Տնտեսական

Կառավարության նիստում քննարկվել է Վերին Լարսի այլընտրանքային երթուղիների որոնումը


Կառավարության այսօրվա նիստն սկսվել է հանձնարարականներով: Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՌԴ պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն այսօր անմիջական արձագանքն են գտել կառավարության նիստում տրված հանձնարարականներով։ Կարեն Կարապետյանը պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար  կոնկրետ ժամկետներ  է մատնանշել: Օրակարգում ռուսական կապիտալի ներգրավումն  է Հայաստան, գրեթե ողջ տարին  փակվող Վերին Լարսի ավտոճանապարհի այլընտրանքային երթուղիների քննարկումն ու ոչ միայն:

 

 

Տասը տարվա ընթացքում առաջին պաշտոնական այցը ՌԴ: Ռազմավարական դաշնակից Ռուսաստանը  Հայաստանի կառավարության ղեկավարներից  շատերին էր ընդունել, Կարեն Կարապետյանը, սակայն, 2007թ հետո առաջին վարչապետն էր, ով պաշտոնական այցով էր այս երկրում: Պայմանավորվածություններ, գործնական հանդիպումներ ՌԴ-ում, արդեն հանձնարականներ ու կոնկրետ ժամկետներ՝  կառավարության այսօրվա նիստում:

Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկը կտրվի՝ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի անմիջական վերահսկողությամբ: Նախարար Սուրեն Կարայանը կառավարության ղեկավարին ամեն ամիս կզեկուցի կատարվող աշխատանքների մասին: Ավելին, նա  ակտիվ կաշխատի նաև Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավվածությունն ապահովելու ուղղությամբ:

Ռուս գործարարները շահագրգռված են, որպեսզի  Հայաստանում ներդրումներ կատարեն՝ Սուրեն Կարայանի վստահեցումն է: Հիշեցնենք, այցի շրջանակներում հայկական կողմն  առաջարկել է ՝ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնել:

Նախարարը  իրատեսական է համարում Ռուսաստանից 300 մլն դոլարի ներդրումների ներգրավումը: Հիմնականում հետաքրքրվածություն կա վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսական արտադրանքի, վերամշակման, հանքարդյունաբերության ոլորտներում՝ հստակեցրեց:

Օրակարգում է  Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածին  այլընտրանք գտնելու եւ այդ երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման հարցը: Վարչապետ Կարեն Կարապետյանը  ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին կոնկրետ ժամկետներ է նշում.«Ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»:

Լարսին այլընտրանք թեման պարբերաբար է քննարկվում, նախորդ կառավարությունում անգամ ուղիներն էին ասում՝ Հարավային Օսեթիա: Այս կառավարությունում դեռ հստակեցումներ չկան, հստակ է միայն վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը:

Մեկամսյա ժամկետում  պատրաստ կլինի նաև գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծը: Վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից կոնկրետ ժամկետներ է ակնկալում:

Հավելենք, որ կառավարության անդամներն այսօր վարչապետի այցի հետ  կապված որևէ գնահատական այդպես էլ չտվեցին:

Ցուցադրել ավելի
Back to top button