ՀասարակությունՑեղասպանություն 100

Հոլոքոստ վերապրած ժողովուրդն ինքն ընդունում է Հայոց ցեղասպանությունը


Հունվարի 27-ն աշխարհում նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր: 2005 թ. ՄԱԿ-ի արդեն նախկին Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ արեց հարգել Հոլոքոստի զոհերի հիշատակը: Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ այս օրն ազատագրվեց ֆաշիստական Գերմանիայի ամենամեծ մահվան ճամբարը` Օսվենցիմը: Հոլոքոստի զոհերի և Հայոց ցեղասպանության միջև զուգահեռներ են այսօր անցկացրել Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն ու Ցեղասպանության թանգարանի տնօրեն Սուրեն Մանուկյանը: Թե ինչու նման ողբերգություն տեսած պետությունը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, «Ռադիոլուրը» լսել է նաև  Իսրայելի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցչին:

Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է: Օրը պատահական չէ ընտրված: 2005 թվականի հունվարի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կոչ արեց հարգել Հոլոքոստի զոհերի հիշատակը, քանի որ 1945 թվականի հենց այս օրը ազատագրվեց մահվան ամենամեծ ճամբարը` Օսվենցիմը: Սարսափելի մի վայր, որտեղ զոհվեց շուրջ 2 մլն մարդ՝ այսօր ցավով նկատեց Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: Հարգելով անմեղ զոհերի հիշատակը՝ հրեական համայնքի ղեկավարն ընդգծեց, որ սա ևս մեկ առիթ է հիշելու և դատապարտելու մարդկության հանդեպ երբևէ իրագործված ցեղասպանությունները: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայերիս համար իհարկե հասկանալի է հրեա ժողովրդի այս ողբերգությունը: Միաժամանակ շատերի համար անհասկանալի է , թե ինչու Իսրայելը չի ճանաչում հայոց ցեղասպանությունը:  Ռադիոլուրը Ռիմա Վարժապետյանից հետաքրքրվեց, թե ինչպես ինքը կբնութագրի Իսրայելի ձեռնպահ դիրքորոշումը  և նմանատիպ ողբերգություն վերապրած երկու ժողովուրդների հարաբերությունները:

«Ես ամուսնացած եմ, և իմ ամուսինը հայ է: Առհասարակ Հայաստանում շատ են խառը ամուսնությունները: Նման պարագայում ինչ հարաբերությունների մասին կարող է խոսք լինել: Միայն լավ: Նախ ես Հայաստանում եմ արդե 47 տարի և այդ տարիների ընթացքում դեռևս չեմ նկատել հակասեմիտիզմի և ոչ մի դրսևորում: Ամեն դեպքում՝ մենք երկու ժողովուրդներ ենք, որոնք պետք է միշտ աջակցեն միմյանց, և համատեղելով ուժերը հասնեն հաջողության: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, մենք արդեն ունենք լուրջ հաջողություն: Անցյալ տարի Քնեսեթի հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանությունը»:

Եթե Հայոց ցեղասպանության ընդունումը դիտարկենք հրեա հանրության կողմից, ապա այն նոր չէ, որ ընդունվել է՝ ասում է  Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Սակայն չպետք է մոռանալ, որ  Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը ոչ թե հանրային կարծիքից է բխում, այլ քաղաքական որոշակի շահերից:

Քանի որ Իսրայելի արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ սերտորեն կապված է եղել Թուրքիայի, իսկ այժմ նաև Ադրբեջանի հետ, հասկանալի է դառնում Իսրայելի դիրքորոշումը և այս իմաստով Սուրեն Մանուկյանն ինքն էլ դրական սպասելիքներ չունի Իսրայելի կառավարության կողմից: Թե ինչու է Իսրայելը լռում՝ հետաքրքրվեցինք Իսրայելի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Ժորժետ Ավագյանից: «Ռադիոլուրի» հետ զրույցում նա մի քանի պատճառ մատնանշեց:

«Չեն ուզում, որ իրենց Հոլոքոստի արժեքը իջեցնեն: Իրենք կկարծեն, որ եթե հայերի ցեղասպանությունը ընդունեն, կնշանակի որ ուրիշներն էլ ունեին: Բացի այդ Իսրայելն իր հաշվներն ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Չեն ուզում, որ թուրքերը իրենցից նեղանան: Երրորդը՝ Իրանի հարցն է: Սակայն ժողովրդի 80 տոկոսը կողմ է, որ ցեղասպանությունը ճանաչվի: Կառավարությունն է դեմ»:

Այդուհանդերձ՝ Հայ դատը չի հանձնվում: Արդեն իսկ որոշակի ծրագրեր ունի, որոնք կօգնեն ևս մեկ անգամ բարձրացնել ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելում:

Մարդկությունը ամեն մի ցեղասպանությունից հետո ասում է՝ այլևս երբեք, բայց պատմությունը և իրականությունը ցույց են տալիս, որ նման ոճրագործությունները միևնույն է կրկնվում են՝ նկատում է ցեղասպանության թանգարանի փոխտնօրենը։ Միայն հիշողությունն է, որ մեզ թույլ է տալիս սերունդներ կրթել և միայն հիշողությունն է, որ օգնում է կանխարգելել նոր ոճրագործությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button