ԿարևորՔաղաքական

Ս. Սարգսյան. Հաջորդ քսանհինգ տարիները մեր բանակի համար լինելու են որակական նոր վերելքի տարիներ

տեղադրվել է ժամը 15։18- ին
լրացվել է ժամը 17։58- ին

Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անձնուրաց քաջության, անմնացորդ նվիրումի, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստվածության գործում ունեցած ավանդի համար շուրջ երկու հարյուր զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ:

|Զրուցակցիս՝   ավագ լեյտենանտ Սամվել Առաքելյանի ձեռքում նախագահից ստացած մեդալն է:Ապրիլայն պատերազմի մասնակից Սամվել Առաքելյանը մի պահ  աչքը կտրելով պարգևից՝ «Ռադիլուրի» հետ զրույցում հուզվում է, երբ սկսում  է խոսել ապրիլյան պատերազմի օրերի մասին։ Սկզբում զինվորականին հարիր բոլոր հարցերին պատասխանում է  կարճ ու լակոնիկ:  Հետո աչքերում արցունք է  հայտնվում, երբ խոսում է հրամանատար Արմենակ Ուրֆանյանի մասին։ ««Չեմ կարող նկարագրեմ, թե ինչեր եմ տեսել այնտեղ։ Ուղղակի ցանկանում եմ տղաների ծնողներին շնորհակալություն ասել։ Շնորհակալություն, որ նման տղաներ եք դաստիարակել։ Մենք շարունակում ենք իրենց գործը»,- ասում է։

Ավագ լեյտենանտն արդեն երկու տարի  է ծառայում է Հայոց բանակում: Ասում է, որ ապրիլյան դեպքերից հետո զինվորների տրամադրությունը փոխվել է։ Հայրենական ոգին ավելի է բարձրացել ու նրանք ամուր  կանգնած   են  պետական սահմանին՝ թույ չտալով հակառակորդի առաջխաղացումը: Գրեթե երկու տարի էլ զինված ուժերում է  N զորամասի բուժկետի պետ, բժշկական ծառայության ավագ լեյտենանտ Արա  Միրաքյանը։ Նա այսօր  նախագահի կողմի պարգևատրվեց մարտական ծառայություն մեդալով ապրիլի 2-5- ը  ցուցաբերած մասնագիտական արդյունավետ գործունեության համար։

Թշնամին  2016թ  ապրիլյան դեպքերից հետո  դեկտեմբերի ամսին կրկին ցանկացավ դիվերսիոն գործողություն իրականցնել՝ այս անգամ հայ- ադրբեջանական սահմանում։ Դիվերսիոն գործողությունները կանխվեցին, բայց հայկական կողմը տվեց զոհեր։ Այսօր  Չինարի ուղղությամբ դիվերսիան կանխած  ու մարտական գործողությունների ժամանակ զոհված հայորդիների ծնողները նույնպես նախագահական նստավայրում էին։ Նրանց որդիները հետմահու պարգևատրվեցին մեդալներով, Ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանի հայրը ՝ Մելիքսեթ Մելիքյանը, որդուն տեսել էր  դեպքից մեկ տարի առաջ։ Որդու սխրանքների մասին հորը պատմել են ծառայակից ընկերները։ «Նա միայն իմ տղան չէր, ազգինն էր, ազգի պաշտպանն էր և իր երկրի համար զոհվեց։ Հայրենիքը պաշտպանելու համար չվախեցավ, դուրս եկավ»։

«Տղաներն ընկան՝ պաշտպանելով իրենց ընտանիքները, իրենց հարազատներին և մեզ բոլորիս: Նրանք նահատակվեցին, որ ապրի Հայաստանը, որ ապրեն և իրականություն դառնան մեր ժողովրդի երազանքները: Նրանք անմահացան, որ բոլորիս հետ միասին շարունակեն հայության դարավոր և հավերժական երթը». այս խոսքերը նախագահ Սերժ Սարգսյանն ուղղեց  ներկաներին ,ասաց որ  ռազմական որևէ գործողություն, առավել ևս նոր պատերազմ, չի կարող բերել Արցախի խնդրի լուծման: Ավելին, նոր պատերազմը կդառնա առանց այդ էլ բարդ խնդրի նոր, ծանր բաղկացուցիչ և ո՛չ խնդրի լուծում:

Նախագահը շեշտեց, որ նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները մի ավելորդ անգամ եկան ապացուցելու մեր հակառակորդներին, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ճանապարհը ողբերգական է և փակուղային։

«Մեր բանակը ձևավորվեց կռվի դաշտում: Իսկ թշնամու դեմ պատերազմը վարում էինք բառի բուն իմաստով մեր տան մեջ: Հիշեմ մի եղելություն։ Մարդը կռվում է զենքը ձեռքին իր տան պատերից ներս: Պատշգամբից նահանջում է խոհանոց, ապա կռվելով նահանջում է ճաշասենյակ, հետո նորից հետ է գրավում, ազատագրում իր խոհանոցն ու պատշգամբը: Սա փոխաբերություն չէ: Սա կոնկրետ օրինակ է Քարինտակի հերոսամարտից: Մեզ պարտադրված պատերազմը մեր ողջ ժողովրդին դարձրեց բանակ»:

Հաջորդ քսանհինգ տարիները  մեր բանակի համար լինելու են որակական նոր վերելքի տարիներ՝ վստահեցրեց ՀՀ նախագահը։

Ցուցադրել ավելի
Back to top button