Հասարակություն

Նախընտրական շրջանում սոցցանցը կվերածվի մարտի դաշտի.Տիգրան Քոչարյան


Ապագա խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր, ավելի քան քիչ ժամանակ կուսակցություններին եւ քաղաքական գործիչներին կողմնորոշվելու համար՝ ո՞վ եւ ո՞ւմ հետ է  գնում ընտրապայքարի: Հարցադրումն ունի տրամաբանական շարունակություն՝  ի՞նչ PR տեխնոլոգիաներ են այս անգամ գործի դրվելու, քանի որ նախորդ մոտեցումները գուցե եւ հնացած են արդեն համացանցի հետ ընտրապայքարում: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը՝ ընտրություններից առաջ կանխատեսում է նոր անանուն օգտատերերի թվաքանակի ավելացում, որոնք համացանցը կվերածեն մարտի դաշտի:

 

2017 թվականը դժվար տարի է համարում տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը, մեկ պարզ պատճառով՝ նախընտրական պատասխանատու տարի է: Ըստ նրա՝ ներքին վտանգները պայմանավորված են լինելու Ադրբեջանի հետ հարաբերություններով ու ապրիլին նախատեսված ԱԺ ընտրություններով: Ուսումնասիրելով տեղեկատվական լրահոսը, որի հիմնական հատվածը տարբեր ձեւաչափերով տեղ է գտնում համացանցում, Տիգրան Քոչարյանը ընտրություններին ընդառաջ ֆեյքերի աննախադեպ ավելացում է կանխատեսում։ Այսինքն, տեղեկատվական պատերազմ է ընթանալու կուսակցությունների միջեւ: Ի տարբերություն նախորդների՝ այս ընտրություններում լինելու է հստակ մշակված համացանցային պայքար:

«Բավականին մեծ ներքին պայքար է գնալու, ու օգտագործվելու են ոչ միայն կեղծ հաշիվներ, այլեւ տեղեկատվական գրոհներ կայքերի վրա, facebook-ի հաշիվների վրա: Այն մարդիկ, որոնք չեն ուզում կորցնել իրենց հաշիվները, խորհուրդ կտայի կես կատակ կես լուրջ՝ ապրիլին facebook-ն անջատել, գնալ գործերով, հետո նոր վերադառնալ»:

Ադրբեջանական ֆեյքերից նախընտրական շրջանում նույնպես սպասելի են հարձակումներ, ու ըստ Քոչարյանի, չի բացառվում ադրբեջանական դիրքորոշումների համացանցային մասսայականացում՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, որն էլ գործիք կօգտագործեն կուսակցությունները իշխանությունների դեմ պայքարում: Այդ հարցում ադրբեջանական քարոզչամեքենային կօգնի նաեւ Ադրբեջանում գտնվող Վահան Մարտիրոսյանը՝ կարծում է Տիգրան Քոչարյանը:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը անձնական դիտարկումներ ունի համացանցի ազդեցության մասին։ «Ֆեյսբուքն» այսօր լայն տարածում ունի, բայց ոչ լուրջ հարթակ է քարոզարշավ իրականացնելու եւ ընտրազանգված կողմնորոշելու համար: Այդուամենայնիվ փորձագետը հստակ պատկերացնելու համար առաջարկում է կատարել գիտական ուսումնասիրություն:

Տիգրան Քոչարյանը համակարծիք լինելով՝ հավելում է՝ Ֆեյսբուքում ներկայացված չէ Հայաստանի ամբողջ բնակչությունը, մասնավորապես՝ ընտրազանգվածի հիմնական մասը, որն աշխատում է աշխատանքային խիստ ռեժիմով, հետեւաբար այն չի կարող լինել քարոզչամեքնա, բայց կարող է հանդիսանալ որպես տեղեկատվական օրակարգ ձեւավորող:

Արդեն այսօր ֆեյսբուքը դարձել է ներքաղաքական եւ նախընտրական ակտիվ քննարկումների թեմա։ Ու ինչքան էլ գրավիչ լինի Տիգրան Քոչարյանի՝ այս շրջանում ֆեյսբուքդ փակելու կեսկատակ կեսլուրջ խորհուրդը, սակայն նախընտրական ակտիվությունը կհետապնդի ամենուր։

Ցուցադրել ավելի
Back to top button