Հասարակություն

Կենսաթոշակային համակարգում աշխատանքային ստաժերի հաշվառման պատասխանատուները կկրեն նաև ֆինանսական պատասխանատվություն

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ստորագրել է հրաման՝ նախաձեռնելով լրջագույն փոփոխություններ կենսաթոշակների նշանակման, հաշվարկի և վերահաշվարկի դեպքերում աշխատանքային ստաժի հաշվառման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարի հրամանով գործողության մեջ են դրվել նշված հանձնարարականների կատարման մանրամասն ընթացակարգերը, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Այսուհետ, Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցներն անձնական, ներառյալ՝ ֆինանսական, պատասխանատվություն են կրելու ստաժի գույքագրմանը կամ 2017թ.-ի հունվարի մեկից հետո դիմումների հիման վրա ներկայացված ստաժին վերաբերող տեղեկատվությունը համակարգ չմուտքագրելու, ոչ ամբողջական մուտքագրելու, սխալ (ոչ հավաստի) տվյալներ մուտքագրելու, ինչպես նաև ստաժը հաստատող փաստաթղթերում և համակարգում առկա տեղեկատվության ցանկացած անհամապատասխանության համար: Մշակվել է նաև անհրաժեշտ տվյալները համապատասխան ձևաչափով տվյալների շտեմարան մուտքագրելու հստակ ուղեցույց:

Գործընթացը վերահսկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ընտրանքային և նպատակային ուսումնասիրությունների միջոցով իրականացնելու է աշխատանքային ստաժը հաշվարկելու (հաշվառելու) կանոնների պահպանման և աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերում առկա և տեղեկատվական համակարգ մուտքագրված տեղեկատվության համապատասխանության մշտադիտարկում:

Սոցիալական ապահովության պետական ծառայություն դիմող բոլոր շահառուներին կոչ ենք անում լրացուցիչ տեղեկատվության համար այցելել www.ePension.am կամ www.ssss.am վեբ կայքեր կամ զանգահարել 114 թեժ գիծ: Կոչ ենք անում նաև չենթարկվել ոչ հավաստի (կեղծ) տեղեկատվության հիման վրա ավելի բարձր չափի կենսաթոշակ ստանալու որևէ գայթակղության, քանի որ այն առաջացնելու է պատասխանատվություն, ընդհուպ մինչև քրեական:

Վերը նշված աշխատանքների արդյունքում ակնկալվում է, որ էապես կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, կնվազեցվեն բազմաթիվ կոռուպցիոն երևույթներ և կբացառվի անհիմն կամ ոչ հավաստի (կեղծ) փաստաթղթերով կենսաթոշակի գումարների ցանկացած վճարում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button