Քաղաքական

Ընդդիմադիրները մտադի՞ր են վիճարկել ընտրությունների օրը


Մինչ քաղաքական ուժերն ու գործիչները քննարկում են, թե ով ում հետ է գնալու ընտրության,  անորոշ է մնում ընտրությունների օրվա փոփոխման  հարցը:  Հանրապետության նախագահի հայտարարությանը, թե չի բացառվում ապրիլի 2-ին նշանակված ընտրությունները 4-5 օրով հետաձգելը, հետևեց  կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի պարզաբանումը: Դավիթ Հարությունյանը իրավական տարբեր փաստարկներ ներկայացնելով  հիմնավորում  է, որ  ընտրությունները պետք է անցկացվեն ապրիլի 1-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում: Արդյո՞ք փաստարկներն  ընդունելի են այն ուժերի համար, որոնք սահմանադրականության խնդիր են  տեսնում:

 

 

Դավիթ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչու Ազգային ժողովի հերթական ընտրությունները  պետք է անցկացվեն 2017 թվականի ապրիլի 2-ին:

Նախարարը նախ բացատրել է, որ հանրապետության նախագահի հրամանագիրն ընդունվել է  Ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի հիման  վրա: Իսկ դրա 1-ին մասը նախատեսում է, որ ԱԺ հերթական ընտրությունն անցկացվում է գործող խորհրդարանի  լիազորությունների ավարտից՝ այսինքն՝ 2017 թվականի մայիսի 31-ից ոչ շուտ, քան 60 օր, և ոչ ուշ, քան 50 օր առաջ:   Այսինքն՝  ընտրությունները, ըստ Ընտրական օրենսգրքի պահանջների, պետք է անցկացվեն ապրիլի 1-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում:

Քաղաքական այն ուժերը, որոնք սահմանադրականության խնդիր են տեսնում, նշում են, որ Ընտրական օրենսգրքի  այդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը: Ավելի ստույգ նշում են, որ ընտրությունների  անցկացման ժամանակահատվածը կանխորոշող նոր Սահմանադրության  դրույթը դեռ ուժի մեջ չի մտել, հետևաբար, չի կարող կիրառվել, ուստի հարցը պետք է կարգավորվի հնով:

Դավիթ Հարությունյանը ըստ էության չի հերքում, որ խնդիր կա և սա որակում է որպես  ներսահմանադրական անհամապատասխանություն, բայց  ուշադրություն է հրավիրում մի քանի  հանգամանքների վրա, որոնք բնորոշ են նոր ընտրական համակարգին:

«Հաշվի առնելով նոր ընտրական համակարգին բնորոշ մի շարք հնարավոր գործընթացներ (օրինակ՝ կոալիցիաների ձևավորման ժամկետները, ընտրությունների երկրորդ փուլի իրականացման հնարավորությունը, ընտրությունների արդյունքների բողոքարկման արդյունքում վերաքվեարկությունը և այլն) ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածով նախատեսվել է հենց 60 օր և 50 օր ժամանակացույցը, որի պայմաններում միայն հնարավոր կլինի ապահովել օրենսդիր իշխանության հաջորդայնությունը և չառաջացնել իշխանության վակուում»:

Դավիթ Հարությունյանի ներկայացրած պատասխանը իրականում Սահմանադրության մեկնաբանություն է, և ոչ թե իրավական հիմնավորում։ Այսպես են գնահատում  կառավարության ներկայացուցչի պարզաբանումները «Համախմբում» կուսակցությունում: Հիշեցնեմ՝ հենց այս կուսակցության փոխնախագահ, նաև ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էր  հանրապետության նախագահին ուղղված բաց նամակ հրապարակել, որում բարձրացրել էր ընտրությունների օրվա նշանակման սահմանադրականության հարցը: Կուսակցության մամուլի պատասխանատու Արեգնազ Մանուկյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ  առայժմ քննարկում են Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հարցը

«Կուսակցության դիրքորոշումը կներկայացնենք առաջիկա օրերին: Խոսքը հատկապես ՍԴ դիմել-չդիմելու մասին է: Իսկ Դավիթ Հարությունյանի պատասխանը, արդեն նշվել է, համարում ենք ոչ թե իրավական հիմնավորում, այլ Սահմանադրության մեկնաբանություն: Սահմանադրության մեկնաբանություն ներկայացնելու իրավունք որևէ մեկը չունի՝ ոչ կառավարության ներկայացուցիչը, ոչ էլ ես»:

ՀԱԿ-ում նույնպես դեռ մտածում են՝ դիմե՞լ Սահմանադրական դատարան, թե՞ ոչ: Արամ Մանուկյանն ասում է՝ համոզված են, որ իրավական կազուս կա, բայց հարցը դեռ քննարկում են:

Արամ Մանուկյանը, ի դեպ, իրենց մտահոգության բարոյական մասը համարում է փարատված : Հանրապետության նախագահի այն հայտարարությունը, թե քաղաքական լայն կոնսենսուսի դեպքում դեմ չէ ընտրությունների օրը տեղափոխելուն, Մանուկյանը արձագանք է համարում հենց  ընդդիմադիրների մտահոգություններին: Կարծում է՝ խնդիրն արդեն իրավական հարթությունում է:

Ցուցադրել ավելի
Back to top button