Հասարակություն

Հայտագրումը կշարունակվի մինչեւ մարտի 15- ը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է «պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը»: Աշխատակարգի համաձայն` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում հունիսի 1-24-ը անցկացվելու են պետական ավարտական քննություններ։ 12-րդ դասարաններում պետական ավարտական քննություններն անցկացվելու են դեկտեմբերի 24-30-ը կամ  հունիսի 1-24-ը: Ավարտական դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին հանձնել է միայն այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

 

Ավարտական վեց քննությունների փոխարեն շրջանավարտներն այսուհետ կհանձնեն 3 քննություն՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» և «Հայ ժողովրդի պատմություն» առարկաներից: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված նոր կարգի համաձայն՝ շրջանավարտները ավարտական  քննությունները կարող են հանձնել ինչպես ավանդաբար հունիսին, այնպես էլ ավելի շուտ՝ դեկտեմբերին:  Նոր կարգով դեկտեմբերին անցկացվող պետական քննություններին չեն մասնակցում միայն այն շրջանավարտները, ովքեր տվյալ առարկաները շարունակելու են ուսումնասիրել նաև 2-րդ կիսամյակում:

Նույն կարգի համաձայն՝ շրջանավարտը կարող է չմասնակցել դեկտեմբերին անցկացվող պետական քննությանը և ավարտական քննությունները  հանձնել հունիսին: Շրջանավարտն ինքն է որոշում, թե երբ հանձնի պետական ավարտական քննությունները, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Արշակյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետո զրույցում նշեց, որ դիմորդները բուհական ընդունելությանը պատրաստվում են դեռ 10-րդ դասարանից: Պարզապես այս նոր կարգը օրինականացնում է  վաղուց արդեն  գոյություն ունեցող իրավիճակը.

«Վաղուց երեխաները 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում դասի չէին գնում: Սա ակնհայտ փաստ է: Այս նոր կարգով գոյություն ունեցող իրավիճակը իրավական հիմքի վրա է դրվում: Իսկ աշակերտին ասվում է, որ դու պետք է գաս դպրոց ոչ թե այլ առարկաներ սովորելու, այլ քեզ անհրաժեշտ առարկաները սովորելու»:

Անգամ այս դեպքում փորձագետը չի բացառում, որ կրկնուսույցի  մոտ պարապող շրջանավարտը կարող է նախընտրել կրկնուսույցի վճարովի ծառայությունը և նորից բացակայել 2-րդ կիսամյակում նույն առարկաների անվճար դասընթացներից:

Այսպիսով՝ ներկայացնելով դեկտեմբերին տեղի ունեցած քննություններին շրջանավարտների մասնակցությունը՝ ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը հայտնեց, որ «Հայոց լեզու և հայ գրականությունից»  քննություն է հանձնել 3568, «Մաթեմատիկայից»՝ 5046, իսկ «Հայոց պատմություն» առարկայից 8566 շրջանավարտ:

ԳԹԿ-ն առաջիկայում կներկայացնի նաև դեկտեմբերին անցկացված քննությունների արդյունքները: Ի դեպ՝ փետրվարի 1- ից էլ մեկնարկում է  պետական ավարտական և միասնական քննությունների հայտարարագրման գործընթացը։ ԳԹԿ- ն շրջանավարտներին հորդորում է չշտապել, հանգիստ կողմնորոշվել, քանի որ հայտագրումը շարունակվելու է մինչեւ մարտի 15- ը։

Ցուցադրել ավելի
Back to top button