Հասարակություն

Աշխարհին նայելով միայն Զորիկի աչքերով…

25-ամյա Հայոց բանակի փառավոր պատմությունն ամրագրող անուն՝ Զորիկ Գևորգյան: Նա արիաբար զոհվեց 2014 թվականի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը` Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս:  Քաջարի սպան զոհվեց ՝ հետ շպրտելով թշնամու շուրջ հիսուն հատուկ ջոկատայիններին՝  հասցնելով նրանց  բազմաթիվ կորուստներ: Հերոսի հիշատակին Վանաձորի զինվորական ավանին կից տարածքում կառուցվել են Սուրբ մատուռ ու հուշաքար: Նույն ավանում գտնվող հերոսի տան յուրաքանչյուր անկյուն ևս այսօր Զորիկին է հիշեցնում: Հերոսի ծնողներն ու միակ քույրը` Անին, սուրբ մասունքի նման պահպանում են Զորիկի մտքից ու գրչից ծնված յուրաքանչյուր տող, բանաստեղծություն, նկար` թղթին, թե շքամուտքի պատերին արված: Զորիկը տաղանդավոր էր ամեն ինչում: «Մեզ համար շատ թանկ է այն ամենը, ինչին Զորոյիս մատը կպել է»,- «Ռադիոլուրին» պատմել է նրա քույրը՝ է Անին: Հունվարի 29-ը հերոսի ծննդյան օրն է:  Զորիկ Գևորգյանը կդառնար  28 տարեկան:

 

Զորիկն իր հարազատների աշխարհն էր ու երբ այցելում ես նրանց, հանդիպում ես իրենց աշխարհը կորցրած ու այդ աշխարհը նոր հորիզոններում վերագտած մարդկանց: Զորիկի մայրը՝ տիկին Հերմինեն պատմում է, որ դեպքից հետո, առաջին օրերին, անընդհատ մեղավորներ էր փնտրում, իսկ հետո երազում տեսավ որդուն, որը նրան վերափոխեց:

Զորիկի արյամբ շաղախված հողը տիկին Հերմինեի համար անգին է դարձել: Իսկ երկնքում հերոսի աստղը նաև հարևան տիկին Հայկուշն է տեսնում: Վանաձորի զինվորական ավան տեղափոխվելուց հետո անմիջապես մտերմացել էին Հերմինեի ու Ժիրայրի ընտանիքի հետ: Զորիկը հինգ տարեկան էր, միջնեկ տղայի՝ Տարոնի հետ գրեթե հասակակիցներ էին: «Շատ էին մտերմացել, միմյանցից չէին բաժանվում»,-պատմում է տիկին Հայկանուշը:

Տարոնը Ռուսաստանում աշխատում է, մեր այցի օրը Հայաստան էր ժամանել: Տուն էր մտել ու անմիջապես եկել Զորիկի տուն: Նրանք այդպես են անվանում զինվորական ավանի տարածքում գտնվող այն վայրը, որտեղ այժմ Զորիկին նվիրված հուշաղբյուրն է, մատուռը, խաչքարը, տաղավարը, որտեղ զինվորներին այցելող ծնողները հանդիպում են զավակների հետ: Հենց այստեղ՝ Զորիկի տանն էլ զրուցեցի Տարոնի հետ: Դժվար էր խոսում, արցունքները խեղդում էին, Զորիկը նաև նրա աշխարհն էր՝ մանկության, պատանեկության աշխարհը:

«Երբ արձակուրդ էր գալիս կեցվածքս միանգամից փոխվում էր, այնքան ինքնավստահ էի դառնում, այնքան ամուր  էի ոտքս գետնին դնում: Զորոյիս կողքին ուրիշ մարդ էի դառնում»,-եղբոր հետ անբացատրելի կապի մասին պատմում է Անի Գևորգյանը, որն այսօր չի կարող պարզապես Անի լինել, նա հերոս Զորիկ Գևորգյանի քույրն է, իսկ դա հպարտության խորը զգացողություն է ու չափազանց մեծ պատասխանատվություն: Լավ է, թե՝ վատ, դժվար է ասել, բայց Անին այսօր ապրում է ՝ աշխարհին նայելով միայն Զորիկի աչքերով:

Զորիկի հարազատների հետ անցկացրած ժամանակը լցված է արցունքներով, հիշողություններով, հպարտությամբ, կորստի ու կարոտի դեմ ոչ պակաս հերոսությամբ մաքառող Զորիկի հարազատների անվերծանելի ու անչափելի ցավով, բայց նաև ժպիտով: Տան յուրաքանչյուր անկյունում Զորիկի լայն, գեղեցիկ ու անկեղծ ժպիտն է, ՀԵՐՈՍԻ ժպիտը։

«Եվ թող Տիրոջ առաջ պատասխան տան բոլոր նրանք, ովքեր մոռանում, ուրանում են …» Ուզում եմ ավարտել՝ հակադարձելով եղբոր հիշատակի մոռացման վախի առաջ կանգնած Անիի ֆեյբուքյան էջում մի տեսակ ներքին տագնապով գրված այս խոսքերին:

Ասել, որ Զորիկին, Ռոբերտին, Ազատին, Սասունին, նահատակված մեր մյուս տղաներին մոռանալ կնշանակի ժխտել նրանց անմահությունը, իսկ դա հավասարազոր  է ազգային ինքնասպանության: Ազգը չի մեռնում, քանի դեռ հիշողությամբ համառորեն  ապրեցնում է իր հերոսին ու թույլ չի տալիս նրա մահը՝ հիշողության մահը:

Ցուցադրել ավելի
Back to top button