Մշակույթ

Հայ զինվորին ոգեշնչող երգերը օդ ու ջրի պես անհրաժեշտ են բանակին


Հայրենասիրական  երգը մոգական ուժ ունի բանակում, որի զորությանը ծանոթ էին մեր նախնիները դեռևս պատմության ամենավաղ ժամանակներում: Երգիչ Արթուր Իսպիրյանի ձևակերպմամբ՝ հայ զինվորին ոգեշնչող երգերն այսօր էլ օդի ու ջրի նման անհրաժեշտ են բանակում: Նման երգերով տարիներ շարունակ զինվորի կողքին է Մրոն՝ Արսեն Գրիգորյանը:

«Հռոմը գնում է կործանման, որովհետև երգիչները դադարել են դաստիարակել և միայն զվաճանում են»:

Գիտակցելով երգի, երաժշտության հսկայական ազդեցությունը մարդու հոգեբանության վրա, գրում էր հույն պատմաբան Լուկանիոսը դեռևս մեր թվարկության սկզբում: Այդ գիտակցությունը մեր  ազգային մշակույթը սնուցող երակն էր պատմության ավելի վաղ ժամանակներում: Հայրենասիրական երգի, անգամ պարի մոգական ուժը մեր նախնիներին բազմիցս տարել է աներևակայելի սխրանքների, որոնցով լի են մեր պատմության արյունոտ,   բայց միաժամանակ՝ հերոսական էջերը:

Հայրենասիրական, հատկապես  ռազմի երգերը ծնվել են հիմնականում օրհասական պահերին և մարտից առաջ  ուժ տվել մեր հայդուկին ու զինվորին: Այդ երգերը մեր ոգին սնուցող երակն էին  ինչպես արցախյան պատերազմի օրերին, այնպես էլ այսօր՝ շարունակվող պատերազմում: «Հայ զինվորին ոգեշնչելն այսօր էլ օդի ու ջրի նման անհրաժեշտ է»,-ասում է երգիչ Արթուր Իսպիրյանը:

Չկա ազգ  առանց բանակի, չկա բանակ՝ առանց ազգի, ազգ-բանակ գաղափարը հենց այսպես է ընկալում արվեստագետը, ում համոզմամբ  յուրաքանչյուրն այս երկրում իր գործն ունի բանակում , մեկը՝ զենքով, մյուսը՝ գրչով, մեկ ուրիշը՝ երգով: Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, մեկն է այն արվեստագետներից, ով իր երգով բանակի կողքին է անընդհատ: Հայրենասիրական երգի մասին խոսելիս նախ շեշտում է՝ այն զերծ է ժամանակակից կամ ոչ ժամանակակից լինելու սահմանափակումներից, հայրենասիրական երգը միշտ մեր մեջ է, եթե մեր մեջ չէ, ուրեմն ՝ մենք  չկանք:

«Ապրիլին մենք վերակերտեցինք անկախությունը` շնորհիվ մեր անկախության սերնդի: Փառահեղ սերունդ ունենք» ,-ասում է Մրոն: Ինչպես Արթուր Իսպիրյանը, նա էլ համոզված է, որ հայոց բանակում յուրաքանչյուր հայ իր առաքելությունն ունի, որովհետև այն  իսկապես ազգ-բանակ է:

Կեցցե հայ զինվորը, կեցցե հայոց բանակը, և ընդհանրապես՝ կեցցե հայ ազգը, որն ինչպես համոզված է Մրոն՝ հենց ինքը՝ հայոց բանակն է:

Ցուցադրել ավելի
Back to top button