Տնտեսական

Մոսկովյան խոստումները կօգնե՞ն ապահովել անհրաժեշտ տնտեսական աճ


2016-ի 9 ամսվա ընթացքում հարեւան պետությունների համեմատ ամենաքիչ ներդրումներն իրականացվել են Հայաստանում՝ 92 միլիոն դոլար: Նույն ժամանակահատվածում Վրաստանում ներդրվել է 1 միլիարդ 225 միլիոն, իսկ Ադրբեջանում՝ 5 միլիարդ 439 միլիոն դոլար: Ներդրումների առումով վերջին շոշափելի համաձայնությունը ձեռք է բերվել մի քանի օր առաջ՝ Մոսկվայում՝ վարչապետի կատարած այցի ժամանակ: Որ ուղղություններով կօգտագործվի խոստացված 300 միլիոնը՝ դեռ հստակեցված չէ, թեեւ ակնարկվում են գյուղատնտեսության եւ էներգետիկայի ոլորտները: «Ռադիոլուրն» այսօր տնտեսագետների միջոցով է փորձել հասկանալ, թե ինչ կտա Հայաստանին այս խոստումը:

 
Մոսկվայից Երեւան բերված վարչապետի խոստումները կօգնեն, որպեսզի այս տարեվերջին գերազանցվի նախապես պլանավորված 3,2 տոկոսի տնտեսական աճը: Այսպիսի կանխատեսումներ ունի Պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը:

Ռուսաստանից 300  միլիոն դոլարի ներդրումների խոստումը, ռուս-հայկական ներդրումային հիմնադրամի ստեղծումն ու հայ-իրանական սահմանին ազատ առեւտրի գոտու հիմնումը այն կարեւոր ձեռբերումներն են, որ մնացին վարչապետի մոսկովյան այցից: Այս ամենից տնտեսագետ Աշոտ Թավադյանի մոտ նաեւ հույս է արթնացել, որ հնարավոր է նույնիսկ վերագործարկվի հայկական տնտեսության հսկան՝ «Նաիրիտ» գործարանը: Այս լավատեսությունը չի կիսում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, քանզի այս պահի դրությամբ տեսնում է բացառապես խոսքեր առանց հիմքերի՝ թե ինչով Հայաստանը պետք է հետաքրքրի «դրսի» ներդրողին:

Հարցի պատասխանը կարելի է գտնել ոչ թե տնտեսագիտության օրինաչափությունների մեջ, այլ մեր առանձնահատկություններում: Հայաստան եկող ռուսական կապիտալով արդյո՞ք այստեղ են վերադառնում խոշոր հայ գործարարները, թե մենք իրոք հետաքրքրում ենք օտարերկրացիներին՝ «Ռադիոլուրի» հարցին տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը պատասխանեց այսպես:

Խիստ ոգեւորվել այս փաստից խորհուրդ չի տալիս «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը:

Այս մասնագետի համար դեռեւս վիճահարույց է նաեւ հայ-իրանական ազատ տնտեսական գոտու ստեղծումը: Հիշեցնում է, որ արդեն ունենք ստեղծված ազատ գոտիներ՝ զրո օգուտով: Տնտեսագետները, ի դեպ, ընդհանրապես հաշվարկել են, որ մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է 7 տոկոսի տնտեսական աճը: Նախորդ տարվա 92 միլիոն դոլարի ներդրման փոխարեն անգամ եթե իրականացվի 300 միլիոնի նեդրում, անհրաժեշտ տնտեսական աճին հասնելու համար կա եւս մեկ նախադրյալ, որը բացահայտում է տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը:

Ահա հենց այստեղ է թաքնված կարեւորագույն խնդիրներից մեկը, որի մասին ահազանգում են որոշ մասնագետները: Մասնավորապես՝ Թաթուլ Մանասերյանը եւ Վահագն Խաչատրյանը խոսում են «ռեէքսպորտի» մասին, երբ այլ երկրի արտադրանքը, օրենքը շրջանցելով, մտնում է Հայաստան եւ այստեղից դուրս բերվում իբրեւ հայկական արտադրանք: Նրանք սա գնահատում են ապօրինի եւ շեշտում՝ ռեէքսպորտը մեր տնտեսության ոչինչ չի տալիս։

Ցուցադրել ավելի
Back to top button