան 3 000 պրոֆիլ, ու որպես ապացույց հրապարակել կոտրած էջերի լոգին, գաղտնաբառերը։ Սակայն պարզ դարձավ, որ հրապարակված տվյալներում օգտատերերի թիվը հազարից էլ փոքր է՝ ընդամենը 370:

«Սայբեր Գեյթս» ընկերության տնօրեն Սամվել Գևորգյանն առանձնացնելով այն հիմնական պատճառները, որոնք մեր քաղաքացիների տվյալները թափանցիկ են դարձնում համացանցում, մատնանաշեց ինտերնետային գայթակղիչ անվճար առաջարկները, որոնք անվտանգության տեսանկյունից վտանգավոր են: Մասնագետը հիշեցրեց, ապրիլայն պատերազմի ժամանակ շրջանառության մեջ դրված եռագույն դրոշով նկարների բեռնումը, որը պատրաստվել էր ադրբեջանական կողմից, եւ արդյունքում բեռնելով եռագույնը անձնական տվյալները փոխանցվեցին մյուս կողմին:

Իրավիճակը նույն է նաեւ հարեւան Վրաստանում: Ավելի վաղ, Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության տեսուչ Թամար Կալդանին «Ռադիոլուր»-ին ասել էր, որ խնդիրները գրեթե նույն են, ինչ Հայաստանում, միայն ԵՄ ասոցացման համաձայնագրի շրջանակում ձեւավորված իրենց տեսչությունն է, որ այսօր պարտավորվում է պաշտպանել, ինչպես նաեւ բարձրացնել հասարակության իրազեկվածությունը անհատական տվյալների օգտագործման եւ տարածման գործում, որը շարունակական աշխատանք է։

Ցուցադրել ավելի
Back to top button