Վերլուծական

Վարչապետի ՌԴ այցի տնտեսական ու քաղաքական բաղադրիչները


Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այցը ՌԴ թեպետ ընդգծված տնտեսական բնույթ ուներ, այնուամենայնիվ, կար նաեւ քաղաքական բաղադրիչ՝ կարծում է քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը: Անդրադառնալով այցի տնտեսական բաղադրիչին՝ վերլուծաբանը կարծիք է հայտնել, որ գլխավորը ներդրումների ներգրավման խնդիրն էր: Հայաստանում նոր իրավիճակ եւ մթնոլորտ են փորձում ստեղծել թե՛ ներդրումների համար, թե՛ ընդհանուր առմամբ. տնտեսական մթնոլորտը փոխվելու է, այդ թվում նաեւ էլիտայում որոշակի փոփոխություններ են լինելու: Այս ազդակը հասցվեց Մոսկվա եւ այդ առումով, կարծես թե, եղել է երկոկղմ համաձայնություն՝ ձեւակերպել է վերլուծաբանը: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի գնահատմամբ՝ հաշվի առնելով, որ ավանդաբար Ռուսաստանը ամենամեծ ներդրողն է մեր երկրում, կան նաեւ քաղաքական-տնտեսական շահեր, լիովին իրատեսական կարելի է համարել հայ-ռուսական համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծմամբ ռուսական կապիտալի առավել մեծ ծավալի ներհոսքը:

 


10 տարվա ընթացքում առաջին անգամ էր, որ Հայաստանի վարչապետն այցելեց Մոսկվա պաշտոնական այցով: Սա արդեն ընդգծում է այդ այցի որոշակի բացառիկ բնույթը՝ նկատեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը: Բացի այդ, ըստ նրա. «Ընդգծում էր նաեւ այն նշանակությունը, որ թե՛ պաշտոնական Մոսկվան, թե՛ պաշտոնական Երեւանը տալիս էին այդ այցին եւ ընդգծում էին նաեւ, ես կարծում եմ, նոր անձի նշանակությունը, այսինքն՝ վարչապետի դերակատարումը այս ամբողջ պրոցեսում»:

Այցի տնտեսական մասով, ըստ Վիգեն Հակոբյանի, գլխավորը ներդրումների ներգրավման խնդիրն էր:

«Այն մեսիջը հասցնել, որ Հայաստանում նոր իրավիճակ եւ մթնոլորտ են փորձում ստեղծել թե՛ ներդրումների համար, թե՛ ընդհանուր առմամբ. տնտեսական մթնոլորտը փոխվելու է, այդ թվում նաեւ էլիտայում որոշակի փոփոխություններ են լինելու: Այս ազդակը հասցվեց Մոսկվա եւ, այդ առումով, կարծես թե, երկկողմ համաձայնություն եղել են»:

Պատմականորեն Ռուսաստանը Հայաստանում ամենամեծ օտարերկրյա ներդրողն է եւ քիչ չեն ռուսական ընկերությունները, որոնք բիզնեսներ են բացել Հայաստանում: Սա մեզ հետ զրույցում շեշտեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ հավելելով. «Հաշվի առնելով նաեւ քաղաքական-տնտեսական շահերը, որ այստեղ ազատ տնտեսական գոտի է ստեղծվում Իրանի հետ, ռուսական ներդրումների արտահոսք է նաեւ այլ երկրներից՝ սանկցիաների պատճառով, Հայաստանն էլ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, քաղաքական եւ տնտեսական առումով, նպատակահարմար լինի որոշ ներդրումներ Հայաստանում կատարել: Հայաստանը ավելի վստահելի եւ ավելի հարմար է: Քաղաքական շահն էլ կա՝ ներդրումներ կատարելով եւ տնտեսական ազդեցության լծակները ուժեղացնելով Հայաստանում, որոշակի նաեւ քաղաքական ազդեցություն ես ձեռք բերում: Իմ կարծիքով՝ այդ առումով իրատեսական կարելի է համարել»:

Վերլուծաբան Վիգեն Հակոբյանը նույնպես չի կարծում, որ համատեղ հայ-ռուսական ներդրումային ֆոնդի ստեղծումը կարող է օդում կախված հերթական մի գաղափար մնալ: Նա նույնպես նկատեց, որ դրա համար կլինեն միջպետական համաձայնագրով երաշխիքներ:

Վերլուծաբանը հետաքրքիր համարեց նաեւ Ռուսաստանաբնակ հայ գործարարների եւ Ռուսաստանի ձեռնարկատերերի եւ գործարարների հայտարարությունը, որտեղ, ըստ նրա, նույնպես քաղաքական ազդակներ կային՝ գործարարները, հավատալով Հայաստանի վարչապետի եւ նախագահի գլխավորությամբ ձեռնարկվող ջանքերին, համաձայնում են ներդրումային ծրագրերի մասնակցել: Վիգեն Հակոբյանն առանձնացրեց նաեւ գործարար Սամվել Կարապետյանի խոստում-հայտարարությունը՝ Հայաստանում մեծ ներդրումներ անելու մասին: Վերլուծաբանի խոսքով՝ այցի շրջանակում որպես արդեն կոնկրետ քայլ էր ներքին անձնագրերով փոխադարձ այցերի թույլատվության շուրջ համաձայնագիրը:

Խոսելով Հայաստանի բիզնես միջավայրի գրավչության մասին՝ Գագիկ Մակարյանը կարծիք հայտնեց, որ այն հիմա ավելի լավանում է, քանի որ կառավարությունը մեծ ջանքեր է ներդնում:

Վերադառնալով այցի քաղաքական բաղադրիչին եւ խոսելով, մասնավորապես, Կարեն Կարապետյանի այն հայտարարության մասին, որ էլիտան երկրի ֆասադն է, որից հասարակությունը դժգոհ է, եւ հետեւաբար պետք է փոփոխություններ լինեն՝   քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը այսպիսի կարծիք հայտնեց.

«Դա, ըստ էության, հստակ մեսիջ էր, որ այն, ինչին հիմա մենք ականատես ենք, այսինքն՝ որոշ օդիոզ դեմքերի, ժամանակին անձեռնմխելի թվացող եւ հզոր դեմքերի հեռացումը, նույնիսկ՝ հեռացումը, ըստ էության, իշխանությունից, դա կոնկրետ նախատեսված գործընթացի ինչ-որ էլեմենտներ են»:

Ցուցադրել ավելի
Back to top button