Քաղաքական

Յուրաքանչյուր խնդրահարույց գործի հետևից գնալու ենք ու հետևողական ենք լինելու.Վիգեն Սարգսյան

Հունվարի 25-ին քննչական կոմիտեն տարածեց  հայտարարություն՝ ըստ որ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանը՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն է՝ ինքնասպանության հասցնել:

Շավարշ Գալստյանը տան միակ երեխան էր. հայրը մահացել էր հինգ տարի առաջ, մայրն ապրում է Աբովյան քաղաքում հանրակացարանային պայմաններում: «Ռադիոլուր»-ը փորձեց ՊՆ նախարարից ստանալ պատասխան՝ արդյո՞ք նման դեպքում  զորակոչում են  բանակ, նախարարի պատասխանը հետևյալն էր. «Ինձ զեկուցած նյութերից որևէ խախտում չի ֆիքսվում զորակոչի հետ կապված»:

Իսկ մինչ հարցերին անդրադառնալը՝ նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ-ում ամփոփեց իր պաշտոնավարման 118 օրը և խոսեց ՀԱՊԿ- ի հանդիպման եւ ՌԴ կատարած պաշտոնական այցի մասին, տեղեկացրեց, որ մոտ օրերին պաշտոնական այցով կլինի ԻԻՀ-ում, որտեղ քննարկվելու  են  տարածաշրջանային անվտանգության հարցերը:

Մոտ 45 րոպե շարունակ ներկայացրեց  կատարած աշխատանքը՝ ասելով որ ՊՆ բաց ու թափանցիկ է աշխատելու հասարակություն հետ. լրագրողի հարցին, թե բաց և թափանցիկի համատեքստում կարող է ասել   ի՞նչ փուլում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրով` 200 միլիոն դոլարի սպառազինությունների ձեռք բերման գործընթացը, նախարարը բացեց  փակագծերը՝ թույլատրելի սահմաններում.

«200 մլն-ի հետ կապված չեմ կարող բացել ցանկը, որովհետև այն հույժ գաղտնի է, և ուղղակիորեն կարող եմ խախտած լինել, բայց այն, ինչ նախատեսված էր 200 միլիոնով, դրա մի մասն արդեն գտնվում է Հայաստանում»։

Վիգեն Սարգսյանը խոսեց նաև գնումների ընթացակարգերի մասին, ասաց, որ  վերանայումներ են լինելու, արվելու է ամեն բան, որպեսզի բանակում կոռուպցիան վերանա , հասնելու  են նրան, որ մատակարարման ոլորտում գնումներ կատերն կոնկրետ արտադրողից, ոչ թե միջնորդներից:

Վերջինս նաև  նման համեմատական անցկացրեց՝ ամեն անգամ հարցը չպետք է  լուծել դարպասապահի մոտեցմամբ, որի արդյունքում շատ խնդիրներ դուրս կմնան:

«Յուրաքանչյուր խնդրահարույց գործի հետևից գնալու ենք ու հետևողական ենք լինելու, ու քրեական պատասխանատվության ենք ենթարկել սահմանին կանգնած զինվորի հաշվին ապօրինի հարստանալու փորձ կատարողներին» ,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Եվ սահմանին կանգնած զինվորի կոշիկների մասին, այսուհետ. զինվորների կոշիկները  կլինեն ավելի հարմարավետ՝ ճտքերն արհեստական կաշվի փոխարեն կարվելու են բնական կաշվից: Այնպես պետք է անենք, որ  հայկական բանակի կոշիկը դառնա միջազգային ճանաչված բրենդ, և այն հագնեն ոչ միայն զինծառայողները, այլև քաղաքացիական անձիք՝ ասաց նախարարը:  Փոփոխություններ այս տարի լինելու են նաև զինվորական հանդերձանքում։ Նախարարը անդրադարձավ զինգրքույկներում ապրիլյան պատերազմի մասնակիցների գրանցման հետ կապված բողոքներին եւս՝մասնավորապես՝ մասնակցությունը որոշ զինծառայողների մոտ ամրագրվել է, որոշ զինծառայողների մոտ՝ ոչ:

«Բոլորն ուզում են, որ գրքույկում գրվի, որ իրենք մասնակից են եղել, քանի որ դա արտոնություններ է տրամադրում: Մենք պետք է շատ ուշադիր լինենք՝ բացառելով լավության կարգով շռայլորեն բաժանելը։ Դա կարող է վատ արդյունքներ ունենալ սոցիալական ծրագրերի առումով»:

Եվ վերջում արդեն անցում քաղաքականությանը։ Նախարար Վիգեն Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ նախարարի պաշտոնը քաղաքական է։ Հաշվի առնելով այն, որ առջևում  խորհրդարանական ընտրություններ են, հետևաբար ի՞նչ  ձևաչափով է մասնակցելու քարոզարշավին և արդյոք ճի՞շտ են խոսակցությունները, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու  է հենց ինքը: Նախարարը  հարցին հարցով պատասխանեց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, ով նախընտրական ցուցակը կհրապարակի իր կուսակցությունից շուտ»:

Իսկ հնարավո՞ր է, որ ընտրություններից հետո ստանձնի վարչապետի պաշտոնը՝ նախարարը նշեց, որ ինքը այլ երազանք ունի .«Եթե  ՀՀԿ-ն  բավարար ձայներ ստանա, ապա կխնդրի ՀՀ նախագահին, որպեսզի շարունակի պաշտոնավարել հենց այս պաշտոնում»։

Ցուցադրել ավելի
Back to top button