Հոգեբանները հրաժարվում են գնալ բանակ.Մարդու իրավունքների վիճակը ԶՈՒ-ում


2015-ի համեմատ 2016 թվականին ԶՈւ-ում խաղաղ պայմաններում զոհվածների թիվն աճել է: Կարծիք կա, որ այս հարցում իրավիճակ կարող է փոխել ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը: «Դա ենթադրում է լրացուցիչ սոցիալական եւ հարկային բեռ հասարակության համար»,-այսօր պարզաբանել է ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Հրաչյա Պալյանը փորձված զինվորական է:
Թեեւ զինված ուժերի տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար պնդում են, որ համակարգում մարդու իրավունքներից առաջնահերթն իրենց համար կյանքի իրավունքն է, բայց կրկնվող բազմաթիվ միջադեպերն ապացուցում են հակառակը՝ 2016թ-ին, երբ պատերազմական գործողություններ են եղել, բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի թիվն ավելացել է 2015-ի համեմատ:
Խիստ տարօրինակ է, որ դեպքերը կրկնվել են նույնիսկ ապրիլյան պատերազմից հետո, երբ հասարակության համախմբվածությունը խիստ բարձր էր: Հակասական այս պատկերը հասկանալու համար ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետը վկայակոչում է նախ՝ «հետպատերազմյան սինդրոմ» հասկացությունը, երբ սթրեսն ու լարվածությունն ինչ-որ տեղից պետք է դուրս գա եւ երկրորդը՝ ուսումնասիրության արդյունքները:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի համար վերոնշյալ բացատրություններն անբավարար են: Նա կասկածներ ունի, որ դեպքերի զգալի մասը տեղի է ունենում ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով: Նաեւ այս մասով է բացատրությունների կարիք զգում հասարակական վերահսկողը: Իրավապաշտպանն օրինակ է բերում երեկ Տավուշի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցած հերթական դժբախտ դեպքը:
Իրավապաշտպանը համաձայն է Ալիկ Ավետիսյանի միայն այն տեսակետի հետ, որ խնդրում կա սոցիալ-տնտեսական հիմք: «Նույնիսկ երեկվա դեպքով»,- ասում է ժաննա Ալեքսանյանը՝ տեսնում ենք, որ զոհերը հիմնականում սոցիալապես ծանր վիճակում են: Իրավապաշտպաններն ընդհանրապես այն կարծիքին են, որ բանակում ճգնաժամային, սթրեսային եւ ծանր հոգեկան վիճակներն ու բարդույթները հաղթահարելու գործում ավելի արդյունավետ կլիներ ոչ թե հոգեւորականների, այլ հոգեբանների աշխատանքը:
ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանն առաջարկին դեմ չէ, բայց բացահայտում է, թե ինչու հնարավոր չէ այն իրագործել:
Այս հարցը լուծելու համար համակարգում այժմ դիտարկվում է զինվորական հոգեբանական բաժին բացելու հնարավորությունը: Մարդու իրավունքներին շաղկապված խնդիրներին բանակում ավելանում է նաեւ հեռանկարի բացակայությունը, երբ սպաները՝ ընտրելով տվյալ մասնագիտությունը հետագայում հեռանում են համակարգից չունենալ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման եւ մասնագիտական առաջխաղացման շոշափելի հեռանկար: