Հասարակություն

Ապրիլյան պատերազմը որակապես փոխել է միջանձնային հարաբերությունները բանակում


Հայոց բանակն ու հաղթանակը հայ ժողովրդի առանցքային ձեռքբերումն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով բանակի օրվան՝ շեշտել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նա ներկայացրել է բանակի կազմավորման այն դժվարին ուղին, որ անցել է կառույցն իր ստեղծման առաջին օրերին՝ նշելով, որ առանց ժողովրդի բնական աջակցության անհնար կլիներ արդեն ընթացող պատերազմի ընթացքում ձեւավորել այդպիսի հզոր բանակ ու հասնել հաղթանակի: Բանակի տարեդարձին նվիրված օրվա քննարկումներում բանախոսներն անդրադարձել են ոչ միայն ձեռքբերումներին, այլ նաեւ այն թերություններին ու խնդիրներին, որոնք այսօր էլ դեռեւս առկա են բանակում եւ լուծման անհրաժեշտություն ունեն:

Խորհրդային բանակի կադրային սպա, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը 90 թվականին հրավիրվել է Հայաստան ու կանգնել բանակաշինության ակունքներում: Այն ժամանակ արդեն պարզ էր, որ պատերազմից խուսափելն անհնար է: Վաղարշակ Հարությունյանը ասուլիսի էր եկել 25 տարվա վաղեմության թերթերով եւ փաստաթղթերով՝ 91 թվականի նոյեմբերին անցկացված առաջին զորակոչից մինչեւ բանակի առաջին կառուցվածքի գծագիրը:

«Սկսվեց բանակի հիմնադրումը: Այն ժամանակ գործում էր դեռ Խորհրդային Միությունը եւ, բնական է, հնարավոր չէր ձեւավորել զինված ուժեր որեւէ մի կառույցից դուրս: 90 թ.-ի սեպտեմբերի 14-ին կառավարության որոշումով ՆԳ կազմում ձեւավորվեց հատուկ գունդը»:

Չկար սպայական կազմ: Ընդամենը բանակի 4 սպայով հիմնադրվեց կառույցը՝ օգտագործելով ՆԳ-ի հնարավորություններն ու սպաներին: Ապա միացվեցին ջոկատները, որոնք գտնվում էին Նոյեմբերյանից մինչեւ Մեղրի: Երբ կամավորական ջոկատներն էի ընդունում, օրինակ, Սիսիանի 57 հոգանոց ջոկատն ուներ ընդամենը 27 ավտոմատ: Այսպիսին էր պատկերը բոլոր ջոկատների դեպքում: Ամեն ինչ՝ կամավորական հիմունքների վրա: Ավելի ուշ միայն, համապատասխան կադրեր պատրաստելուց հետո, բանակի կազմում ընդունվում են նաեւ Հայաստանում տեղակայված խորհրդային զորամասերը: Այս ամենն ասում եմ, որպեսզի լավ պատկերացնեք, թե ինչից սկսեցինք եւ ինչի հասանք՝ շեշտեց պաշտպանության նախկին նախարարը:

Հերթական քայլը եղավ Պաշտպանության կոմիտեի ստեղծումը. «Դեկտեմբեր ամսին փլուզվեց Խորհրդային Միությունը, իսկ հունվարի 28-ին Վազգեն Սարգսյանի կողմից ստորագրվեց առաջին հրամանը Պաշտպանության նախարարության եւ դա համարվեց այսօրվա մեր բանակի օրը»:

Դժվարին ու լուրջ ճանապարհ ենք անցել: Քանակի եւ որակի մասին էլ խոսք չկա: Այսօր մենք չունենք նման խնդիրներ՝ ասաց պաշտպանության նախկին նախարարը: Այլ են այսօրվա խնդիրները:

Հիմնական մտահոգություններից մեկը խաղաղ պայմաններում՝ ոչ մարտական զոհերն են: Դրանք որոշ չափով միջանձնային հարաբերություններով են պայմանավորված: Այս եւ նման ցավալի խնդիրներին բանակի օրվան նվիրված այսօրվա ասուլիսում անդրադարձան նաեւ քաղաքագետ Արթուր Ղազարյանը եւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Հայաստանի օմբուդսմենին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության փորձագիտական խորհրդի անդամ Կարեն Հովհաննիսյանը նկատեց, որ ապրիլյան պատերազմից հետո բանակում միջանձնային հարաբերությունները որակապես փոխվել են.

«Ցանկացած բանակում կան խաղաղ պայմաններում՝ ոչ մարտական զոհեր: Կարող եմ շեշտել, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո, միջանձնային հարաբերությունները դրական դինամիկա են արդեն արձանագրում: Մասնավորապես ես մարտական դիրքերի մասին կարող եմ խոսել, որտեղ հաճախակի լինում եմ: Մարտական դիրքերում շատ կարեւոր է միջանձնային հարաբերությունների դրական ֆոնը, որն այժմ կա. այս 25 տարվա մեջ դրանք հասել են առավելագույն դրական բարձր մակարդակի: Կարող եմ ասել, որ դա բացառապես ապրիլյան պատերազմից հետո թիվ մեկ ձեռքբերումն է»:

Կարեն Հովհաննիսյանը նաեւ «Հայոց հզոր բանակ» ծրագրի ղեկավարն է: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ի հայտ եկած բազմաթիվ խնդիրների լուծմանն օժանդակելու նպատակով ֆեյսբուքյան այդ նախաձեռնությունը համախմբել է նաեւ արտերկրի շատ հայ օգտատերերի:

«Ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու դիրքապահ զինվորի անվտանգության եւ առողջության պայմանները: Մենք կարողանում ենք ձեռք բերել այն անհրաժեշտ նյութատեխնիկական սարքավորումները, որոնց մասին մեզ ասում է սահմանային զորամասերի հրամանատարական կազմը»:

Ծրագրի ղեկավարը վստահեցրեց, որ հաշվետու է խմբի անդամներին եւ հենց համացանցի փակ խմբում ներկայացնում է բոլոր փաստաթղթերն ու իրականացրած ծրագրերը՝ հավաքված գումարի եւ դրանց ծախսման մասին վկայող փաստաթղթեր ու նկարներ: Վստահություն կա, քանի որ մասնակից օգտատերերն էլ ավելացրել են իրենց ֆինանսական մասնակցության չափը՝ եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button