Հասարակություն

Հայկական կայքերի ճատագիրը՝ Yandex լուրերում


Հունվարի 1-ից ՌԴ-ում շրջանառության մեջ է մտել համացանցային ագրեգատորների աշխատանքը կարգավորող օրենք: Առաջին հայացքից ՀՀ-ին չվերաբերող
իրավական ակտ, բայց վերջինիս ծանոթանալուց հետո պարզվում է, որ սահմանափակվում է հայկական ռուսալեզու կայքերի տարածումը Yandex լուրերի թոփ հնգյակում: Օրենքի հնարավոր ազդեցության եւ հետեւանքների մասին «Ռադիոլուրը» պարզաբանում է ստացել տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանից եւ քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանից:

Մինչ 2017 թվականի հունվարի 1-ը հայկական բոլոր կայքերի ռուսական բաժնի լուրերը հնարավորություն ունեին հայտնվելու «Յանդեքս» որոնողական կայքի լուրեր բաժնում, բայց այս տարվա սկզբից սահմանափակվել է ռուսական եւ ռուսալեզու այն կայքերի տարածումը, որոնք գրանցված չեն Ռոսկոմնադզորում: Իսկ այն, այսպես ասած, ինտերնետ տիրույթում չակերտավոր վերահսկում իրականացնողն է:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայկական կայքերի տարածման  հարցում լուրջ խոչընդոտներ չի տեսնում, քանի որ վերջիններս «Յանդեքսի» լուրերում քիչ վարկանիշ ունեն, քանի որ այս որոնողական համակարգից քիչ են օգտվում,  բնականաբար քիչ են հայտնվում թոփ հնգյակում: Իսկ Yandex-ը լուրը տեղադրում է՝ հիմք ընդունելով օգտատերերի կողմից կայքերի ու նյութերի նկատմամբ ունեցած վարկանիշը։ Խնդիրն այլ է այն կայքերի համար, օրինակ NewsArmenia.am-ի, որոնք գործունեություն են ծավալում նաեւ ՌԴ-ում եւ ունեին փաստացի հնարավորություն լինել Յանդեքս լուրերում: Այս դեպքում, ըստ օրենքի, նման կայքերը պետք է գրանցվեն Ռոսկոմնադզորում։

Yandex թոփ լուրերում հայկական կայքերի ընթերցվածության սահմանափակման  հավանական վտանգը փորձագետը տեսնում է ղարաբաղյան հակամարտության հնարավոր սրման պարագայում, բայց այն վերաբերելու է նաեւ ադրբեջանական կայքերին ու մենք հայտնվելու ենք հավասարազոր պայմաններում: Բայց այստեղ Սամվել Մարտիրոսյանը մեկ «բայց» ունի. ադրբեջանական վերնախավը հաճախ է պատվիրում նյութեր ռուսական ԶԼՄ-ներին եւ լրագրողներին իր տեսակետը մասսայականացնելու համար:

Ուղիղ չվերաբերող, բայց առնչվող այս որոշման մասին քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը, ով երկար տարիներ աշխատել է NewsArmenia կայքում, մտահոգություն ունի ՌԴ-ում բնակվող հայ համայնքի տեղեկացվածության մասին:

ՌԴ օրենքին ենթարկվող Yandex կայքի հետ փորձել են բանակցել հայկական որոշ կայքեր, սակայն պատասխանը եղել է այսպիսին. «Պատրաստ ենք համագործակցել օրենքի շրջանակում»:  Բայց քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է կազմում, արդյո՞ք որոշումը ընդունելուց հաշվի չի առնվել գործընկերներին, Հայկ Խալաթյանը պատասխանում է.«Փորձ արվեց սահմանափակել ուկրաինական կայքերի տարածմանը, բայց արդյունքում ստացվեց խոչընդոտել դաշնակից երկրների լրատվադաշտի աշխատանքը»:

Քաղաքական մեկնաբանը նշում է, որ վերջինս ազդեցությունը դեռ տեսնում են լրատվական կայքերը, ու նման որոշմանը դեմ լինելու հարցում պետք է շահագրգռված լիներ հենց օրենք ընդունող երկիրը՝ լրատվական տիրույթը չնեղացնելու համոզմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button